
Մարզպետի մոտ ընդունելության համար նախապես գրացված 100-ից ավելի բնակիչներից այս անգամ Կապանի տարածաշրջանից մասնակցեցին 41-ը, որոնց մեծ մասին ցուցաբերվեց համապատասխան օգնություն: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով Սյունիքի մարզպետին դիմել էր 35 բնակիչ, աշխատանքի տեղավորման եւ առողջության հետ կապված հարցերով` 4 հոգի, մեկ բնակիչ տան նորոգման խնդրանքով էր եկել, եւս 2 քաղաքացի էլ` հաշմանդամության կարգ ստանալու խնդրով: Դրամական օգնության հարցով 35 դիմումներին տրվել է դրական լուծում, մյուսներն` ընթացքի մեջ են:
«Հիմնականում դիմում են սոցիալական հարցերով: Եթե համեմատելու լինենք, թե 1990թ.-ի հունվարի մեկի դրությամբ Կապանում ինչքան աշխատատեղ կար եւ այսօր ինչքան աշխատատեղ կա, ապա բնական է, որ այսպես էլ պետք է լիներ: 1990թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Կապանում մոտ 20 հազար աշխատատեղ կար եւ միութենական ենթկայության մոտ 12 գործարաններ էին աշխատում, այսօր դրանցից մեկն է մնացել` Կապանի կոմբինատը` «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը: Սոցիալական խնդիրը եւ գործազրկությունը Կապանում 1,8-1,9 անգամ ավելի բարձր է մյուս տարածաշրջաններից: Այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի Կապանում 150-200 նոր աշխատատեղ ստեղծվի կանանց համար», -նշեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետի փոխանցմամբ` աշխատանքներ են տարվում Կապանի տրիկոտաժի գործարանի վերագործարկման ուղղությամբ, պայմանավորվածություններ կան գործարանի տնօրենի հետ, բացի այդ հանրապետության իշխանությունների հետ են համաձայնություններ ձեռքբերվել ցածր տոկոսադրույքով վարկի տրամադրման համար, որպեսզի Կապանում կրկին գործարկվի տրիկոտաժի ֆաբրիկան: «Այնտեղ կան ունիկալ, շվեյցարական սարքավորումներ, տնօրինությունը ներկա դրությամբ աշխատում է արտադրանքի իրացման հարցերը կարգավորելու ուղղությամբ: Բացի այդ աշխատանքներ են տարվում նաեւ պահածոների գործարանը վերաբացելու համար»,- հավելեց պարոն Խաչատրյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































