Այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի բժշկական կենտրոնի անձնակազմին ներկայացրեց այս կառույցի տնօրենի նոր պաշտոնակատարին՝ Դավիթ Գևորգյանին։
Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում իր խոսքը սկսեց՝ Գյումրի բժշկական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արեմն Իսահակյանին հիշատակելով։
«Բոլորս ցավում ենք, որ մեր բժիշկ Իսահակյանն անժամանակ հեռացավ և իսկապես այսօր էլ՝ նշանակման ժամանակ էլ բոլորիս սրտում խորը ցավ կա, որ կորցրեցինք մեր բժշկին։
Կարդացեք նաև
Այսօր ներկայացրեցի մեր նոր տնօրենին․ պարոն Գևորգյանն աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նաև մասնակից է «Էմերջենսի» մեր նոր կրթական ծրագրին, շուտով կավարտի, սա ևս շատ կարևոր փորձառություն է, որը մենք գնահատում ենք։
Նա ծնունդով Շիրակից է, տեղափոխվել է Գյումրի ապրելու և կղեկավարի բժշկական կենտրոնը։
Սովորաբար մենք ունենում ենք նշանակում, որից հետո վեց ամսվա ընթացքում ունենում ենք մրցութային ընթացակարգ։
Կանցնի վեց ամիսը, օրենքի որոշակի փոփոխություններ ունենք մրցութային ընթացակարգում, դրանից հետո կդնենք մրցույթ, էլի ուրիշ մասնակիցներ կլինեն, կանցկացնենք մրցույթ»,- ասաց նախարարը։
Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Դավիթ Գևորգյանն էլ ասաց, որ այս պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ստացել է նախարարից, երկար քննարկում է ունեցել ընտանիքի՝ ծնողների, ընկերների հետ։
«Շատ երկար եմ մտածել, քանի որ 20 տարի է՝ Երևանում եմ ապրում, կայացել եմ որպես մասնագետ։ Բարդ էր որոշում կայացնելը, բայց հաշվի եմ առել Շիրակի աշխարհի՝ իմ ծննդավայր լինելը ու իմ պարտքը Շիրակ աշխարհին»։
Նա նշեց, որ անձնակազմին ծանոթ է, խնդիրներին դեռ չի հասցրել ծանոթանալ։
Ըստ նրա՝ իր համար կարևոր է, որ Շիրակի մարզի բնակիչները բուժում ստանան Գյումրի բժշկական կենտրոնում, այն դառնա մրցունակ Երևանի բուժհաստատությունների հետ։
Մեր հարցին՝ մտավախություն չունի՞ ձախողել 850 հոգանոց անձնակազմի կառավարումը, նորանշանակ պաշտոնակատարն ասաց՝ «Ոչ մի դեպքում, վստահ եմ, որ հաջողելու ենք ու դառնալու ենք մրցունակ Երևանի բուժկենտրոններին»։
Նա ասաց, որ աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնում՝ որպես վիրաբույժ և անհետաձգելի բուժօգնության վիրաբուժական ծառայության ղեկավար, ինֆեկցիոն հիվանդանոցում, ինչպես նաև կենտրոնական բժշկական հանձնաժողովում՝ որպես վիրաբույժ։
Դավիթ Գևորգյանն տեղեկացրեց, որ կուսակցական չէ։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն էլ կարևորեց Գյումրի բժշկական կենտրոնի անխափան աշխատանքը՝ նշելով, որ այս կառույցն առավել կարևոր է բոլոր կառույցներից՝ անգամ մարզպետարանից ու քաղաքապետարանից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































