

Այդ մասին տեղեկացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը արտագնա դատական նիստի ժամանակ, որն ընթանում է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Նախագահը նաեւ հրապարակեց հայցադիմումն ամբողջությամբ, համաձայն որի՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչությունում քննված Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ Վազգեն Խաչիկյանը 2005թ. հունվարի 14-ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 17-ը, աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր կողմից վերահսկել է կենսաթոշակառուների կասեցված կենսաթոշակի վճարումը եւ առանձին ծրագրերի վարչությանը ներկայացված դիմումների հիման վրա կուտակված կենսաթոշակների գումարները (դեպոնենտ) վճարային ծառայության մի շարք պաշտոնատար պատասխանատու անձանց միջոցով, կազմակեպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական կեղծիք կատարելու, կեղծ դիմումներ պատրաստելու, կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի գումար: Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետբյուջե վերականգնման ենթակա 29 միլիոն ՀՀ դրամը:
Այսօր դատարանում վկայություն տվեցին 10 վկաներ, որոնցից մի քանիսի հարազատները մահացել էին, սակայն նրանք «ստացել» էին իրենց կենսաթոշակները , իսկ մի մասն էլ բացակայել էր հանրապետությունից, դարձյալ այս գործի շրջանակներում են իմացել իրենց կենսաթոշակների ճակատագրի մասին:
Կարդացեք նաև
Դատարան ներկայացած 10 վկաներից եւ որեւէ մեկը չճանաչեց ամբաստանյալներին:
Վկա Արմեն Թովմասյանը հայտնեց, որ իր մորաքրոջ ամուսին՝ Գրիգոր Բաղդասարյանը, որը 2002-ին մեկնել է Միացյալ Նահանգներ, ստացել է կենսաթոշակ: Սակայն թե ով է ստացել՝ վկան տեղյակ չէր: Միայն ասաց, որ մորաքրոջ ամուսինը եթե լիազորեր, կարող էր լիազորել իրեն, քանի որ նա Հայաստանում իրենից բացի ոչ ոք չի ունեցել:
Վկա Սուսաննա Աբրամովան իր մորաքրոջ ամուսնու՝ Սերգեյ Մաթեւոսյանի մասին հայտնեց, որ նա Հայաստանից մեկնել է Ռուսաստան, այնտեղ էլ մահացել: Նա վերջին անգամ իր թոշակը ստացել է 2000-ին: Սակայն պարզվել է, որ նա դարձյալ՝ 2007թ. մահվանից հետո էլ գումար է ստացել:
Վկա Նարինե Մելքոնյանը, որի ծնողները Ռուսաստան էին մեկնել 2000-ին, տեղեկացել է, որ 2004թ. մահացած հոր անունով մինչեւ 2007թ. գումար է դուրս գրվել: Ինքը ունեցել է լիազորագիր, սակայն երբ գնացել է Շենգավիթի տարածքային բաժին, այնտեղ ասել են, որ այդ լիազորագիրը «չի անցնի»: Քանի որ վկան ուզում էր իմանալ, թե ինքը լիազորագրով կարո՞ղ է ստանալ մոր գումարը, հարկ եղավ դիմել անգամ կալանավոր Վազգեն Խաչիկյանին: Վերջինս ասաց, որ վկան չի կարող ստանալ, լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի որեւէ նոտարական գրասենյակի կողմից: Վկան այնքան ոգեւորվեց, որ սկսեց իրավական խորհրդատվություն ստանալ այլ հարցերի շուրջ եւս: Դատարանը ընդհատեց վկային՝ համարելով նրա վկայությունն ավարտված:
Ի դեպ, 10 վկաներից եւ որեւէ մեկի հարցաքննության ժամանակ դատավորը չդիմեց նրանց, թե արդյոք կուզե՞ն իրենց ներկայացուցչի՝ փաստաբանի վկայությամբ ցուցմունք տալ: Այսօր շատ քիչ վկաներ գիտեն, որ իրենք կարող են ունենալ իրենց ներկայացուցիչ փաստաբանը դատարանում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































