Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Աշոտյան. «Որակյալ կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն լավ սովորող ուսանողների համար»

Նոյեմբեր 06,2012 23:13

Այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Լոռի կատարած այցելության շրջանակներում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գիտական խորհրդի հետ հանդիպման  ժամանակ, խոսելով  բարձրագույն կրթության ոլորտում տիրող կոռումպացվածության մասին, նշեց, որ կրթական ոլորտի կոռուպցիոն երեւույթների առկայության աստիճանը ոչ միայն հանրության, այլեւ  նախարարության հուզող խնդիրներից մեկն է: «Կան սկզբունքային հարցեր, որոնք մտահոգում են եւ մեզ, եւ  հանրությանը: Խնդիրներից մեկը  կրթական ոլորտի կոռուպցիոն երեւույթների առկայության աստիճանն է: Իհարկե, մի կողմից մեր բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ գերագնահատման խնդիր կա կրթական ոլորտի կոռուպցիայի հասարակական ընկալման մեջ, մյուս կողմից, սակայն, ակնհայտ  է, որ այդ երեւույթները կան, եւ նրանց նվազեցման արագությունը  մեզ նույնպես չի բավարարում»,-ասաց նախարարը:

Ըստ նախարարի` կրթական որակ եւ կրթական ոլորտի կոռուպցիա հասկացությունները շաղկապված են հակադարձ համեմատականով:  «Հետեւաբար, որքան ավելի բարձր որակի կրթություն մատուցենք մեր բուհերում, այնքան ցածր կլինեն կրթական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը»,-համոզված է նախարար Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը փաստում է, որ ոլորտի առաջնային խնդիրներից են նաեւ կրթության որակի, ինչպես նաեւ կրթական ծառայությունների մատչելիության հարցը: «Այսօր մեր բուհերում սովորելու համար ուսանողների զգալի մասը ստիպված է վճարել, եւ ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի այսօր նույն թեթեւությամբ  կրել կրթական ծառայությունների դիմաց վճարման պարտականությունը:Պետության կողմից այս ասպարեզում նույնպես հստակ քաղաքական բանաձեւ է բարձրաձայնված` ըստ որի` ոչ մի լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չմնա բուհից»:

Նպատակին հասնելու համար այսուհետ կառավարության որոշմամբ փարոսում անապահովության սանդղակով համապատասխան միավորներ հավաքած ընտանիքների ուսանող երեխաները 2013 թվականի սեպտեմբերի մեկից հնարավորություն կունենան սովորելու 50-100% ուսման վարձի փոխհատուցման սկզբունքով: Բացի այդ` ներբուհական ուսման վարձերի զեղչերը դրվելու են  կանոնակարգման օբյեկտիվ չափանիշների եւ հիմքերի վրա: «Պարզեցվում  է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կանոնակարգվելու է բուհին վերապահված զեղչեր անելու իրավունքը, հստակ ամրագրվելու են եւ ընդլայնվելու են սոցիալական այն խավերը, այն ուսանողները, որոնց այդ զեղչը ֆիքսված չափով հասանելի կլինի, եւ այս գործընթացը նույնպես դառնալու է շատ թափանցիկ, շատ օբյեկտիվ, եւ կապված չի լինելու բուհի ղեկավարությունից կամ նախարարի բարեհաճ վերաբերմունքից »,-ասում է Արմեն Աշոտյանը:

Սովորել ցանկացող ուսանողներին աջակցման համար նաեւ ուսանողական վարկեր են տրամադրվելու: «Ուսանողական վարկերի մեխանիզմ է մշակվում, որը կներդրվի մոտ ապագայում: Որակյալ կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն լավ սովորող ուսանողների համար: Սա աջակցություն է այն ուսանողներին, ովքեր ուզում են սովորել»,-եզրափակում է նախարարը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930