Լրահոս
Օրվա լրահոսը

Աբխազական երկաթուղու հարցը կքննարկվի, բայց՝ ինչ-որ բանի դիմաց

Դեկտեմբեր 15,2012 14:03

Խնդիրը ռուս-վրացական բանակցություններում «գնի» մեջ է

Նոյեմբերի վերջին Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտնեց, որ Վրաստանի կառավարությունն օրակարգից հանում է Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը. «Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը փակվել է այն բանից հետո, ինչ աբխազական կողմը հետաքրքրություն չի ցուցաբերել դրա նկատմամբ: Ավելին, աբխազներն ընդգծել են, որ դա չի բխում իրենց շահերից: Դրա համար էլ վերջ տրվեց այդ գաղափարին»: Զաքարեիշվիլիի հայտարարությունից մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 25-ին, Աբխազիայի ԱԳ նախարար Վյաչեսլավ Չիրիկբան ասել էր, որ Աբխազիան շահագրգռված է Թուրքիայի հետ ծովային ու օդային ուղիղ հաղորդակցության հաստատման մեջ:

Թե վրաց-ռուսական երկաթուղու վերաբացմամբ որքան է շահագրգռված Հայաստանը եւ ինչ կշահեր դրանից՝ բոլորին է հայտնի։ Այսօր, սակայն, վրաց-ռուսական երկաթուղու ճակատագիրը ոչ միայն անորոշ է, այլեւ Հայաստանի իշխանությունների կողմից ռուսական կողմին ուղղված կոչեր չեն հնչում: Մինչդեռ հայկական կողմից ռազմավարական դաշնակցի նկատմամբ պահանջներ ներկայացնելը թերեւս այնքան էլ չէր խանգարի այդ գործընթացին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին ռուսաստանյան «Կոմերսանտը» գրեց, որ վրացական իշխանությունները պատրաստ են «Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության» շրջանակներում վերականգնել ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցությունը: «Երկաթուղու վերականգնումը կօգնի փախստականների վերադարձին եւ, ընդհանուր առմամբ, խնդրի լուծմանը: Բացի այդ, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը նպաստելու է Աբխազիայի տնտեսական զարգացմանը: Որքան շատ Վրաստանի մասնակցությամբ նախագծեր իրականացվեն Աբխազիայում, այնքան մեծ կլինեն հակամարտության կարգավորման հնարավորությունները: Այդ մոտեցումն Աբխազիայի ապամեկուսացման հարցում մեր ռազմավարության մասնիկն է: Չպետք է թույլ տալ, որ Աբխազիան տնտեսական ու տրանսպորտային առումով կապված լինի միայն Ռուսաստանի հետ: Եթե մենք ուղղությունը բացենք մեր ուղղությամբ էլ, ապա Աբխազիան կունենա այլընտրանք: Այդ երկաթուղուց կարող են օգտվել բոլորը՝ Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը: Դրանով իսկ կմեծանա մեր երկրի տրանսպորտային զարկերակի դերն ու նրա աշխարհաքաղաքական նշանակությունը. բեռները կփոխադրվեն ոչ միայն արեւելք-արեւմուտք, այլեւ հյուսիս-հարավ ուղղությամբ»,- նշել էր Պ. Զաքարեիշվիլին՝ հավելելով, որ պետք է բացառել քաղաքական ենթատեքստը եւ խնդիրը դիտարկել բացառապես տնտեսական պլանում:

«Առավոտ»-ի հետ զրույցում Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար, «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը (ձախից) շեշտեց, որ այս հարցը Ռուսաստանն ու Վրաստանը թողել են «առեւտրի» համար, եւ դժվար է ասել, թե այն ինչ լուծում կստանա: «Կարծում եմ, որ դռները դեռ վերջնականապես փակված չեն, եւ ամեն ինչ կախված է լինելու ռուս-վրացական բանակցություններից։ Հայտնի է, որ արդեն իսկ մեկնարկում են ռուս-վրացական ոչ ֆորմալ բանակցությունները, եւ հուսով եմ, որ դրանք շարունակություն կունենան։ Ռուսական կողմի դեպքում անտրամաբանական կլիներ, եթե հենց այնպես խաղաքարտերը ցույց տար։ Վրաց-աբխազական երկաթուղու հարցը մոտ ապագայում կքննարկվի, բայց՝ ինչ-որ բանի դիմաց, խնդիրը երկու կողմերի համար էլ «գնի» մեջ է՝ կողմերից ո՞րը ավելի շատ կզիջի, կամ ո՞ր հարցերում է պատրաստ զիջել. սա է ամենագլխավոր հարցը՝ հասկանալու համար, թե միջպետական հարաբերությունները մինչեւ ինչ աստիճանի կարող են խորանալ ապագայում»,- նշեց Առնոլդ Ստեփանյանը:

Մեր զրուցակիցը, սակայն, կարծում է, որ վրաց-աբխազական երկաթուղու վերաբացումը բարդ խնդիր է ոչ միայն աբխազական կողմի համար՝ ռուսական կողմից, այլեւ Վրաստանի դեպքում. «Այդ նախաձեռնության մասին ոչ ֆորմալ հայտարարությունից հետո, երբ ասվեց, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության շրջանակներում վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը, ընդհանուր առմամբ հասարակական կարծիքը Վրաստանի ներսում դրական չէր։ Կարծում եմ՝ խոսել այդ մասին ավելի բարդ կլինի Վրաստանի իշխանությունների համար, որովհետեւ առաջինը՝ դա հասարակական կարծիքի գործոնն է Վրաստանի ներսում, որը չի աջակցում այս գաղափարը, եւ երկրորդը՝ Ռուսաստանի ցանկությունն է «առեւտուր» անել այս հարցում»,- նկատեց Առնոլդ Ստեփանյանը։

