Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին անգամ չարչրկված թեմայի՝ արհեստական կուսաթաղանթների մասին

Նոյեմբեր 06,2012 19:35

Այս թեման, ցավոք, դարձել է ամենաքննարկվողներից մեկը, ինչը, իհարկե, անլուրջ է: Բազում առավել կարեւոր հարցեր կան, քան զուտ բիզնեսային շահեր հետապնդող արհեստական կուսաթաղանթը: Թեման ժամանակավրեպ է, քանի որ անցյալ տարվա դեկտեմբերին «Առավոտ» օրաթերթում անդրադարձել եմ այս հարցին՝ տալով մասնագիտական գնահատական եւ վերլուծություն: Երեւույթը նոր չէ, պարզապես որոշ լրատվամիջոցներ վերընթաց ու «շիկացած» ռեյտինգային սանդղակ ապահովելու եւ ինտրիգային նյութեր պատրաստելու նպատակով խիստ ուշացումով ու անտեղի քննարկում են այն, ինչը վաղուց արդեն արվել է: Նման անզգույշ եւ անուշադիր աշխատանքի արդյունքում մի ամբողջ հանրություն հայտնվում է լարվածության եւ ապատեղեկատվության մթնոլորտում:
Ընդհանրապես, նման թեմաների համառ եւ տեւական քննարկումը անցանկալի է եւ վտանգավոր, քանի որ արդյունքում մասնագիտական եւ սիրողական կարծիքները միախառնվում են՝ ստեղծելով քաոսային տհաճ իրավիճակ:
Ի վերջո, ցանկացած տեսակի հարաբերությունների ամրության գրավականը անկեղծությունն է, որը արհեստական «թաղանթներով» չի կառուցվում:
Սա հերթական միջոց է, որի օգնությանը՝ իբրեւ փրկարար օղակի, կդիմեն որոշակի կարծրատիպային մտածելակերպի կանայք: Բժշկական տեսակետից այն հուսալիություն եւ լրջություն չի ներշնչում, քանի որ ենթադրում է թատերական ունակությունների կիրառում: Անառողջ է հատկապես այն հանգամանքը, որ, մանրամասնելով «արտադրանքի» օգտագործման եղանակը, այն իրացնողը նաեւ հորդորում է դիմել խորամանկ քայլերի, քանի որ արհեստական կուսաթաղանթը տեղադրելուց 15-20 րոպե է պահանջվում տղամարդուն խաբելու համար. առաջարկում են ձգձգել սեռական հարաբերությունը, իսկ դրա ընթացքում՝ ապահովել ցավից տնքացող կնոջ կերպար՝ առավել համոզիչ թվալու համար: Այս ամենը հանգեցնում է սեռական հարաբերությունների ընթացքի վերահսկման, կեղծիքի եւ սահուն ու անկաշկանդ ընթացքի խեղաթյուրման՝ հետեւանք դառնալով մի շարք լուրջ սեռական խանգարումների, որոնց հետ հաճախ բախվում ենք:
Որպես երեւույթի ավելի լուրջ բացասական հետեւանք՝ կարելի է նշել այն, որ արդյունքում զգալիորեն կշատանա խաբված ամուսինների թիվը, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել միջանձնային հարաբերությունների խանգարմանը, սեքսուալ նեւրոզների առաջացմանը, ինչու չէ, հետագայում նաեւ՝ ամուսնալուծությունների շատացմանը: Ցանկացած տեսակի հարաբերությունների ամրության գրավականը անկեղծությունն է:
Հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը շատ կնճռոտ հարց է: Մարդիկ հաճախ չեն տարբերում «կուսություն» բարոյական հասկացությունը եւ «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ:
«Կույս» նշանակում է՝ չամուսնացած աղջիկ, իսկ Սբ. Գրքում գործածվում է իբրեւ ածական` մաքուր, անփորձ, ողջախոհ, ինչպես նաեւ «կույս» բառը նշանակում է անարատ աղջիկ, որ սեռական հարաբերություն չի ունեցել տղամարդու հետ, իսկ հոգեւոր տեսանկյունից նշանակում է կրոնավորուհի, որ ուխտել է միշտ կուսություն պահպանել, իր ամրոցը` մարմինը, անառիկ է պահում զորավոր թշնամուց, այդ պատճառով էլ մյուսներից ավելի մեծ պսակի է արժանանում:
Մինչ այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մտակաղապարի տեր մարդիկ, ովքեր խիստ պահում են այս սովորույթը, եւ հաճախ երիտասարդ զույգերի, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների սխալ տեղեկատվության եւ սեռակրթության բացակայության հետեւանքով ամուսնական առաջին գիշերը լինում է խիստ «ճակատագրական»: Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի մտահոգված  եւ հետաքրքրված են հարսնացուի կուսազրկմամբ, քան ամուսնական զույգը: Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում: Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության  եւ տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ սեռակրթության բացակայության դեպքում կրկնապատկվում է: Այն հիմնականում
պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) եւ զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով: Գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ  եւ առաձգականությամբ: Այդ է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության  եւ ցավային զգացողությունների:
Ընդհանրապես կուսաթաղանթի վերականգնման են դիմում նրանք, ովքեր վախենում են ապագա ամուսնու հետ խնդիրներ ունենալուց, վախենում են, որ նա կասի, թե կինը եղել է շատ տղամարդկանց հետ եւ այդ հիմքով նրան անընդհատ կվիրավորի ու, ի վերջո, իրենց տուն հարս չի տանի, այնինչ՝ ֆիզիոլոգիապես կանանց մի մասն ի ծնե կարող է կուսաթաղանթ չունենալ կամ ունենալու դեպքում էլ սեռական հարաբերությունից հետո այն կարող է չպատռվել: Ինչ վերաբերում է ամուսնական առաջին գիշերը սավանի վրա կուսաթաղանթի պատռման հետեւանքով առաջացած արյան առկայությանը, ապա նշենք, որ աղջիկների մի մասի մոտ արյուն չի լինում կամ էլ այնքան քիչ է լինում, որ չի հասնում սավանին: Պատճառն այն է, որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, այսինքն՝ առատ արյունահոսություն հազվադեպ է լինում: Հետեւաբար, ամենեւին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել:
Ի վերջո, սիրո եւ ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ, հատկապես՝ արհեստական:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ԵՊԲՀ Սեքսապաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսապաթոլոգ
«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930