Սլովակիայում հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում մեկական ոսկի, արծաթ ու երկու բրոնզ նվաճած Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Մովսես Կարապետյանն ու մեդալակիր ըմբիշները այսօր մարզական լրագրողների հետ ամփոփեցին առաջնության արդյունքները։
Ավագ մարզիչը նշեց, որ իր ղեկավարած թիմն աշխարհի առաջնությանը մասնակցել է ամբողջական կազմով և կարող էին ավելի շատ մեդալներ նվաճել, սակայն տարբեր պատճառներով չստացվեց և թվարկեց այն քաշային կարգերը, որոնցում իր սպասելիքները չեն արդարացել։ Նա դրվատանքի խոսքեր ասաց աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած 77 կգ քաշային Սամվել Տերտերյանի հասցեին՝ ընդգծելով, որ ըմբիշն իր բոլոր գոտեմարտերում հաղթել է բացահայտ առավելությամբ և միայն եզրափակչում է հավասար միավորներով առավելության հասել, թեև մրցակցին արդեն հասցրել էր հաղթել Եվրոպայի առաջնությունում։
«Մեր հավաքականի ամենաթույլ օղակը թերևս 130 կգ քաշային կարգն է։ Ճիշտ է, այստեղ ունենք երկու խոստումնալից ըմբիշներ, որոնք պատանեկան տարիքից նոր են տեղափոխվել, սակայն նրանք համապատասխան քաշ և ուժ դեռ չեն հավաքել։
Կարդացեք նաև
Ունենք արդեն սերնդափոխված մարտունակ լավ հավաքական, բայց շուտով մեծահասակների տարիքային խումբ ենք գործուղելու մրցանակակիր մեր ըմբիշներից երկուսին։ Ընդհանուր առմամբ մասնակցությունը աշխարհի առաջնությանը գնահատում եմ լավ։ Արեցինք այն, ինչ կարող էինք, ունենք այն, ինչ ունենք»,-ասաց մարզիչը։
Սամվել Տերտերյանը հակիրճ խոսեց իր գոտեմարտերի մասին, սակայն առանձնացրեց եզրափակիչ գոտեմարտը, որտեղ պարտության մատնեց ադրբեջանցուն։ «Նրան պարտության էի մատնել նաև Եվրոպայի առաջնությունում։ Կուզենայի խոշոր հաշվով հաղթել, բայց այս անգամ այսպես ստացվեց։ Աշխատելու եմ մեծահասակների մեջ նույնպես կրկնել նույն արդյունքը»,-հույս հայտնեց ըմբիշը։
Յուրի Պետրոսյանը նշեց, որ սա իր համար աշխարհի առաջնության առաջին մեդալային մրցագորգն էր։ «Բոլոր մրցակիցներս էլ ուժեղ էին, բայց ես լավ նախապատրաստված էի և գոտեմարտերին մոտենում էի միայն հաղթելու տրամադրվածությամբ։ Իսկ վճռորոշ գոտեմարտում պարտվելուս պատճառը, թերևս, ճապոնացի ըմբիշի փորձառությունն էր»,-ասաց ԱԱ արծաթե մեդալակիրը։
«Բոլորս էլ շատ լավ էինք նախապատրաստվել։ Ես նույնպես։ Բայց ստացվեց այնպես, որ իմ ցույց տված արդյունքից ավելին անել չկարողացա։ Ուրեմն պետք է ավելի լավ մարզվենք»,- ասաց բրոնզե մեդալակիր Էրիկ Տեր-Մաթևոսյանը։
Յուրիկ Մխիթարյանը, որը նույնպես երրորդ մրցանակով է տուն վերադարձել, նշեց. «Անցած տարի 60 կգ քաշային կարգում էի գոտեմարտում ու ժամանակը չէր բավականացրել 67 կգ-ին լիովին հարմարվելու համար։ Ներկայումս ավելի շատ ֆիզիկականս է հետ մնում։ Կարողացա անել այն, ինչ կարողացա։ Բայց պետք է շարժվել առաջ»,-ասաց մարզիկը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































