Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչխարային ուղեղներում էլ սիրո հանդեպ ակնածանք կա»

Հունիս 18,2013 13:58 Share

Գրող, թարգմանիչ Լիա Իվանյանը՝ իր թարգմանած «Ընկածների երկինքը» վիպակի ու սիրո մասին

Մեզանում վաղուց կտրվել էր կապը ժամանակակից ռուս գրականության հետ, քանի որ թարգմանչական գրականությունը դուրս էր մնացել հայաստանյան հրատարակիչների տեսադաշտից: «Առավոտը» հանդիպեց գրող, թարգմանիչ Լիա Իվանյանի հետ, ում հերթական  թարգմանությունը Յուրի Պոլյակովի «Ընկածների երկինքը» վիպակն է, որն օրերս է ներկայացվել հայ ընթերցողին, արժանանալով մեծ ուշադրության: Հետեւելով նրա ստեղծագործական կյանքին, նկատեցինք, որ ուղիղ տասը տարի է՝ գրողն իրեն նվիրել է նաեւ թարգմանչական արվեստին:

Ընթերցողին ծանոթ են Լիա Իվանյանի՝ Կուպրինի, Դոստոեւսկու պատմվածքների թարգմանությունները: Ժամանակին հետաքրքրության էր արժանացել Նոբելյան մրցանակի դափնեկիր Պիտեր Աբրահամսի «Կղզին այսօր» աշխատությունը, որ ներկայացնում է երրորդ աշխարհի երկրներում բռնապետության հաստատումը: Վերջին տարիներին էլ, ավելի ճիշտ՝ 2008թ. սկսվեց նրա եւ ժամանակակից ռուս գրականության ականավոր դեմքերից մեկի՝ Յուրի Պոլյակովի համագործակցությունը: Առաջինը թարգմանվեց Պոլյակովի «Ուլիկը կաթի մեջ» եւ հետո՝ «Սնկերի արքան» ստեղծագործությունները:

Հարցին, թե ի՞նչը ստիպեց գրող-թարգմանչին՝ «հայացնել» ռուս գրականությունը եւ ինչո՞վ է բացատրում Պոլյակովի ստեղծագործություններին իր «նվիրվածությունը», Լիա Իվանյանը պատասխանեց. «Նախ՝ աշխարհն է թարգմանում ու բեմադրում Պոլյակով: Կուզենայի, որ մեր թատրոններն էլ ուշադրություն դարձնեն նրա գործերին: Իսկ Յուրիի հետ ծանոթությունից հետո երկուսս էլ եկանք նույն եզրակացության. թղթին հանձնում ենք այն, ինչ մտածում ենք: Եվ որ ամենակարեւորն է՝ նույնն է ե՛ւ  մեր մարդկային, ե՛ւ ստեղծագործական տեսակը: Ինչ վերաբերում է ռուս անվանի գրողների երկերին անդրադարձիս, զգում էի, որ  գրական ոլորտում ինչ-որ բան բացակայում է: Հիշեցնենք, որ ժամանակին ռուսերենով էինք ծանոթանում համաշխարհային գրականության ընտիր էջերին: Իբրեւ գրող կարիք զգացի վերականգնել դա, ու սկսեցի հայացնել  ռուս գրականությունը»: Անդրադառնալով «Ընկածների երկինքը» վիպակին, Լիա Իվանյանն ասաց, թե գլխավոր հերոսների՝ բիզնեսմենի եւ նրա քարտուղարուհու կրքոտ, բազմաշերտ ու դինամիկ սիրավեպը ներկայացվում է հետխորհրդային խաթարված արժեհամակարգի համատեքստում: Իսկ խոսելով ընդհանրապես պոլյակովյան երկերի մասին, հայտնեց. «Հարյուրամյակներ շարունակ մարդկությունն այնքան է երգել, պարել, շուրջպար բռնել «սեր» բառի շուրջ, որ նույնիսկ ամենաբիրտ ավազակների ոչխարային ուղեղներում ծալք կա, որտեղ լռվել-մնացել է ակնածանքն այդ վերացական գոյականի հանդեպ», հավելելով, թե ինքն ի սկզբանե Պոլյակովի հետ «կիսել» է այս միտքը:

Լիա Իվանյանը կարծում է, որ գրողի համար թարգմանությամբ զբաղվելը մեծ դպրոց է: Հայաստանյան գրական ոլորտի նեգատիվ երեւույթներն էլ համարում է մերօրյա գրական «չկամությունը», իրական գրականագիտության բացակայությունը:  Նրա համոզմամբ, այսօր ոչ թե կառուցողական, այլ չար քննադատության ժամանակներ են:

Խոսելով սեփական գրական   երկերի մասին, մեր զրուցակիցը հիշեցրեց 2000-ականների սկզբին իր «Փոխակերպումներ» աշխատության մասին: Այնտեղ ներկայացված էին հայաստանյան  հասարակության փոխակերպումները 1988-2003թթ. ժամանակահատվածում: Հիշարժան է նաեւ գրողի «Դավաճանություններ» պատմվածքների ժողովածուն, «Դժոխքում կորած բանալին» ստեղծագործությունը եւ այլն:

Լիա Իվանյանը զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ «Փոխակերպումները» եւ «Դավաճանություններ» երկերը՝ Միքայել Աբաջյանցի ռուսերեն թարգմանությամբ, կարծես շրջադարձային եղան իր ստեղծագործական կյանքում. «Այդ երկու ստեղծագործություններս 2009թ. ներկայացվեցին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի ծրագրի շրջանակներում ու հավանաբար աննկատ չմնացին: Հետեւանքը եղավ այն, որ այս տարեսկզբին «Լիտերատուրնայա գազետան» ինձ շնորհեց «Ոսկե Դելվիգ»՝ ռուս-հայկական մշակութային կապերի ամրապնդման համար եւ նշանակվեցի Հայաստանում «Լիտերատուրնայա գազետայի» ներկայացուցիչ»:

Լիա Իվանյանն ասաց, որ այսօր աշխատում է նոր՝ «Տղամարդն ու իր կանայք» վեպի վրա:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930