Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Մեղրիում անցկացված ստորագրահավաքի արդյունքներն այսօր բաց նամակի տեսքով ներկայացվեցին վարչապետին

Հունիս 12,2013 17:52

Սյունիքում գործող «Կայուն զարգացում» հ/կ-ի նախաձեռնությամբ Մեղրիում անցկացված ստորագրահավաքի արդյունքներով՝ մասնակից մոտ 2400 քաղաքացիների 99%-ից ավելին դեմ է արտահայտվել Մեղրիի տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին և դրանց հնարավոր շահագործմանը: Ստորագրահավաքի արդյունքներն այսօր հասարակական կազմակերպության նախագահը բաց նամակի տեսքով ներկայացրեց է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Մեղրի քաղաքի բնակչության դիրքորոշումը կներկայացվի նաեւ ԱԺ բոլոր խմբակցություններին` արձակուրդը ավարտելուց անմիջապես հետո: Մեղրեցիները ագրեսիվ են տրամադրված և չի բացառվում, որ աշխատանքները չդադարեցնելու դեպքում առաջիկա օրերին բողոքի ակցիաներ կազմակերպեն: Տարածաշրջանում ինտենսիվ երկրաբանահետախուզական և արդյունահանման աշխատանքներ են իրականացվում և մենք չենք սպասի նույնիսկ վարչապետի պատասխանին: Առաջիկայում կհայտարարենք մեր ծրագրերի մասին», – մեզ հետ ունեցած զրույցում ասաց «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը:

Շուրջ 5000 բնակչություն ունեցող Մեղրի քաղաքում մայիսի 29-ից սկսված ստորագրահավաքին մասնակցած 18 եւ բարձր տարիքի քաղաքացիներից 2382-ը դեմ է արտահայտվել Մեղրու տարածաշրջանում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը և հանքերի հնարավոր շահագործմանը, 5 հոգի կողմ էարտահայտվել, իսկ 11-ը՝ ձեռնպահ:

Նշենք, որ «Կայուն զարգացում» հ/կ-ի նախաձեռնած ստորագրահավաքի անցկացման աշխատանքներին տեղում նաեւ աջակցել են Մեղրիում գործող «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ու հասարակական որոշ այլ կազմակերպության աշխատակիցները եւ մի շարք այլ տեղացիներ:

Մերի Սողոմոնյան

Բաց նամակը՝ ստորեւ

ՀՀ վարչապետ պարոն

Տիգրան Սարգսյանին

Մեծարգո պարոն վարչապետ.

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Մեղրու տարածաշրջանում 14 մետաղական հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարության կողմից տրված արտոնագրերը մտահոգության լուրջ հիմքեր են առաջացրել տեղաբնակների և բնապահպանների շրջանում:

Մենք կարծում ենք, որ անառարկելի է միևնույն տարածաշրջանում հանքարդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման անհամատեղելիությունը, որը կարծեք անտեսվում է կառավարության կողմից: Նախքան նման որոշումներ կայացնելը, կառավարությունը առնվազը պետք հաշվի առներ, թե ինչքանով է արդյունավետ հանքարդյունաբերության զարգացումը տարածաշրջանի բնակչության և պետության համար առհասարակ:

Հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքները և շահագործումը իրականացվում են Մեղրի քաղաքի հարակից բարձրադիր բնակավայրերում, որը վտանգում է տարածաշրջանի ողջ ոռոգման համակարգը: Մեղրու տարածաշրջանի վիճակը, որը քաղցրահամ մրգերի խորհրդանիշ է համարվում, մտահոգում է ոչ միայն տեղաբնակներին, փոքր և խոշոր գյուղատնտեսներին, այլ նաև Հայաստանում և արտերկրում մրգի իրացումն ապահովող ընկերություններին:

Չխուսափելով իրերն իրենց անուններով կոչելուց, մենք հայտարարում ենք, որ խախտվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու, տեղաբնակների` միջազգային պայմանագրերով և ազգային օրենսդրությամբ ամրագրված իրավունքները: Մեղրի համայնքի բնակչության դիրքորոշումը կառավարությանը և ազգային ժողովին ներկայացնելու նպատակով “Կայուն զարգացում” ՀԿ-ն կազմակերպել է ստորագրահավաք, որի մասնակիցները իրենց դիրքորոշումը արտահայտել են կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Տեղեկացնում ենք Ձեզ որ ստորագրահավաքին մասնակցել է մոտ 2400 քաղաքացի և մասնակիցների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել Մեղրու տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին և դրանց հնարավոր շահագործմանը:

Հիմք ընդունելով մարդու կյանքի և առողջության հիմնարար իրավունքները, ստորագրահավաքի արդյունքները, պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել` դադարեցնելու տարածաշրջանում հանքերի երկրաբանահետախուզական, շահագործման աշխատանքները և կասեցնել տվյալ ընկերություններին տրված արտոնագրերը:

Կից ներկայացնում ենք ստորագրահավաքի արդյունքները /100 թերթ/:

 

Հարգանքով

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930