Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոլֆ Ստրավերը կոմպոզիտոր է «մկրտվել» Երեւանում

Հուլիս 26,2013 13:58

«Առավոտը»  2011թ. արձանագրեց, որ հոլանդացի կոմպոզիտոր Ռոլֆ Ստրավերը  առաջին անգամ հայ երաժիշտների կատարումներով հայաստանցի ունկնդրին ներկայացավ իբրեւ կոմպոզիտոր: Հենց 2011-ին  «Գաֆէսճեան» սրահում հայաստանցի երաժիշտների մեկնաբանմամբ հնչեցին կոմպոզիտորի կամերային երկերը՝ գրված տրիոյի, կվինտետի, կիթառի համար: Ռոլֆ Ստրավերի ստեղծագործությունների մեկնաբանմամբ հանդես եկան հիմնականում Հայաստանի պետական  ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները՝ ալտահար Գոռ Հովհաննիսյանը, ֆլեյտահար Արմեն Աբրահամյանը, ջութակահարներ Ջեմմա Աբրահամյանը, Ստեփան Խալաթյանը, թավջութակահար Ալեքսանդր Կարախանյանը, կիթառահար Ժորա Սարգսյանը եւ ուրիշներ: Անցյալ տարի Ստրավերը կրկին այցելեց Հայաստան՝ ներկայացնելով իր Ալտի եւ դաշնամուրի սոնատը, որը, մասնագետների փոխանցմամբ, նոր խոսք էր կամերային երաժշտարվեստում: Այն հիանալի հնչեցրին Գոռ Հովհաննիսյանն ու Վարդուհի Մինասյանը: Հայաստանցի ունկնդիրն առաջինն էր, որ ծանոթացավ նրա սոնատին:

Այս օրերին Հայաստանում գտնվող կոմպոզիտորը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 2012թ. հայաստանյան համերգն իր համար ճակատագրական էր՝ վերադառնալով ծննդավայր, նա հիմնել է Հոլանդա-հայկական կամերային երաժշտական ընկերություն: Ռոլֆ Ստրավերը հպարտորեն է փաստում, որ հենց հայ երաժիշտների շնորհիվ ինքն իր հայրենիքում ու արտերկրում ճանաչվեց իբրեւ կոմպոզիտոր: Հարցին, թե ո՞րն է ընկերության նպատակը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ժամանակակից հայ եւ հոլանդացի կոմպոզիտորների երկերի տարածումը, երաժիշտների փոխանակումը, վարպետության դասընթացների անցկացումը եւ այլն»: Հավելեց նաեւ, որ աշնանը ծրագրել է, դարձյալ առաջին անգամ, հնչեցնել իր՝ Կլարնետի, ալտի եւ  դաշնամուրի համար գրված կոնցերտը՝ կրկին հայաստանցի երաժիշտների՝ Սուրեն Խորոզյանի, Գոռ Հովհաննիսյանի եւ Վարդուհի Մինասյանի ուժերով: Նշեց, որ կայանալիք համերգում կհնչեն  Վահրամ Բաբայանի, ինչպես նաեւ  համաշխարհային դասական կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչներ Շումանի, Թելեմանի երկերից: Ժպտալով էլ ասաց, թե սենդվիչ է պատրաստում, որում ինչ ասես կա:

Հոլանդիայում շուրջ 15 հազար հայ է ապրում, հետեւաբար հետաքրքրվեցինք՝ կապ կա՞ հայկական համայնքի հետ: Ռոլֆ Ստրավերը պատասխանեց. «Հիմնականում ստեղծագործական կապի մեջ եմ հայաստանցի երաժիշտների հետ: Ունեք հիանալի սոպրանո Լիլիթ Սարի, որը հայտնի անուն է Արեւմուտքում: Պետք է խոստովանեմ, որ հայ կանայք իրենց հմայքով վաղուց գերել են ինձ»: Կոմպոզիտորը հատկապես նշեց Հոլանդիայում ՀՀ դեսպան, իր խոսքերով՝ հմայիչ Ձյունիկ Աղաջանյանին, ասելով, թե նա դասական երաժշտության սիրահար է, ում հետ ծանոթացել է մայիսին՝ ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված համերգում. «Ծրագիրը ընդգրկում էր Կոմիտասից մինչեւ հայկական ժողովրդական երգարվեստ, ինչպես նաեւ հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների երկեր: Մասնակցում էին բացառապես հայ երաժիշտներ, որոնց ներկայացրած արվեստին հաջորդ օրը անդրադարձան հոլանդական առաջատար ԶԼՄ-ները»: Հոլանդացի կոմպոզիտորը նաեւ հայտնեց, որ մշակութային բուռն գործունեություն ծավալած հայ համայնքը Մաաստրիխտ քաղաքի եկեղեցում մշտապես հնչեցնում է հոգեւոր երաժշտություն:

Հաճախ Հայաստան այցելող Հոլանդիայի Նեյմեգեն քաղաքի համալսարանում արվեստի մենեջմենթ դասավանդող մեր զրուցակցից հետաքրքրվեցինք իր եւ մեր երկրում մենեջմենթի արդյունավետությունից: «Հանրամատչելի երաժշտության ոլորտում այն հիանալի է աշխատում թե մեզ մոտ, թե ձեզ մոտ, ինչը չէի ասի  դասական երաժշտության մասին»,- հայտնեց Ռոլֆ Ստրավերը:

Մեր զրուցակիցը ասաց, որ անցյալ տարի Երեւանում հյուրախաղերով հանդես եկած Ամստերդամի  Royal Concertgebouw նվագախմբի արտիստները, տպավորված Հայաստանով, ցանկություն ունեն կամերային կազմով  կրկին հանդես գալ հայ ունկնդրի առջեւ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Ռոլֆ Ստրավերը` Տիգրան Մանսուրյանի հետ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031