
«Հրեական հնեագրություններ»-ում հիշատակվում է նաեւ Հովհաննես Մկրտչի, ինչպես նաեւ Հակոբոս Տեառնեղբոր եւ Քրիստոսի մասին:
Բարեշնորհ սարկավագը ներկայացրեց նաեւ մի քանի այլ պատմիչների ու գործիչների (Տակիտոս, Ավետոնիոս, Պիլինիոս Կրտսեր եւ այլն), որոնց աշխատություններում վկայություններ կան քրիստոնյաների նոր-նոր ձևավորվող համայնքների և դրանց տարածման մասին:
Բանախոսն անդրադարձավ նաեւ Քրիստոսի անձեռակերտ պատկերին, որի մասին վկայություններ կան առաջին դարերի եկեղեցական գրողների, Բյուզանդիայի կայսերական պատմագիրների ու Ճենովայի Հանրապետության պատմաբանների աշխատություններում: Պատկերը, որ կոչվում է նաև Սուրբ վարշամակ, պահվում է Ճենովայի հայոց Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում։ Կան հավաստի տվյալներ, որ այն Փրկչի իրական պատկերն է: Վերջինիս ստեղծման պատմությունը հետեւյալն է. հայոց Աբգար թագավորը տառապում էր բորոտութամբ և հույս ուներ, որ կբուժվեր Պաղեստինում ապրող Փրկչից, եթե վերջինս իրենց այցելության գար: Համաձայն պատմիչների`նա Հիսուսի մոտ է ուղարկում մի փոքրիկ դեսպանություն, որի կազմում էր Անանիա նկարիչը: Երբ վերջինիս չհաջողվեց ձեռքով նկարել Հիսուսին, Տերը կտավը դրեց Իր դեմքին, եւ կտավի վրա երևաց Նրա անձեռակերտ պատկերը։
Հարեւան ազգերը Տիրոջ Սուրբ դեմքի` վարշամակի մասին իմացան դրա միջոցով կատարված բազմաթիվ հրաշքների շնորհիվ, թշնամու դեմ պատերազմի ժամանակ հաղթանակների վկայություններով։
«Այսպիսով պետք է նշել, որ Քրիստոսի մասին` ոչ քրիստոնյա հեղինակներից մեզ փոխանցված նյութերը որքան էլ արժեքավոր լինեն ու Քրիստոսի երկրային կյանքը հաստատեն, այդուհանդերձ քրիստոնյաներիս համար հիմք են ծառայում Քրիստոսի հետ անմիջական շփում ունեցած ավետարանիչների վկայությունները, որոնք եւ հիմք դարձան քրիստոնեության տարածմանն ու հաղթանակմանը: Եվ անհրաժեշտ է նշել, որ ոչ մի գիրք աշխարհում այնքան տարածում չի ունեցել, որքան Ավետարանը: Որպես ամփոփում այս ամենի` ավելացնենք, որ Ավետարանների նկատմամբ գոյություն ունեցող կասկածն ու թերահավատությունը չի կարող հիմնավորված լինել եւ դառնալ շահարկումների առարկա: Ավետարաններից է սնվում քրիստոնյա պատմագրությունը եւ շարունակում մնալ այն փարոսը, որով եւ առաջնորդվում ու իր կյանքի անբաժան մասն է դարձնում քրիստոնյա ժողովուրդը»,- եզրափակում է հոգեւորականը:
Հիշեցնենք, որ «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի ամենշաբաթյա հանդիպումների ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում մասնակցելու հետաքրքիր ու ամենատարբեր թեմաների քննարկումներին` ծանոթանալով այդ հարցերի շուրջ Հայ Առաքելական Եկեղեցու և քրիստոնեության դիրքորոշմանը:
Մարիամ Ավետիսյան


















































