Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկն ասում է՝ իմ պատմվածքն ունի 7000 դիտում, երբ այդքանից մի հոգին էլ չի կարդացել պատմվածքը». Արքմենիկ Նիկողոսյան

Հուլիս 09,2016 14:52

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով` գրականությունը չի կարող անընդհատ դեպի բարձունք գնալ:

«Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նրա դիտարկմամբ՝ մեր երկրի կարգավիճակը, ներքին-քաղաքական, սոցիալական փոփոխությունները, հասարակության տրամադրվածությունը շատ են ազդում գրականության վրա. «Գրականությունն էլ ազդում է հասարակության վրա: Ամենամեծ  բումը մենք ունեցանք 1990-ականներին. պատերազմից հետո ստեղծված իրավիճակն այդքան էլ լավը չէր, բայց գրականության որակն էր բարձր: Հետո մի փոքր անկում ունեցանք, 2000-ականներին նորից վերելք»:

Գրականագետը նշեց, որ անկախությունը շատ կարևոր պայման էր գրականության համար. «Եկավ այն սերունդը, որ զուտ անկախության կրողն էր, սովետ չէր տեսել, բազմաթիվ տաբուներից ազատ էր: Կոմպլեքսներ ու բեռներ չուներ իր ուսերին, գալիս էր երկրի տիրոջ կարգավիճակով. նրանք կարողացան գրականություն ստեղծել»:

Արքմենիկ Նիկողոսյանը փորձանք համարեց Ֆեյսբուքը. «Վերջին մի քանի տարիներին ամենաթողություն է: Մի պահ փորձանք կար, բլոգներ էին բացում ու կայքեր: Ամեն մեկը դնում էր իր սևագրերը բլոգում,այդ ժամանակ էլ միայն  առաջավոր մասսան ինտերնետ ուներ, դա էին կարդում, դրանց էին ճանաչում: Հիմա մի ուրիշ փորձանք էլ Ֆեյսբուքն է: Ունի բազմաթիվ լավ կողմեր, որ կարող է նպաստել գրականության առաջխաղացմանը: Բայց, ցավոք, քանի դեռ ամեն ինչում առաջնորդվում են լայքերով, դիտումներով, ոչ մի լավ բանի չենք հասնի: Մեկն ասում է՝ իմ պատմվածքն ունի 7000 դիտում, երբ այդքանից մի հոգին էլ չի կարդացել պատմվածքը»:

Գրականագետն անդրադարձավ նաև Մշակույթի նախարարության կողմից տրամադրվող պետաջակցությանը. «Պետաջակցության ծրագրով բազմաթիվ երիտասարդ գրողներ ունեցել են առաջին գիրք, հերթական գիրք: Պարզապես հարցը հետևյալն է՝ ո՞ր հրատարակչությունն են ներկայացնում: Անցյալ տարի հայաստանյան հրատարակչություններից մեկը տպագրել էր ութ երիտասարդ գրողի գիրք: Սակայն գրականագետների շրջանակում այդ գրքերը չեն ճանաչում, ծանոթ չեն: Պետք է տպագրելուց բացի նաև կարողանալ ներկայացնել, քարոզել, տարածել: Միայն ֆինանսավորումով չէ, այդ ֆինանսավորումն էլ աջակցություն է, մոտ մինչև 60 տոկոս վճարում են, մնացածը պետք է անի հրատարակիչը»:

Ըստ Արքմենիկ Նիկողոսյանի՝ գրականության մեջ էլ մարքեթինգային քայլերը շատ կարևոր են.« Ինչ է պետք անել, որ գրականությունը «մոդա» համարվի, գիրք կարդալը՝ նորաձև: Օրինակ  Արամ Պաչյանը որպես գրող, կերպար առաջիններից մեկն է, որ փորձեց փոխել գրող ասվածը, նրա ընկալումը: Նա առաջին հերթին վերացրեց հեռախոսը: Լրագրողները, որ ուզեն Պաչյանին գտնել, շատ մեծ ջանքեր պետք է գործադրեն: Նա նաև սկսեց հագնվել այնպես, ինչպես հագնվում էին շոու բիզնեսի աստղերը: Պետք էր ցույց տալ մարդկանց, որ գրողները միայն դեզ մազերով, եկած թրաշով մարդիկ չեն: Նրանք նաև ջահել, սիրուն տղերք են»:

Արքմենիկ Նիկողոսյանը փաստեց, որ գրականության վիճակը մի փոքր քաոսային է: Քանի որ շնորհալի գրողները համարյա չեն գրում: Բայց շարժում կա, հետաքրքրություն կա, որ շատանալու է: Կյանքն էլ ցույց է տալիս, որ անհնար է առանց ընթերցելու շարժվել առաջ:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. G. Grigoryan says:

    Բոլորի անունից մի խոսիր, տղա ջան: Ամբողջ Հայաստանը չես ուսումնասիրել:

  2. Roubina Ohanian says:

    Ես փորձում եմ հետևել հայ նոր սերունդի ստեղծագործություններին: Ու պիտի ասեմ, որ դրական շատ տեղաշարժ կա: Ես նկատում եմ, որ կան խոստումնալից գրողներ ու բանաստեղծներ, որոնց ստեղծածը նոր միտք ու շունչ է, ու նորայև է ասելիքների խորքով, այժմեականությամբ ու մատուցման եղանակով:
    Ինձ բնավ չի հետաքրքրում գրողի տեսքը: Մի՞թե ներկայանալի էր Հովհաննես Շիրազը: Ո՛Չ: Սփյուռքում խորհուրդ էին տալիս բոլորին, որ Հայաստան այցելելիս, չհանդիպել Շիրազին, ու բավարարվել միայն նրա գրածները կարդալով:
    Այո, Ֆեյսբուքն ու սոցցանցերը կարող են բացասական նշանակություն ունենալ: Բայց չպիտի մոռանալ, որ մեր դարում՝ արագ հաղորդակցությունների դարում, սոցցանցերը կարևոր միջոցներ են: Սահմանները կարողանում ենք հատել հենց այդ միջոցներով:
    Ես չեմ կարող երկրորդել Ա. Նիկողոսյանի այն միտքը, որ գրականության վիճակը քաոսային է ու լավ գրողները չեն գրում: Այդպես չէ, ու այդպես չի կարող լինել ընդհանրապես: Բայց առկա է մի ուրիշ կարևոր հարց.- Գուցե կան ստեղծագործողներ, ովքեր նյութական դժվարության պատճառով չեն կարողանում տպել իրենց գրքերը: Այ, այստեղ օգնության է գալիս առցանց միջոցը: Ու եթե հաղթահարենք Ա. Նիկողոսյանի բառով « Մարկետինց»ի հարցը, արդեն ամեն ինչ լավ ուղու վրա կլինի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031