Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է նաեւ այնպես լինել, որ ուսման վարձը ավելացնես, բայց ստանաս հակառակ էֆեկտը»

Հոկտեմբեր 12,2013 10:34

Ի՞նչ է կատարվում Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմն ինչո՞ւ է ընդվզել ղեկավարության դեմ, ինչո՞վ բացատրել, որ ուսման վարձերի բարձրացմանը հակառակ՝ դասախոսների աշխատավարձերը ոչ միայն չեն ավելացել, այլեւ նկատելիորեն՝ մոտ 30 տոկոսով իջել են։ Եվ սա այն դեպքում, երբ զանգվածային կրճատումների «արդյունքում» մարդկանց աշխատանքի ծարաբեռնվածությունը մեծացել է:

Ի՞նչ է մտածում այս ամենի մասին ԵՊՃՀ կառավարման խորհրդի նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը, ինչպե՞ս է պատկերացնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։ Այս հարցերի պատասխանը նա տվել է «Հայոց աշխարհ» օրաթերթին:   

-Ինչո՞ւ ուսման վարձերի բարձրացումը, որի հիմնավորումներից մեկն էլ դասախոսներին պատշաճ աշխատավարձ տալու հրամայականնն էր, այս դեպքում հակառակ էֆեկտ ունեցավ։

-Ուսման վարձի բարձրացումը միշտ չէ, որ բերում է դիմորդների քանակական աճի։ Ավելին՝ այս տարի ճարտարագիտական համալսարանում (կարծում եմ, այդ խնդիրը կա նաեւ մյուս բուհերում), դիմորդների թիվը բավականին նվազել է։ Բնականաբար դա իր հետ բերելու էր ֆինանսական հոսքերի, մուտքերի նվազեցման, ինչը իր հերթին հանգեցրել է այն իրավիճակին, որի մասին խոսում ենք։ Սա է հիմնական խնդիրը, որի առջեւ կանգնած է մեր բուհական համակարգը, այդ թվում՝ նաեւ ճարտարագիտական համալսարանը. աշխատավարձերը կախված են ռեալ ֆինանսական մուտքերից՝ եթե այդ մուտքերը կրճատվում են, բոլոր հոդվածներով ծախսերը կարող են պակասել։

-Ըստ էության, ուսման վարձերի բարձրացումն իրեն չի արդարացրել՝ չի ծառայել իր նպատակին։

-Ձեռնպահ կմնամ նման գնահատականներից, բայց, այո, կարող է նաեւ այնպես լինել, որ ուսման վարձը ավելացնես, բայց ստանաս հակառակ էֆեկտը։ Դրա համար պետք է հաշվի առնես շուկան, որտեղ գործում ես։ Մյուս կողմից՝ պետք է ասել, որ ճարտարագիտական համալսարանն ունի մի առանձնահատկություն, որով տարբերվում է մյուս բուհերից։ Շատ բուհերում դասախոսը մտնում է լսարան եւ կարդում իր դասախոսությունը, մինչդեռ ճարտարագիտականը պրակտիկ գիտությունների համալսարան է, որտեղ տեսական գիտելիքները պետք է հիմնավորվեն, արմատավորվեն լաբորատոր աշխատանքներով։ Այստեղ ամենանյութատար, ծախսատար ուղղություններից մեկը լաբորատոր ուսուցումն է։

-Հակասական թվեր են բերվում՝ կրճատումների հետ կապված. մի կողմից, ասում են՝ գործից հեռացվել է 150 աշխատակից, որոնցից 36-ը դասախոսներ են, մյուս կողմից՝ առարկում են, թե այդ թվերը խիստ ուռճացված են։ Իրականում քանի՞ մարդ է ազատվել աշխատանքից։  -Դա ռեկտորատի իրավասության հարց է՝ կառավարման խորհրդի ոլորտից դուրս է, բայց կարող եմ ասել, որ կրճատումները հիմնականում կապված են եղել տարիքի հետ։ Արհկոմի նիստում, օրինակ, ելույթ ունեցավ վաստակաշատ դասախոսներից մեկը, ասաց՝ ես 80 տարեկան եմ, ու վրդովվեց, որ իրեն ընդամենը կես դրույք են տալիս։ Այսինքն՝ նաեւ այս խնդիրը կա. ճարտարագիտականում քիչ չեն տարիքն առած դասախոսները, որոնք, այո, հեղինակություն են, 50-60 տարի աշխատել են, իրենց կյանքը նվիրել պոլիտեխնիկին։ Բայց նաեւ սերնդափոխության, նոր, երիտասարդ կադրերի առաջխաղացման, գիտության զարգացման, բազմաթիվ այլ խնդիրներ ունենք, որ պետք է լուծվեն։

 

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031