Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐՈՍԸ

Մայիս 10,2013 12:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

ՀԵՐՈՍԸ

Եթե հիշում եք,  յոթանասուներեքի աշնանային ֆուտբոլային ցնծությունը հիշեցի ոչ առանց առիթի, եւ առիթն էլ էս միանգամայն նոր աշնան Հայաստան-Սլովակիա խաղն էր, ավելի ճիշտ՝ Սլովակիա-Հայաստան խաղը, որովհետեւ էս երկու թիմերի առաջին՝ Հայաստան-Սլովակիա խաղը գարնանն արդեն բարեհաջող տեղի էր ունեցել, եւ մերոնք Հանրապետականում 3:1 հաշվով արդեն սենսացիոն հաղթել էին, ու մերոնց գարնանային էդ հաղթանակը սենսացիա համարվեց ոչ միայն էն պատճառով, որ մերոնք վաղուց էդքան ուժեղ թիմի չէին հաղթել, այլեւ էն պատճառով, որ մերոնց էդ հաղթանակից ընդամենը մի քանի օր առաջ Սլովակիայի նույն էդ հավաքականը Մոսկվայում հաղթել էր Ռուսաստանի հավաքականին, եւ բնական է, որ բավական ժամանակ որեւէ լուրջ թիմի չհաղթած մերոնց հաղթանակը սենսացիա պիտի համարվեր, ու էդպես էլ համարվեց, բայց այն՝ ինչ տեղի ունեցավ Սլովակիայում, ներառյալ մեր գարնանային հաղթանակի համեմատ էր սենսացիա, եւ չնայած տարիներ շարունակ հոգով եւ սրտով տրամադրվել ու սպասում էինք էդ՝ արդեն ամենաիսկական սենսացիային, լինելուց  ու տեղի ունենալուց հետո էլ եղածին ու աչքներիս տեսածին դժվարանում էինք հավատալ, եւ խաղից հետո Հրապարակի «Վիվարոյում» Արտակի, Էդգարի, Միսակի ու մյուսների հետ դժվարանում էինք վերլուծել ու գնահատել էդ աննախադեպ ու աներեւակայելի հաղթանակը, որովհետեւ վաղուց էինք էդ տեսակ հաղթանակներից հետ վարժվել, եւ հիշողություններս լարելով՝ համեմատության համար ընդամենը «Բավարիային» հաղթելն ու Թիֆլիսի 0:4-ն էինք հիշում, բայց էս ամենանորը մի քիչ  ավելին էր, որովհետեւ էս ամենանորն անկախացած երկրի հավաքականի հաղթանակ էր, ընդ որում՝ նույն 0:4 հաշվով, եւ էս ամենանորն, այնուամենայնիվ, ամենաճիշտը յոթանասուներեքի գավաթային  հաղթանակի հետ համեմատելն է, մանավանդ որ՝ էս ամենանորից հետո էլ ժողովուրդը ցնծագին հորդեց Հրապարակ, որն արդեն Լենինի անունը չէր կրում, եւ երբ սարիթաղցի Հակոբի հետ դալանով դուրս եկանք Հրապարակ, Հրապարակում արդեն լիքը ժողովուրդ կար, եւ խմբերով եռագույնները ծածանելով գոռում էին՝ Հա-յաս-տան, եւ անմիջապես մտապատկերիս մեջ սկսեց ծածանվել կյանքումս առաջին անգամ տեսածս եռագույնը, եւ հիմա էս ամենի մասին խոսելով ու էս ամենի մասին մտածելով՝ վերստին սկսում եմ մտածել, որ էսքան հիշելով ու էսքան գրելով՝ կյանքիս կարեւորագույն օրերից շատերին դեռեւս չեմ անդրադարձել, եւ էս պահին խոսքս  վերաբերում է ութսունութի չքնաղ մայիսի քսանութին, երբ Գորգիսյան Մոսոն օրը ցերեկով ապշահար ականատեսներիս աչքի առաջ Ազատության հրապարակում բարձրացրեց աշխարհի ամենաշքեղ ու ամենասիրուն եռագույնը, եւ զարմանալի է ու նաեւ փաստ, որ էդ անկրկնելի ու սքանչելի օրը շատերիս մտապատկերից իսպառ է ջնջվել, եւ դա ոչ միայն զարմանալի, այլեւ սարսափելի էլ է, որովհետեւ  եթե մենք ութսունութին մեր աչքերով տեսած էդ չքնաղ մայիսի քսանութը մոռանում ենք, ամեն ինչ ու ամեն նվիրական բան կարող ենք մոռանալ, եւ հենց էդ էլ, փաստորեն, հետներս տեղի է ունենում, եւ հիմա, փաստորեն, ութսունութի էդ չքնաղ մայիսի քսանութն ու Գորգիսյան