Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությունը Խաչիկյանի գործով հայց է ներկայացնում

Ապրիլ 11,2013 17:17

xachikyan2 xachikyan3Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանից եւ նրա գործով մյուս կալանավորներ Աշոտ Աբրահամյանից, Հովհաննես Գրիգորյանից, Վահագն Խաչատրյանից, Սամվել Էլբակյանից, Հովհաննես Հովհաննիսյանից, Սարգիս Սարգսյանից, Արթուր Սուքիասյանից, Համլետ Մարտիրոսյանից, Վիգեն Գեւորգյանից, Հրանուշ Դանիելյանից, Բագրատ Մուրադյանից եւ Արմեն Խաչատրյանից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի 267.583.336 դրամ բռնագանձելու պահանջի մասին հայցով եւ խնդրել էր այն քննել քրեական գործի հետ միասին:

Այդ մասին տեղեկացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը արտագնա դատական նիստի ժամանակ, որն ընթանում է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Նախագահը նաեւ հրապարակեց հայցադիմումն ամբողջությամբ, համաձայն որի՝  ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչությունում քննված Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ Վազգեն Խաչիկյանը 2005թ. հունվարի 14-ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 17-ը, աշխատելով  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր կողմից վերահսկել է կենսաթոշակառուների կասեցված կենսաթոշակի վճարումը եւ առանձին ծրագրերի վարչությանը ներկայացված դիմումների հիման վրա կուտակված կենսաթոշակների գումարները (դեպոնենտ) վճարային ծառայության մի շարք պաշտոնատար պատասխանատու անձանց միջոցով, կազմակեպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական կեղծիք կատարելու, կեղծ դիմումներ պատրաստելու, կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի գումար: Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետբյուջե վերականգնման ենթակա 29 միլիոն ՀՀ դրամը:

Այսօր դատարանում վկայություն տվեցին 10 վկաներ, որոնցից մի քանիսի հարազատները մահացել էին, սակայն նրանք «ստացել» էին իրենց կենսաթոշակները , իսկ մի մասն էլ բացակայել էր հանրապետությունից, դարձյալ այս գործի շրջանակներում են իմացել իրենց կենսաթոշակների ճակատագրի մասին:

Դատարան ներկայացած 10 վկաներից եւ որեւէ մեկը չճանաչեց ամբաստանյալներին:

Վկա Արմեն Թովմասյանը հայտնեց, որ իր մորաքրոջ ամուսին՝ Գրիգոր Բաղդասարյանը, որը 2002-ին մեկնել է Միացյալ Նահանգներ, ստացել է կենսաթոշակ: Սակայն թե ով է ստացել՝ վկան տեղյակ չէր: Միայն ասաց, որ մորաքրոջ ամուսինը եթե լիազորեր, կարող էր լիազորել իրեն, քանի որ նա Հայաստանում իրենից բացի ոչ ոք չի ունեցել:

Վկա Սուսաննա Աբրամովան իր մորաքրոջ ամուսնու՝ Սերգեյ Մաթեւոսյանի մասին հայտնեց, որ նա Հայաստանից մեկնել է Ռուսաստան, այնտեղ էլ մահացել: Նա վերջին անգամ իր թոշակը ստացել է 2000-ին: Սակայն պարզվել է, որ նա դարձյալ՝ 2007թ. մահվանից հետո էլ գումար է ստացել:

Վկա Նարինե Մելքոնյանը, որի ծնողները Ռուսաստան էին մեկնել 2000-ին, տեղեկացել է, որ 2004թ. մահացած հոր անունով մինչեւ 2007թ. գումար է դուրս գրվել: Ինքը ունեցել է լիազորագիր, սակայն երբ գնացել է Շենգավիթի տարածքային բաժին, այնտեղ ասել են, որ այդ լիազորագիրը «չի անցնի»: Քանի որ վկան ուզում էր իմանալ, թե ինքը լիազորագրով կարո՞ղ է ստանալ մոր գումարը, հարկ եղավ դիմել անգամ կալանավոր Վազգեն Խաչիկյանին: Վերջինս ասաց, որ վկան չի կարող ստանալ, լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի որեւէ նոտարական գրասենյակի կողմից: Վկան այնքան ոգեւորվեց, որ սկսեց իրավական խորհրդատվություն ստանալ այլ հարցերի շուրջ եւս:  Դատարանը ընդհատեց վկային՝ համարելով նրա վկայությունն ավարտված:

Ի դեպ, 10 վկաներից եւ որեւէ մեկի հարցաքննության ժամանակ դատավորը չդիմեց նրանց, թե արդյոք կուզե՞ն իրենց ներկայացուցչի՝ փաստաբանի  վկայությամբ ցուցմունք տալ: Այսօր շատ քիչ վկաներ գիտեն, որ իրենք կարող են ունենալ իրենց ներկայացուցիչ փաստաբանը դատարանում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930