Լրահոս
Օրվա լրահոսը

Դատադուլ հայտարարած փաստաբաններն առաջարկում են մոռանալ Վճռաբեկ դատարանի գոյության մասին

Հունիս 06,2013 13:40

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման թեման հունիսի 11-ին եւ 12-ին փաստաբանների կողմից հայտարարած դատադուլն էր: Փաստաբաններն այդ օրը չեն մասնակցի որեւէ քննչական գործողության, չեն ներկայանա դատական նիստերին՝ այդկերպ դժգոհելով Վճռաբեկ դատարանի կողմից գործերը վարույթ չընդունելու որոշումներից:

Ներկա էին՝ փաստաբաններ Հայկ Ալումյանը, Սամվել Ջաղինյանը, Արա Ղազարյանը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Ալումյանը, խոսելով իրենց գործերից, հարցրեց՝ ինչո՞ւ Եվրոպական դատարանը կարող է բողոքը համարել հիմնավոր, իսկ Վճռաբեկ դատարանը, որին այդ խնդիրը ներկայացված էր եղել, այդպես չի համարել. «Անհասկանալի է Վճռաբեկ դատարանի վարքագիծը, երբ պետական մարմնի բողոքները գրեթե միշտ վարույթ են ընդունվում, իսկ շարքային քաղաքացիների բողոքները` շատ քիչ տոկոսով»: Ալոմյանը հավելեց, որ տարբեր մեթոդներով փորձել են այս հարցը բարձրացնել, բայց անարդյունք է եղել, նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ոչինչ չի փոխվել:
Ջաղինյանն էլ նշեց, որ Առաջին ատյանի դատարանը առերեւույթ քրեական օրենսգրքին հակասող ակտ է իրականացրել, Վճռաբեկ դատարանը չի ընդունել գործը վարույթ:
Ղազարյանն էլ ավելացրեց, որ աշխարհի շատ երկրներում Վճռաբեկ դատարանի կողմից ընդունվող գործերի տոկոսը նույնն է, ինչ Հայաստանում` 5-7%.
«Կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չպետք է փաստաբանի օրակարգում լինի, որովհետեւ դա հատուկ դատարան է` հատուկ օրենքներով: Աշխարհում ոչ մի դատարան, եթե եռանկյունի համակարգում է, ոչ թե բրգաձեւ, չի կարող տարեկան 4000 որոշում կայացնել: Մենք պետք է մոռանանք Վճռաբեկ դատարանի գոյության մասին, դա մարդու իրավունքները վերականգնող դատարան չէ, դրա համար կա Վերաքննիչ դատարան»:
Ջաղինյանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը կանխատեսելի չէ:
Բաբայանն էլ հավելեց, որ ինքը, որպես դատական ծառայող, իրավունք չունի մեկնաբանելու դատարանի կողմից ընդունված դատական ակտերը:
Ալումյանի մեկնաբանմամբ էլ` երբ իրենք դիմում են Առաջին ատյանի դատարան, հայցադիմումը կարող է վերադարձվել, բայց իրենք գիտեն` ինչու է այն վերադարձվում. «Նույնը լինում է նաեւ Վերաքննիչ, Սահմանադրական, Եվրոպական դատարանների դեպքում: Վճռաբեկ դատարանում երբ ընդունում են` չես հասկանում՝ ինչու ընդունվեց, երբ մերժում են`դարձյալ չես հասկանում` ինչու մերժվեց: Պղտոր ջրի մեջ ձուկ որսալը հեշտ է»,- համոզված է փաստաբանը:
Պետրոսյանը հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է Վճռաբեկ դատարանի կանխատեսելիության եւ երկակի ստանդարտների խնդրին: Նրա խոսքով` Վճռաբեկ դատարանը հայցն ընդունելիս չունի անսահմանափակ հայեցողական ազատություն: «Ես իմ զորակցությունն եմ հայտնում բողոքի ակցիան նախաձեռնած փաստաբաններին ու գտնում եմ, որ խնդիրը պետք է բարձրաձայնվի»,- ավելացրեց նա:
Վերջում` Ղազարյանն առաջարկեց մոռանալ Վճռաբեկ դատարանի գոյության մասին` դա մարդու իրավունքները վերականգնող դատարան չէ, դրա համար կա Վերաքննիչ դատարան»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930