Բասկետբոլի ազգային հավաքականի կազմավորումը մեկ օրվա գործ չէ:
Դեռ բազմաթիվ խնդիրներ կան լուծելու` քաղաքացիության հարց, ուսումնամարզական հավաքների կազմակերպման, մրցումների մասնակցության ժամանակ հավաքականի անդամների ժամանման, բնակության եւ այլ, որոնք կապված են ֆինանսների հետ: Այդ բոլոր հարցերի կարգավորմամբ զբաղվում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Պատասխանելով այս մասին Aravot.am-ի հարցին` գլխավոր մարզիչ Կարլ Բարդակյանն ասաց, որ Ամերիկայում էլ կան մարդիկ, որոնք բոլոր հարցերով պատրաստ են աջակցել: Նրանցից մեկն էլ ասուլիսին ներկա Թոմիկ Ալեքսանյանն է. «Թիմը շատ խանդավառ է: Ես վստահ եմ, որ այս ասուլիսին մասնակցող Կարլը, Զորիկ Իսաջանին, Զարեհ Զարգարյանը, Մայք Դանիելյանը եւ հավաքականի մյուս անդամները, որոնք այս պահին բացակայում են, եթե ասացին, որ պիտի հաղթեն, ուրեմն մենք բոլորս շատ մեծ հույս պիտի ունենանք: Եվ որքան ուրախ ենք նաեւ, որ ասում են, թե Եվրոպայի առաջնությունը պիտի լինի Երեւանում: Իրենք լավ գիտեն, որ պատմություն են կերտում: Որքան ես եմ տեղյակ, 20 տարի Հայաստանն ուզում է մասնակցել բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը: Հիմա սա առաջին առիթն է: Հուսով եմ, որ իրենք լավ օրինակ կծառայեն, որպեսզի հետագայում հայ երիտասարդները պատվով կրեն Հայաստանի հավաքականի մարզահագուստը: Մենք անընդհատ խոսում ենք Սփյուռք-Հայաստան համագործակցության մասին եւ սա այդ առիթն է: Տղաները շատ ոգեւորված են: Ինչ վերաբերում է իմ աջակցությանը հավաքականին, երբ Կարլն ու Զորիկը առաջին անգամ ինձ դիմեցին, իմ գործը դարձավ աշխատանքների համադրումը, Ամերիկա-Հայաստան պաշտոնական կապերով զբաղվելը ինտերնետով կամ հեռախոսով: Ես էլ աշխատում եմ իմ գործը լավագույնս անել: Դա ինձ համար մեծ պատիվ է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































