
«Հանրային լրագրությունը համախմբում է հանրային թղթակցությունը մեկ հարթակում»,-նշեց Սեդա Մուրադյանը: Նա կարծում է`հանրային լրագրության մեջ ապագա չկա, քանի որ այն ապրում է ներկայով: Ինչպես ՀԼԱ-ի համահիմնադիրը բնորոշեց` ներկան հենց ապագան է. «Ապագա կա, սակայն այդ ապագան այսօր մենք բոլորս ենք կերտում, եւ մեր քայլերն ուղղված են նրան, որ ներկա եւ ապագա հանրային թղթակցությունը լինի ավելի պատասխանատու եւ վստահելի:»:
Սեդա Մուրադյանը մեզ պատմեց նաեւ, որ իրենք հաճախ են այցելում մարզեր: Այցելություններից տպավորված էլ ասում է` հանրային լրագրությամբ ավելի շատ հետաքրքված են Լոռիում, Գյումրիում եւ Գեղարքունիքի մարզում:
Mynews.am կայքի համակարգող, հանրային թղթակից Արթուր Հարությունյանը մասնագիտությամբ լրագրող է: Ասում է` շատ պատահական է հայտնվել Mynews կայքում: Իր խոսքով, հանրային լրագրողը, ի տարբերություն լրագրողի, կարող է անդրադառնալ այնպիսի թեմաների, որին չի անդրադառնա լրատվական կայքի լրագրողը: Արթուրը համոզված է, որ հանրային լրագրող լինելու համար շատ բան հարկավոր չէ, ընդամենը պետք է մտահոգ լինել եւ ունենալ ցանկություն` որեւէ բան փոխելու համար: Նրանք հաճախ ներկայացնում են խնդիրներ, որոնք վրիպում են լրագրողների ուշադրությունից:
«Հաճախ մենք բարձրաձայնված խնդիրները ուղարկում ենք պատասխանատուներին, կամ մարդկանց, ովքեր իրավասու են դրանք լուծելու համար»,- ասաց Արթուրը:
Վերջին խնդիրը, որին անդրադարձել է նա, եղել է օրեր առաջ. կիրակի օրը, անցնելով Ա. Պուշկինի փողոցով, նկատել է` աղբը այնքան է լցված, որ մարդիկ իրենց աղբը եղածի կողքն են դնում: Այդ մասին, նա բարձրաձայնել է Mynews.am-ում եւ ակնկալում է, որ խնդիրը կլուծվի:
Արամ Արարատյան


















































