
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանի խոսքով` ուսուցման գործընթացը կամա թե ակամա երեխայի համար վերածվում է «բռնության», ինչը հաղթահարելու համար նրան կարող են օգնել հմուտ մանկավարժները: «Երեխային պետք է օգնել, որպեսզի նա կարողանա հաղթահարել այդ դժվարությունները փուլ առ փուլ, ուստի` մանկավարժները պետք է լինեն հանդուժող, քանի որ իրենց վարվելակերպը անմիջականորեն կապ ունի երեխայի ապագա զարգացման եւ որպես մարդ ձեւավորման հետ»,-պարզաբանում է հոգեբանը:
Բանախոսը նշեց, որ տարրական դասարանների աշակերտների` ուսումնադաստիարակչական պայմաններին չհարմարվելը գիտական շրջանակներում վաղուց քննարկվող խնդիր է:
«Սա ոչ միայն գիտության, այլեւ մշակութաբանական խնդիր է: Ուսուցիչը պետք է հիշի, որ անգամ փոքր տարիքի աշակերտը մարդ է, անհատականություն, ում պետք է մոտենալ հարգանքով: Երեխայի ապրումները, արժեհամակարգը նույպես պետք է արժեւորվեն»,- ընդգծեց պարոն Պողոսյանը:
Կարդացեք նաև
Հոգեբանի փոխանցմամբ` պարբերաբար իրականացվում են հատուկ ուսումնական դասընթացներ մանկավարժներին վերապատրաստելու ուղղությամբ, սակայն կարեւոր է, որ յուրաքանաչյուր մանկավարժ գիտակցի իր առաքելության կարեւորությունը և նպաստի երեխաների ճիշտ հոգեբանության ձևավորմանը:
Անի Միրաքյան


















































