Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության վրա ամենաազդեցիկ միջոցը ճնշում գործադրելն է»

Օգոստոս 08,2013 18:14

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ նոր ուսումնական տարվա սկզբից Հայաստանի մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատութոյուններում վարձավճարները կտրուկ կբարձրացվեն: Օրինակ՝ Երևանի պետական համալսարանում ուսման վարձավճարը բակալավրի 59 մասնագիտությունների համար բարձրացել է 100 000 ՀՀ դրամով, իսկ մագիստրատուրայինը` 20-ինը 100 000-ով: Ներկայումս մայր բուհում ուսման նվազագույն վարձավճարը 400 000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 800.000: Սակայն թանկացումը միայն Երևանի պետական համալսարանին չի վերաբերում: Անի Նավասարդյանը, ով մասնակցում է «Միասին կանխենք Բուհերի վարձավճարների թանկացումը» ակցիային մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք պատրաստվում են նամակ-դիմումներ հղել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հիմնավորումներ ստանալու և վարձավճարների թանկացումը կանխելու համար:

« Մենք որոշել ենք սկզբում հանդես գալ նամակ-դիմումներով, եթե չազդի միանշանակ դասադուլի կոչեր ենք անելու,- ասում է Անի Նավասարդյանը,- կարծում եմ, որ այս տեսակ անօրեն կառավարության վրա ամենաազդեցիկ միջոցը՝ ճնշում գործադրելն է: Մենք բավականին կիրթ երիտասարդներ ունենք, որոնք նույնիսկ զարգացման ծրագրեր են մշակում, սակայն կառավարության հետ ինչ հույսեր կարող ենք կապել» :
Ըստ Անի Նավասարդյանի, ով սովորում է Երևանի Պետական Կոնսերվատորիայում մագիստրատուրա 2-րդ կուրսում, այսօր Կոնսերվատորիան լուրջ խնդիրներ ունի, որոնք չեն լուծվում: Նույնիսկ գրադարանում ժամանակակից գրականություն չկա. «Սովետից այս կողմ Կոնսերվատորիայում ոչինչ չի փոխվել, միայն վարձերն են գնալով բարձրացել: Իսկ այս դեպքում ինչի՞ համար պետք է վճարել»:

Անին պատմում է, որ իրենք նույնիսկ դասախոսների հետ են զրուցել: «400.000-600.000 բարձրացնելու արդյունքում իրենց աշխատավարձերը չնչին բարձրացել են,- ասում է Անին,- բայց զուգահեռ բարձրացել են աշխատավարձից պահումները, արդյունքում իրենք ստանում են այնքան, ինչքան մինչև բարձրացնելն էին ստանում: Իմ սովորելու ընթացքում 2 անգամ 100.000 –ական դրամով գին են բարձրացրել, բայց ես որևէ էական փոփոխություն չեմ զգացել Կոնսերվատորիայում, հա միայն մեկ երկու պատ են ներկել, բայց ամեն ինչ դրանով չի որոշվում»:
Օգոստոսի 9-ին հավաք կանեն Մաշտոցի պուրակում. ասում է ակտիվիստ Անի Նավասարդյանը. «Որովհետև այս հարցը այսպես թողնել չի կարելի: Ամենաճիշտ տարբերակը կլիներ, եթե մենք կարողանայինք պարզել, թե իրականում ինչպես են տնօրինվում գումարները, ծրագրային ահագին մեծ փոփոխություններ մտցնեինք, բայց դրա համար շատ ժամանակ է պետք: Կարծում եմ՝ կառավարությունը մինչև ուսման վարձերը թանկացնելը ահագին մեծ աշխատանք ունի անելու, որ չի անում: Այս շրջանում պիտի ամեն կերպ չթողնենք վարձավճարները թանկացնեն, իսկ հետո կզբաղվենք ավելի խորքային հարցերով»:
Ակտիվիստի խոսքով՝ շատ շնորհալի երեխաներ ուղղակի թողնում են Հայաստանը, գնում արտասահման սովորելու, որովհետև գիտեն, ինչքան վճարեն, այդքան էլ գիտելիք են ստանալու, իսկ այստեղ վճարում ենք շատ, բայց համարյա թե գիտելիք չենք ստանում:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մեկնաբանելով խնդիրը, նշել էր, որ թանկացումն անխուսափելի էր, քանի որ ցածր վարձավճարով որակյալ կրթություն չէր կարող ապահովվել: ՀՀ ԿԳ նախարարը նշել է նաև, որ դրա հետևանքով բարձրացել են դասախոսների աշխատավարձերը:

 

 

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031