Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում աշխատատեղերի խնդիրը լուրջ է, քայլեր են ձեռնարկվում տրիկոտաժի գործարանը վերաբացելու ուղղությամբ

Հոկտեմբեր 30,2012 18:36

Կապանում աշխատատեղերի բացակայության պատճառով գործազրկության հարցը շարունակում է համար առաջին լուրջ խնդիրը մնալ կապանցիների համար: Ամեն ամիս Սյունիքի մարզպետի մոտ նշանակված քաղաքացիների ընդունելության օրերին մարզի տարածաշրջաններից սոցիալական տարբեր հարցերով դիմողների ամենամեծ հոսքը հիմնականում Կապանից է: Այս անգամ նույնպես Սյունիքի մարզպետարանում հերթ էր գոյացել, բոլորն անհամբեր սպասում էին իրենց հերթին` մեկ րոպե շուտ իրենց խնդիրները ներկայացնելու  եւ աջակցություն ստանալու հույսով: Իսկ դիմող բնակիչները հիմնականում թոշակառուներ էին, հաշմանադամներ կամ ընտանիքում հաշմանադամ երեխա ունեցող բնակիչներ, զոհվածի այրիներ, մայրեր եւ այլ բնակիչներ:  Խնդիրները տարբեր էին` աշխատանքի տեղավորման, ֆինանսական աջակցության, բուժման ծախսերի օժանդակման եւ այլն: Մելանյա Մարգարյանը զոհվածի այրի է,  արդեն երրորդ անգամ է աշխատանքի տեղավորման խնդրանքով գալիս մարզպետի մոտ, հույս ունի, որ գոնե այս անգամ դրական պատասխան ստացած տուն կգնա:  «2 անգամ դիմել եմ արդեն աշխատանքի հարցով, մինչեւ հիմա անհույս սպասում եմ, ասել են, որ աշխատանք լինի` կտեղավորենք: 26 տարի  Արմենթելում` 1-07-ում եմ աշխատել, որից հետո առանց աշխատանքի եմ մնացել: Ընտանիքումս միայն մեկ տղաս է աշխատում, մենք էլ  7 շունչ ենք:  1992 թ.-ին ամուսինս` Մանուչարյան Վոլոդյան,  Արցախյան գոյամարտի ժամանակ է  զոհվել  Փելա սարում, 2 տարի անց էլ իր եղբայրն է  անհայտ կորել, հիմա ո’չ ես եմ աշխատում, ո’չ ել ամուսնուս եղբոր կինը, ոնց հասկանում եմ` մեր ընտանիքների մասին չեն մտածում», -ասաց տիկին Մելանյան:

Մարզպետի մոտ ընդունելության համար նախապես գրացված 100-ից ավելի բնակիչներից այս անգամ Կապանի տարածաշրջանից մասնակցեցին 41-ը, որոնց մեծ մասին ցուցաբերվեց համապատասխան օգնություն:   Դրամական օգնություն ստանալու խնդրանքով Սյունիքի մարզպետին դիմել էր 35 բնակիչ, աշխատանքի տեղավորման եւ առողջության հետ կապված հարցերով` 4 հոգի, մեկ բնակիչ  տան նորոգման խնդրանքով էր եկել, եւս 2 քաղաքացի էլ` հաշմանդամության կարգ ստանալու խնդրով:  Դրամական օգնության հարցով   35 դիմումներին  տրվել է դրական լուծում, մյուսներն` ընթացքի մեջ են:

«Հիմնականում դիմում են սոցիալական հարցերով: Եթե համեմատելու լինենք, թե 1990թ.-ի հունվարի մեկի դրությամբ Կապանում ինչքան աշխատատեղ կար եւ այսօր ինչքան աշխատատեղ կա, ապա բնական է, որ այսպես էլ պետք է լիներ: 1990թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Կապանում մոտ 20 հազար աշխատատեղ կար եւ միութենական ենթկայության մոտ 12 գործարաններ էին աշխատում, այսօր դրանցից մեկն է մնացել` Կապանի կոմբինատը` «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը: Սոցիալական խնդիրը եւ գործազրկությունը Կապանում 1,8-1,9 անգամ ավելի  բարձր է մյուս տարածաշրջաններից: Այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի Կապանում 150-200 նոր աշխատատեղ ստեղծվի կանանց համար», -նշեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետի փոխանցմամբ` աշխատանքներ են տարվում Կապանի տրիկոտաժի գործարանի վերագործարկման ուղղությամբ, պայմանավորվածություններ կան գործարանի տնօրենի հետ, բացի այդ հանրապետության իշխանությունների հետ են համաձայնություններ ձեռքբերվել ցածր տոկոսադրույքով վարկի տրամադրման համար, որպեսզի Կապանում կրկին գործարկվի տրիկոտաժի ֆաբրիկան: «Այնտեղ կան ունիկալ, շվեյցարական սարքավորումներ, տնօրինությունը ներկա դրությամբ աշխատում է արտադրանքի իրացման հարցերը կարգավորելու ուղղությամբ: Բացի այդ աշխատանքներ են տարվում նաեւ պահածոների գործարանը վերաբացելու համար»,- հավելեց պարոն Խաչատրյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031