Իսկ վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ, Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վրաց-աբխազական երկաթուղու նշանակությանը Հայաստանի համար՝ նկատեց, որ նախ այն «խորհրդանշական» նշանակություն ունի, քանի որ ճանապարհը չի գործում 1992-ից ի վեր, եւ քսան տարիների ընթացքում Մոսկվան եւ Երեւանը ընտելացել են շփվել առանց այդ երկաթուղու: «Այսինքն՝ Հայաստանի համար չի կարելի ասել, որ դա խիստ մեծ նշանակություն ունի, մինչդեռ խորհրդանշական տեսանկյունից՝ այո՛, որովհետեւ գործելու դեպքում Հայաստանի մեկուսացումը կմեղմվի: Սակայն պետք է դիտարկել հարցը, թե ինչպես այդ գաղափարը կընդունի Ադրբեջանը, իսկ այնտեղ դրան բավական թերահավատորեն են մոտենում, քանի որ Ադրբեջանի քաղաքական նպատակներից մեկը Հայաստանը մեկուսացնելն է»:

«Առավոտ»-ի հարցին՝ իսկ ՌԴ-ին շահեկան կլինի՞ աբխազական երկաթուղու վերաբացումը, ռուս քաղաքագետը պատասխանեց. «Մոսկվան կարող էր հետաքրքրված լինել, քանի որ ՌԴ-ի մասնակցությունը Վրաստանի տնտեսական ոլորտում կարող էր լրացուցիչ գործոն դառնալ, բայց կա Աբխազիայի հանգամանքը: Վրաստանը համակրող քչերին է միայն թվում, որ Աբխազիայում մարիոնետներ են, դա այդպես չէ: Աբխազների համար երկաթուղին նախեւառաջ վրացական բնակչության վերադարձի հարցն է Աբխազիա, իսկ սա առանցքային խնդիր է, ինչպես մաթեմատիկայում է ընդունված ասել՝ երկուսը գրում ես, երկուսը մտքումդ պահում, այդպես էլ աբխազների համար մշտապես վրացական փախստականների հարցն է մտքում, այդ իսկ պատճառով այնտեղ քաղաքական-հասարակական շրջանակները բավական թերահավատորեն են մոտենում, որ նման ճանապարհը կարող է գործել: Մոսկվան պետք է աբխազների հետ այս հարցը լուծի, իսկ դա այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ յուրաքանչյուր աբխազ քաղաքական գործիչ պետք է այս հարցում հաշվետու լինի ժողովրդին, իսկ դա նրանց ժողովրդականություն չի ապահովի։ Ակնհայտ է, որ կա խնդիր, եւ Մոսկվան այս ուղղությամբ պետք է աշխատանք տանի, բայց ինչպես աշխատել՝ կա՞ն լրացուցիչ պայմաններ դրա համար, չկան…»,- ասաց մեր զրուցակիցը:

Մարկեդոնովը կարծում է, որ պետք չէ շտապել այս հարցում, երկաթուղու վերաբացումը մոտ ապագայի հարց չէ, քանի որ Վրաստանի նոր կառավարությունը պետք է աշխատի վստահություն ձեռք բերել Մոսկվայի նկատմամբ, եւ երկրորդը՝ դեռ մնում է Սաակաշվիլիի խնդիրը: «Նա հայտարարեց, թե ընդդիմություն է, բայց մեկնում է Բրյուսել, եվրոպական երկրներ ու քննադատում Վրաստանի կառավարությանը… Նա դեռ Վրաստանի նախագահն է, սա չպետք է մոռանալ, թեեւ նրա ազդեցությունը փոխվել է: Մոսկվայի համար սա նույնպես խնդիր է, այսինքն՝ կողմերը դեռ միմյանց են ուսումնասիրում: Վրաստանի նոր կառավարության այդ նախաձեռնությունը հիմա որպես նորություն ընկալվեց, սակայն 2003թ. մարտին Վլադիմիր Պուտինը եւ Շեւարդնաձեն ստորագրեցին Սոչիի հռչակագիրը, որի կետերից մեկը հենց ճանապարհների բացումն էր: Նույնիսկ այն ժամանակ, երբ «վարդերի» հեղափոխությունը տեղի ունեցավ, Մոսկվան ու Թբիլիսին շարունակում էին ճանապարհների ապաշրջափակման շուրջ քաղաքականությունը, անգամ Սաակաշվիլին իշխանավարման առաջին օրերին ՌԴ-ի հետ հարաբերությունների նոր էջ սկսելու կոչերով էր հանդես գալիս: Բայց ինչո՞վ դա ավարտվեց… Վրացական ազգային քաղաքականությանը մշտապես բնորոշ է եղել բազմաթիվ բաներ հայտարարելը, հետո հիասթափվելն ու շրջվելը դրանից 180 աստիճանով…»,- պարզաբանեց Մարկեդոնովը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31