Մովսեսին ընդամենն էս ֆուտբոլային ու կեսգիշերային եռագույնների շնորհիվ հիշեցի, ու երեւի էս առթիվ էլ չհիշեի, եթե անցյալ շաբաթ ինձ զանգած չլիներ Մոսոյի այրի Ռուզանն ու խնդրած չլիներ իրեն փոխանցել Մոսոյի հիշատակին ձոնածս բանաստեղծությունները, ու էդ բանաստեղծություններս  թղթերիս մեջ փնտրելով ու ոչ մի կերպ  չգտնելով՝ երկու օր անց վեր կացա ու գնացի «Մովսես Գորգիսյան» հիմնադրամ եւ ուրախությամբ տեղեկացա, որ իմ էդ բանաստեղծությունները Ռուզանն ինչ-որ տեղից արդեն գտել է, եւ պարզվեց, որ Մովսեսի մահից ընդամենը մի քանի օր անց էդ բանաստեղծություններս տպագրել եմ էդ տարիներին տպագրվող «Լուսավորիչ» թերթում, ու էդ թերթը բանաստեղծություններովս հանդերձ Ռուզանի մոտ գտնելով  ու ընթերցելով՝ շատ ուրախացա, որովհետեւ դրանք նորից կարդալով՝ շատ հավանեցի, եւ Ռուզանն էլ էր դրանք շատ հավանել, եւ եթե  կարդաք՝ հաստատ դուք էլ կհավանեք, որովհետեւ էդ բանաստեղծություններն ավելի շատ իմ ու ձեր մասին են,  քան՝ Մոսոյի, բայց զարմանալին էն է, որ Մոսոյի հիշատակին ձոնված էդ բանաստեղծություններս չեմ զետեղել որեւէ ժողովածուիս մեջ. այսինքն, ես առժամանակ ոչ միայն Մոսոյին եմ մոռացած եղել, այլեւ՝ իր հետ ուղղակի ու անուղղակի առնչվող էդ ոտանավորներս, եւ այրի Գորգիսյանից ոտանավորներիս էդ շարքն ստանալով եւ դրանք վերընթերցելով՝ եւս մի անգամ համոզվեցի, որ ժամանակին շատ լուրջ ու շատ կարգին բանաստեղծ եմ եղել, եւ Գորգիսյան Ռուզանն էլ է էս հարցում հետս համակարծիք, ու նաեւ էդ բանաստեղծություններիս խաթեր է որոշել հրապարակել մի գրքույկ, որտեղ զետեղված կլինեն Մովսես Գորգիսյանի հիշատակին ձոնված բանաստեղծություններ, եւ պարզվում է՝ էդպիսիք  էնքան շատ են, որ Ռուզանը որոշել է դրանցից ամենալավերն ընտրել ու էդ հարցով նաեւ իմ օգնությանն է դիմել, բայց ես էն կարծիքին եմ, որ  էդ բոլորն անխտիր կարելի է տպագրել՝ ոչ միայն էն պատճառով, որ զահլա չունեմ էդ բոլորը կարդալ եւ այնուհետեւ դրանցից որոշները մերժելով՝ որոշներին վատամարդ լինել, այլեւ էն պատճառով, որ էդ բանաստեղծություններից թույլերն ավելի են Մոսոյի  կյանքն ու գործունեությունն ընդգրկում, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ իմոնց, դրանք ինչքան Մոսոյի մասին են, էնքան էլ՝ իմ ու ձեր, ավելի ճիշտ՝ ընդհանրապես կյանքի ու մահվան մասին են, իսկ ավելի ճշգրիտ՝ նահատակության, իսկ ավելի ստույգ՝ իմոնք, ինչպես միշտ, ոչ մի բանի մասին էլ չեն, բայց, չգիտես ինչու, հատկապես իմոնք է այրի Գորգիսյանը հավանել, եւ, չգիտես ինչու, իմոնք իմ դուրն էլ են գալիս, եւ չնայած շուրջ քսան տարի առաջ են գրված, էսօրվա դրությամբ էլ իրենց իմաստը չեն կորցրել, եւ եթե «Լուսավորիչ» թերթի էդ համարն ունենայի,  հաստատ էդ բանաստեղծությունները ժողովածուներիցս մեկնումեկի մեջ ընդգրկած կլինեի, բայց լավ է գոնե, որ Գորգիսյան Ռուզանը «Լուսավորիչ» թերթի էդ համարը գտել է, եւ նմանապես լավ է, որ պետությունը Ազգային հերոս Մովսես Գորգիսյանին գոնե հիսնամյակի առթիվ հիշել ու էդ առթիվ նաեւ որոշ գումար է հատկացրել հոբելյանական մի քանի միջոցառումների եւ Մովսեսի հիշատակին  նվիրված բանաստեղծությունների գրքույկի հրատարակության համար, եւ չնայած էսպես քամահրանքով եմ ասում թե՝ պետությունը