«Հայ-թուրքական պետական դիվանագիտությունը կանգ է առել ինչ-որ անհայտ մի կետի վրա, մինչդեռ հասարակական դիվանագիտությունը՝ ի դեմս երկկողմ տնտեսական համագործակցության, նոր թափ է ստանում»,- այսօր Վանում մեկնարկած Հայ–թուրք երիտասարդ գործարարների համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ծրագրերի ղեկավար Արմեն Մելքոնյանը:
Համաժողովն իրականացվում է նշյալ միության նախաձեռնությամբ՝ «Երիտասարդ գործարարները միջսահմանային տնտեսական համագործակցության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների գործարար երիտասարդների միջև համագործակցության ստեղծմանն ու խթանմանը: Հայ եւ թուրք գործարարներին մեկ սեղանի շուրջ համախմբելու փորձ միությունը վաղուց ունի, սակայն առաջին անգամ է, որ շեշտը դրվում է երիտասարդ գործարարների վրա. «Երիտասարդ գործարարներն ավելի անկաշկանդ են, համատեղ քննարկումներին և առկա խնդիրները բարձրաձայնելուն՝ ավելի բաց»,- պարզաբանում է Արմեն Մելքոնյանը:
Եռօրյա գործարար համաժողովը, որը միտված է միջսահմանային տնտեսական գործունեության զարգացմանն աջակցելուն և տարածաշրջանում խաղաղաշինության խթանմանը, բաղկացած է երկու հատվածամասից՝ պլենար հանդիպումից և հայ-թուրք երիտասարդ գործարարների (գործատուների) միջև անհատական գործարար հանդիպում-բանակցություններից: Համաժողովի առաջին օրը՝ օգոստոսի 15-ին, քննարկվեցին Հայաստանի և Թուրքիայի, մասնավորապես՝ Երևանի և Վանի երիտասարդ գործարարների միջև առևտրատնտեսական կապեր հաստատելու հնարավորությունները և նախադրյալները: Իր զեկույցներից մեկում Արմեն Մելքոնյանն անդրադարձավ Հայաստանի և Թուրքիայի միջև գործարար համագործակցության ներկա իրավիճակին, առկա մարտահրավերներին և խոչընդոտներին՝ հավելելով, որ երկու հարևան երկրների միջեւ հարաբերությունները կարգավորող որեւէ իրավական փաստաթղթի բացակայության պայմաններում միակ բանը, որը կարգավորում է երկու երկրների միջեւ հարաբերությունները, բիզնեսի էթիկայի կանոններն են: Տարակուսանքների և տեղեկատվության պակասի պայմաններում, երբ չկան հարաբերությունները կարգավորող ֆորմալ երաշխիքներ, ստեղծված ճեղքը հաղթահարելու միջոցներն են դառնում վստահությունը և բիզնես էթիկան, որը կարող է կարգավորող դեր խաղալ և հանդիսանալ ոչ-ֆորմալ երաշխիք. «Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում գործարարների իրավունքների ու շահերի պաշտպանության միակ ձևն է բիզնես էթիկայի վրա հիմնված փոխադարձ վստահությունը, որը շատ դեպքերում ավելի արդյունավետ և ուժեղ միջոց է,- նշեց Արմեն Մելքոնյանը»:

Կարդացեք նաև
«Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Մուշեղ Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ գործարար շփումները պետք է հասցնել այն մակարդակի, որ դրանք սկսեն ազդեն քաղաքականության վրա: Ըստ նրա՝ երկու երկրերի գործարարների համար ավելի հեշտ կլինի համագործակցել, քանի որ կա փոխադարձ շահ:
«Վանի երիտասարդ գործարարների միության» նախագահ Էրեն Գյոքչենայն իր ելույթում նշեց, որ քաղաքականությունը չպետք է խոչընդոտի տնտեսությանը, ապա իր մտահոգությունը հայտնեց՝ ինչո՞ւ հայերը եւ թուրքերը երրորդ երկրի, այսինքն` Վրաստանի տարածքով պետք է շփվեն միմյանց հետ:
Արմեն Մելքոնյանի խոսքերի համաձայն՝ 2012 թ. Հայաստան-Թուրքիա երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 210 մլն ԱՄՆ դոլար, իսկ ըստ տարբեր գնահատումների՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելի մեծ ծավալներ ունի: «Թուրքիայի արտաքին առևտրի վիճակագրական հրապարակումներում բացակայում է որևէ տվյալ Հայաստանի հետ առևտրային գործառնությունների վերաբերյալ. Թուրքիայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Հայաստանի հետ առեւտրաշրջանառությունը զրո է»:
Թուրք գործարար Բերիս Գյոքչենայի խոսքերով՝ պետք է ճնշում գործադրել բացասական կարծիքներ տարածողների, քաղաքականություն եւ դիվանագիտություն թելադրողների վրա, եւ դա կարող են անել երիտասարդ գործարարները:
Համաժողովի շրջանակներում գործարար ոլորտի երիտասարդ ներկայացուցիչներն անհատական գործարար հանդիպումներ ունեցան իրենց հետաքրքրող տարատեսակ ոլորտներ ներկայացնող Վանի երիտասարդ գործարարների հետ: Օրվա վերջում, նախատեսվածի համաձայն, «Երևանի և հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» և «Վանի երիտասարդ գործարարների միության» միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով երկու կողմերի երիտասարդ գործարարների միջև ստեղծվեց համագործակցության նոր հարթակ:
Առաջիկա երկու օրերին նախատեսված են հայ գործարար երիտասարդների այցելություններ Վանում տեղակայված ձեռնարկություններ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանան տեղի արտադրության և համատեղ բիզնես հնարավորությունների հետ:
Արմեն Մելքոնյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների)
ծրագրերի ղեկավար


















































