Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետներ ունենք, որոնց կանանց միլիոններն ավելի շատ են

Մարտ 18,2016 15:00

Մարզպետների եւ նրանց կանանց հայտարարագրերը

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, որը պաշտոնը ստանձնել է 2014 թվականի մայիսի 8-ին, իր հաշվին ունի 10 միլիոն 400 հազար դրամ, 35 հազար դոլար եւ 15 հազար եվրո: Այս մասին տեղեկանում ենք պարոն Աբրահամյանի բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրից, որն Արարատի մարզպետը լրացրել է 2015 թվականին:

Պարոն մարզպետն այդ տարում ոչ գույք է ձեռք բերել, ոչ արժեթղթեր, ոչ էլ օտարել, համենայնդեպս՝ հայտարարագրում նման տվյալներ նշված չեն:

Հարկային տարում նրա եկամուտները կազմել են 5 միլիոն 873,479 դրամ: ՀՀԿ-ՀՅԴ համաձայնության արդյունքում այս տարվա մարտի 3-ին Արագածոտնի մարզպետ նշանակված Գաբրիել Գյոզալյանի ունեցվածքի մասին տեղեկությունն առայժմ հանրությանն անհասանելի է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում այս պաշտոնյայի հայտարարագիրը դեռեւս առկա չէր:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եկամուտներն անցյալ տարի կազմել են 6 միլիոն 290,236 դրամ: Արմավիրի մարզպետն իր հաշվին տարեսկզբին ունեցել է 21 միլիոն 340 հազար ՀՀ դրամ, սակայն տարեվերջին մարզպետի միջոցները 3 միլիոնով պակասել են՝ կազմելով 18 միլիոն 340 հազար դրամ: Այս մարզպետն էլ իր անունով ոչ գույք է ձեռք բերել, ոչ էլ վաճառել: Աշոտ Ղահրամանյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա հետ փոխկապակցված անձինք էլ չկան, որոնք պաշտոններ են զբաղեցնում:
Եթե պարոն Ղահրամանյանի հաշվին եղած գումարները պակասել են, ապա նրա տիկնոջ դրամական միջոցներն, ըստ հայտարարագրի, անցյալ տարեվերջին ավելացել են: Տարեսկզբին մարզպետի կնոջ միջոցները կազմել են 21 միլիոն 340 հազար դրամ, տարեվերջին՝ 22 միլիոն 130 հազար դրամ: Նրա եկամուտները 2015 թվականին կազմել են 1 միլիոն 179 հազար դրամ:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, որը պաշտոնավարում է 2012 թվականից, եկամուտներն անցյալ տարի կազմել են 6 միլիոն 106 հազար 718 դրամ: Այս մարզպետն իր հաշվին, համաձայն հայտարարագրի, անգամ մեկ լումա չունի: Ոչ էլ գույք է ձեռք բերել կամ օտարել: Ռաֆիկ Գրիգորյանն արժեթղթեր նույնպես չի գնել, ոչ էլ փոխառություն տվել կամ վերադարձրել:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ունեցվածքի մասին տեղեկությունը 2014 թվականի դրությամբ է, մարզպետն անցյալ տարվա հայտարարագիր չունի:

Երկու տարի առաջ պարոն Նալբանդյանն իր հաշվին ուներ 1 միլիոն 613 հազար 578 դրամ եւ 220 հազար 781 դոլար: Պարոն մարզպետի եկամուտները նշյալ տարում կազմել են 10 միլիոն 329 հազար 630 դրամ: Լոռու մարզպետի տիկնոջ հաշվին 2014 թվականի դրությամբ եղել է 6 միլիոն ՀՀ դրամ: Նրա եկամուտները կազմել են 819 հազար 960 դրամ:
Ըստ հայտարարագրի՝ ամենահարուստ մարզպետներից է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, որը Կոտայքի մարզպետ է 2015 թվականի ապրիլի 2-ից: Անցյալ տարվա դրությամբ նրա հաշվի գումարը կազմում է 1 միլիարդ 344 միլիոն 950 հազար դրամ: Կոտայքի մարզպետի եկամուտները տարվա ընթացքում կազմել են 5 միլիոն 637,647 դրամ: Կարապետ Գուլոյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2015-ին նա 700 հազար դրամ փոխառություն է հանձնել: Նրա տիկնոջ հաշվին եղած գումարը կազմում է 17 միլիոն դրամ եւ 44 հազար դոլար: Նշյալ տարում Կարապետ Գուլոյանի կինը ձեռք է բերել 14 միլիոն դրամ արժողությամբ հողատարածք: Ըստ հայտարարագրի՝ Կոտայքի մարզպետի կինն այդ տարում անշարժ գույք ձեռք չի բերել, չի էլ վաճառել:

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանն իր ունեցվածքի մասին հայտարարագիր դեռ չի ներկայացրել:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2015 թվականի սկզբին իր հաշվին 0 ՀՀ դրամ է ունեցել, տարեվերջին նրա հաշվի գումարը կազմել է 7 միլիոն դրամ: Տարեսկզբին Սյունիքի մարզպետի հաշվին եղել է 2 հազար 999 դոլար, տարեվերջին՝ 3 հազար 825 դոլար: Սուրիկ Խաչատրյանին անցյալ տարի, համաձայն նրա լրացրած հայտարարագրի, վերադարձրել են 1 միլիարդ 501 միլիոն դրամ փոխառություն:

Սյունիքի մարզպետի տարեկան եկամուտները աշխատավարձից կազմել են 5 միլիոն 977,400 դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից կամ այլ հատուցումից, ինչպես նշված է հայտարարագրում՝ 48 միլիոն 388 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից էլ պարոն Խաչատրյանի եկամուտները կազմել են 16 միլիոն 200 հազար դրամ:

Սյունիքի մարզպետի տիկնոջ եկամուտները նշյալ տարվա ընթացքում կազմել են 2 միլիոն 200 հազար դրամ:

Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հայտարարագրի համաձայն, նրա եկամուտները կազմել են 350 հազար դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից: Սուրիկ Խաչատրյանի հետ համատեղ ապրող մյուս որդին՝ Տրդատ Խաչատրյանը, նույնպես հայտարարագիր է ներկայացրել, սակայն այնտեղ որեւէ տվյալ նշված չէ:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի միակ եկամուտը աշխատանքի դիմաց վարձատրությունն է: Նրա եկամուտները անցյալ տարվա վերջի դրությամբ կազմել են 6 միլիոն 592, 476 ՀՀ դրամ: Ինչպես տեղեկանում ենք մարզպետի հայտարարագրից, նա 2015 թվականի ընթացքում իր հաշվին միջոցներ չի ունեցել, ոչ էլ գույք է գնել կամ վաճառել, փոխառություն տվել կամ հետ վերադարձրել: Վայոց ձորի մարզպետի տիկնոջ հաշվին նույնպես գումար չի եղել: Նրա հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ եկամուտները այդ տարում կազմել են 2 միլիոն 280 հազար դրամ:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն իր հայտարարագրում նշել է, որ 7 միլիոն 500 հազար դրամով ձեռք է բերել «TOYOTA LAND CRUISER» մակնիշի ավտոմեքենա:
Մարզպետի հայտարարագրով, որը վերջին անգամ պարոն Աբովյանը լրացրել է 2014-ին, նշված է, որ նա իր հաշվին ունի 40 միլիոն ՀՀ դրամ եւ 200 հազար ԱՄՆ դոլար: Տարեվերջին Տավուշի մարզպետի եկամուտները նվազել են՝ հաշվին մնալով 31 միլիոն 300 հազար եւ 110 հազար դոլար: Հովիկ Աբովյանի եկամուտները 2014-ին կազմել են 2 միլիոն 583 հազար 328 դրամ:

Տավուշի մարզպետի տիկնոջ ունեցվածքն, ըստ հայտարարագրի, տարեսկզբին կազմել է 135 միլիոն ՀՀ դրամ, որը տարեվերջին պակասել է՝ դառնալով 101 միլիոն դրամ: Նա իր հաշվին նաեւ ունի 400 հազար եվրո:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    տարոսը մեր Հայաստանին…

    անպայման հասնելու ենք այդտեղ
    թեկուզ դեռ շատ ժամանակ է հարկաւոր
    (գոնէ յիսուն տարի…)

    https://montrealgazette.com/news/local-news/high-ranking-liberals-including-nathalie-normandeau-arrested-by-upac-on-fraud-charges

    https://www.cbc.ca/news/canada/montreal/upac-arrests-list-1.3495338

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031