գոնե հիսնամյակի առթիվ Մովսեսին հիշել է, ինքներս էլ ենք հնարավորինս մեր հերոսին մոռացել, ընդ որում՝ ոչ միայն հերոսին ենք մոռացել, այլեւ՝ իր հիշատակին ձոնված մեր իսկ բանաստեղծությունները, եւ, փաստորեն, հիմա պետության միջամտությամբ ու պետության շնորհիվ ենք վերադառնում ու վերագտնում դրանք, եւ քանի որ արդեն վերադարձել ու վերագտել ենք, արդեն ավելի  լուրջ պահանջներ ենք ներկայացնում. ես, օրինակ, գտնում եմ, որ Գորգիսյան Մովսեսի արձանը վաղուց պիտի բովանդակություն հաղորդեր մեր քաղաքամոր  զբոսայգիներից ու պուրակներից որեւէ մեկին, ու էդ մասին կարծիքս նաեւ այրի Գորգիսյանին հայտնեցի,  եւ բնական է, որ էդ ասածս պիտի Գորգիսյան Ռուզանի դուրը գար, ու էդպես էլ եղավ, եւ Ռուզանն ինձ ու մի քանի այլ ներկաներին բացատրելով հասկացրեց, որ շատ անհարմար կլինի, եթե անձամբ ինքը պետության ու Մովսեսի հիսնամյակի կառավարական հանձնաժողովի առաջ էդ տեսակ պահանջ դնի. դրանով Ռուզանն ինձ ու մյուս ներկաներին հասկացրեց, որ եթե Մովսեսի հուշարձանի գոյությունը նպատակահարմար ենք համարում, ինքներս պիտի էդ մասին ելույթներ ունենանք ու հայտարարություններ անենք, եւ ներկաներս  անմիջապես խոստացանք էդ անել, եւ Ռուզանը մեր խոստումներից ոգեւորվելով՝ անմիջապես երկրորդ սուրճը դրեց, որովհետեւ Ռուզանը Մոսոյի ոչ միայն կողակիցն էր, այլեւ՝ զինակիցը, եւ ինձնից ու բոլորից էլ լավ է հասկանում, որ իր զինակիցն էն անձնավորությունն էր, որի արձանն իսկապես արժե մեր քաղաքամոր  զբոսայգիներից ու պուրակներից մեկնումեկում դնել, որովհետեւ   Մովսեսը ոչ միայն եռագույնն առաջինը հայոց մայրաքաղաքում բարձրացնողն էր, այլեւ՝ մեր վերջին ազատամարտի առաջին նահատակը. այսինքն, Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանի բացակայությունը մեր բոլորիս ամոթն է, մանավանդ որ՝ մենք մանավանդ էս վերջին տարիներին լիքը արձաններ ենք դրել ու դնում, եւ ամենաարտառոցն էն է, որ մենք մեր անկախության տոնակատարությունների ժամանակ անգամ Մովսես Գորգիսյանին չենք հիշում, եւ առավել արտառոց է, որ նույնիսկ մեջներիս ամենաանկախականներն են Մովսես Գորգիսյանին հազվադեպ  հիշում, եւ ընդհանրապես քչերն են Մովսեսին հիշում, եւ դա իսկապես տարօրինակ է, որովհետեւ մենք սովորաբար մեր մահացած հերոսներին մշտապես հիշում ենք, եւ հատկապես մեր զոհված ու նահատակված հերոսներին ենք մշտապես հիշում, եւ որ Մովսես Գորգիսյանն իսկապես հերոս է, դա նրան մոտիկից եւ նույնիսկ հեռվից ճանաչողները կհաստատեն, եւ դա նույնիսկ նրան չճանաչողները կհասկանան՝ Մովսեսի կենսագրության մանրամասներին փոքր-ինչ ծանոթանալով, բայց, դրանով ու էդքանով հանդերձ, էսօրվա օրով քչերն են Գորգիսյան Մովսեսին հիշում, եւ եթե  հիշում էլ ենք, էսպես՝ դեպքից դեպք ու կողմնակի առիթներով ենք հիշում, ու էս անգամ Մովսեսին հիշելս ֆուտբոլային էս ուշ, բայց ոչ ուշացած հաղթանակի առթիվ  Հրապարակ բերված եռագույնների հետ էր կապված, ու երեւի էդ առիթով էլ չհիշեի, եթե այրի Ռուզանն ինձ հրավիրած չլիներ իր լուսահոգի  զինակցի հիշատակին ձոնված բանաստեղծությունների քննարկմանը, բայց իմ ջանքերով խոսակցությունը պոեզիայից տեղափոխվեց միանգայն այլ հուն:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել