Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսրովի արգելոցը» կարող է «սեփականաշնորհվե՞լ» Հովիկ Աբրահամյանի կողմից

Դեկտեմբեր 12,2012 13:11

ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանի 335-Ա հրամանով 2012թ. դեկտեմբերի 10-ին Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը:

Նախկին պաշտոնակատար Գաբրիել Պողոսյանի նշանակումը մեծ դժգոհություն առաջացրեց բնապահպան-ակտիվիստների շրջանում: Այս փաստը հաշվի առնելով՝ Aravot.am-ը բնապահպան-ակտիվիստների հետ զրույցում հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունեն նորանշանակ պաշտոնակատարի և նախարարության քայլերի մասին:

Բնապահպան-ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Հնարավոր է, որ սա փորձ է մեկ ուրիշ մարդու նշանակման համար, քանի որ առանց նոր մրցույթ կազմակերպելու, նոր թեկնածուների հարցազրույցներ իրականացնելու, նախարարությունը ավելի շուտ նշանակեց ինչ-որ մարդու ժամանակավոր պաշտոնակատար, ինչն անհասկանալի է: Ինչքան ես եմ տեղյակ, նա նույնպես ինչ որ ծանոթությունների հաշվին է եկել: Ասեկոսներ կան, որ նա Հովիկ Աբրահամյանի ծանոթն է»:

«Թռչկան» և «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Մերի Խաչատրյանը նշեց, որ իրենք զարմացած են պաշտոնակատարի նշանակման փաստով և մանրամասնեց. «Դեկտեմբերի 10-ին մենք գրավոր դիմել ենք բնապահպանության նախարարին, որպեսզի անհապաղ նոր մրցույթ կազմակերպվի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար: Ու զարմացանք, որ նույն օրը նշանակվեց պաշտոնակատար: Նշվում է, որ նախարարությունը ղեկավարվել է աշխատանքային օրենսգրքով, հիմք է ընդունել Հրաչյա Հովհաննիսյան անձնական դիմումը: Նշանակում է, որ ցանկացած ոք կարող էր բնապահպանության նախարարին դիմում ներկայացնել և ժամանակավորապես նշանակվել, մինչև մրցույթ հայտարարվի: Ներքին խոհանոցում չգիտեմ ինչեր են կազմակերպվում, բայց մենք այդ անձի մասին ինֆորմացիա կհավաքենք: Մի կարևոր հանգամանք կա: Նա 1994-2004-ին զբաղեցրել է «Հայանտառ» ձեռնարկության ղեկավար պաշտոններ: Իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի անտառներն այդ ժամանակ լավ բնաջնջվել են: Տեղեկություններ էլ կան, որ նա Հովիկ Աբրահամյանի թիմակիցներից է: Արդեն երևում է, որ Հովիկ Աբրահամյանը միջամտում է Խոսրովի անտառի ղեկավար պաշտոնների նշանակման հարցում: Մտավախություն ունենք, որ «Խոսրովի արգելոցը» կարող է «սեփականաշնորհվել» ԱԺ նախագահի կողմից: Հրաչյա Հովհաննիսյանի տվյալների մեջ գրված է, որ նա բնապահպանության ոլորտում լավ փորձ ունի, բայց արձանագրելով ՀՀ-ի այսօրվա վիճակը՝ Հրաչյա Հովհաննիսյանի անձը կասկածանքներ է առաջացնում: Մենք պատրաստվում ենք քայլեր ձեռնարկել: Սրանով բնապահպանության նախարարը թող չփորձի մեզ լռեցնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31