Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրանսպորտում ասեղ գցելու տեղ չկար, բայց շան տեղ կար» (Տեսանյութ)

Ապրիլ 04,2013 14:58

Չնայած Հայաստանը գնում է դեպի եվրաինտեգրում, բայց ներկայումս դեռ կան երևույթներ, որ զարմանք են առաջացնում և այդքան էլ ընդունելի չեն: Եվ եթե Եվրոպայում շունը համարվում է ընտանիքի անդամ, ապա Հայաստանում նա պարզապես կենդանի է, որը նույնիսկ կարող է վնաս տալ:

Տրանսպորտը լեփ-լեցուն էր, երբ հանկարծակի «Գազելը» կանգնեց և բարձրացավ մի երիտասարդ և կանչեց. «Գերման բարձրացիր»: Գերմանը, ի զարմանս ուղևորների, իր չափսերով աչքի ընկնող շուն էր: Եվ հանկարծակի խուճապ սկսվեց ուղևորների մոտ, հատկապես նրանց, ովքեր առանձնակի կերպով վախենում են շներից: Սակայն ի տարբերություն մարդկանց՝ շունը շատ հանգիստ էր, բարձրացավ, տեղավորվեց, հայացքն ուղղեց դեպի պատուհանը և շարունակեց իր ճանապարհը` անմիջապես երևում էր, որ Գերմանը սովոր էր այդպիսի ուղևորությունների:

Գերմանի տիրոջ խոսքերով՝ շունը ընդունակ չէ որևէ մեկին վնաս տալ. «Եթե իմանայի, որ ինչ-որ մեկին վտանգ կսպառնա, նման բան չէի անի: Ես պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»:

Չնայած այս խոսքերին, ուղևորներից շատերը, միևնույն է, չփոխեցին իրենց վերաբերմունքը և ընթացքում Գերմանի ամեն շարժումը ուղեկցվում էր «վա~յ մամա ջան» կամ վախն արտահայտող այլ բացականչություններով: Եվ «Գազելի» ծայրահեղ լիքը լինելու փաստը հուշում էր միայն մի բան` «փախչելու տեղ չկա»:

Կային նաև ուղևորներ, ովքեր ժպիտով ընդունեցին փաստը, շոյեցին շանը և տարբեր հարցեր էին տալիս տիրոջը, որի ընթացքում էլ պարզվեց, որ Գերմանը ճանապարհորդել է տարբեր տեղեր և նրա համար տրանսպորտով գնալը խաղ ու պար է:

«Տարբեր տեղեր ենք եղել և ամեն անգամ օգտվել ենք տրանսպորտային միջոցներից: Գերմանիայում, Ռուսաստանում, երբ շանս հետ տրանսպորտ էի նստում, մարդիկ ուրախանում էին և սովորական էին ընդունում: Միայն Հայաստանում է, որ այսպիսի արձագանքներ ենք ստանում»,-ասաց տերը:

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Լուսանկարը՝ https://zyalt.livejournal.com-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930