
Ըստ նախարարի` կրթական որակ եւ կրթական ոլորտի կոռուպցիա հասկացությունները շաղկապված են հակադարձ համեմատականով: «Հետեւաբար, որքան ավելի բարձր որակի կրթություն մատուցենք մեր բուհերում, այնքան ցածր կլինեն կրթական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը»,-համոզված է նախարար Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը փաստում է, որ ոլորտի առաջնային խնդիրներից են նաեւ կրթության որակի, ինչպես նաեւ կրթական ծառայությունների մատչելիության հարցը: «Այսօր մեր բուհերում սովորելու համար ուսանողների զգալի մասը ստիպված է վճարել, եւ ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի այսօր նույն թեթեւությամբ կրել կրթական ծառայությունների դիմաց վճարման պարտականությունը:Պետության կողմից այս ասպարեզում նույնպես հստակ քաղաքական բանաձեւ է բարձրաձայնված` ըստ որի` ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չմնա բուհից»:
Նպատակին հասնելու համար այսուհետ կառավարության որոշմամբ փարոսում անապահովության սանդղակով համապատասխան միավորներ հավաքած ընտանիքների ուսանող երեխաները 2013 թվականի սեպտեմբերի մեկից հնարավորություն կունենան սովորելու 50-100% ուսման վարձի փոխհատուցման սկզբունքով: Բացի այդ` ներբուհական ուսման վարձերի զեղչերը դրվելու են կանոնակարգման օբյեկտիվ չափանիշների եւ հիմքերի վրա: «Պարզեցվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կանոնակարգվելու է բուհին վերապահված զեղչեր անելու իրավունքը, հստակ ամրագրվելու են եւ ընդլայնվելու են սոցիալական այն խավերը, այն ուսանողները, որոնց այդ զեղչը ֆիքսված չափով հասանելի կլինի, եւ այս գործընթացը նույնպես դառնալու է շատ թափանցիկ, շատ օբյեկտիվ, եւ կապված չի լինելու բուհի ղեկավարությունից կամ նախարարի բարեհաճ վերաբերմունքից »,-ասում է Արմեն Աշոտյանը:
Կարդացեք նաև
Սովորել ցանկացող ուսանողներին աջակցման համար նաեւ ուսանողական վարկեր են տրամադրվելու: «Ուսանողական վարկերի մեխանիզմ է մշակվում, որը կներդրվի մոտ ապագայում: Որակյալ կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն լավ սովորող ուսանողների համար: Սա աջակցություն է այն ուսանողներին, ովքեր ուզում են սովորել»,-եզրափակում է նախարարը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ


















































