Լրահոս
Օրվա լրահոսը

Չհայտնվել ծուղակում

Հունվար 15,2014 12:12

Ո՞ր քաղաքական ուժը Սերժ Սարգսյանի համար կլինի հարմար «ընդդիմությունը»

Ռոբերտ Քոչարյանի զույգ հարցազրույցները առիթ հանդիսացան քննարկելու իշխանական դաշտում հնարավոր վերադասավորումները, Քոչարյանին վարչապետի պաշտոն առաջարկելու հնարավորությունները:

Սակայն պակաս կարեւոր չէ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկրորդ շրջանում «արժանավոր» ընդդիմության հասունացման հարցը, որին էլ, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն իշխանություն հանձնի արդեն հաջորդ նախագահական ընտրությունների արդյունքում:

Խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց տեսակետները հայտնեցին Քոչարյանի հնարավոր վերադարձի շուրջ․ ոմանք Քոչարյանի ներկայացրած գնահատականները խորհրդարանական ուժերի ներկայացրած տեսակետների հետ համահունչ համարեցին, ոմանք հրաժարվեցին այդ հարցազրույցները ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ համարել, թեեւ ինքը Քոչարյանը իր հարցազրույցներում դա չի էլ փորձել բացառել:

Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության առաջնորդի դափնիներին տիրանալու հարցում պայքար է մեկնարկելու ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջեւ, թեեւ այս ուժերը, նաեւ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» այսօր քայլեր են անում տարբեր խնդիրների շուրջ միասնական հանդես գալու հարցում:

Քոչարյանի հարցազրույցները, ինչ-որ առումով խառնեցին ընդդիմադիր դաշտի խաղացողների խաղաքարտերը: Հիմա, կարծես, ընդդիմության «առանցքի» հստակեցման խնդիր է առաջացել: Մինչ այժմ ՀԱԿ-ում համարում էին, որ ընդդիմության հիմնական առանցքը ՀԱԿ-ն է եւ նրա շուրջ պետք է համախմբվեն բոլորը: Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն էլ առաջիկայում կարող է նման հավակնություններ ունենալ եւ բարձրաձայնել այդ մասին: Չի կարելի բացառել, որ Քոչարյանի հարցազրույցների արդյունքում, երբ ժամանակի ընթացքում ԲՀԿ-ն Քոչարյանի հանդեպ իր դրական վերաբերմունքն ավելի ցայտուն դարձնի՝ սրվեն նաեւ ԲՀԿ-ՀԱԿ ջերմ հարաբերությունները, այսինքն, երբ ավելի ակնհայտ դառնա, որ ԲՀԿ-ն «ընտրում» է Քոչարյանին, ոչ թե Տեր-Պետրոսյանին:

Սա ընդդիմադիր դաշտում հնարավոր զարգացումների մասին․․․ Պակաս կարեւոր չէ նաեւ հարցը, թե նշված պայքարը ընդդիմադիր դաշտում որքանո՞վ կարող է ձեռնտու լինել Սերժ Սարգսյանին, այլ կերպ ասած, ո՞ւմ կնախընտրի Սերժ Սարգսյանը որպես «արժանի» ընդդիմադիր:

Հազիվ թե ՀԱԿ-ին: Սերժ Սարգսյանի իշխանության համար ամենահարմար «ընդդիմությունը» Քոչարյան-ԲՀԿ «առանցքը» կարող է լինել: Նման ծրագիրը, իհարկե, իր հերթին կարող է վկայել այն մասին, որ այսպիսի սցենարը հենց Բաղրամյան 26-ում գծված պրոյեկտ է, հենց այն Բաղրամյան 26-ում, որին վերջին շրջանում ամենաթունդ քննադատողները իրենցից առանձնացնում էին եւ գործի էին դրել՝ «կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» բանաձեւը:

Ավելի պարզ ասած՝ ընդդիմադիր ուժերը շատ հնարավոր է հայտնվեն «կոտրած տաշտակի առջեւ», որովհետեւ, եթե Սերժ Սարգսյանի իշխանության համար իշխանության վերարտադրումը կարող է կյանքի կոչվել Քոչարյանով ու ԲՀԿ-ով, ապա կնշանակի, որ «այլընտրանքային» ԲՀԿ-ն, որը ոչ միայն իշխանական բուրգից իրականում չի պոկվել, այլեւ իրական ընդդիմություն այդպես էլ չդառնալով՝ հավակնում է իշխանության գալ:

Այնպես որ, ստեղծված իրավիճակում քաղաքական դաշտը, կարծես, առավելապես ականապատ է դառնում հենց ընդդիմադիրների համար, որոնց ամեն մի անզգույշ քայլը, ընդդիմության «առանցքի» համար տարվող պայքարը կարող է ավարտվել որոշների՝ քաղաքական պրոցեսների լուսանցքից դուրս մնալով:

Այլ կերպ ասած, մեծ է վտանգը, որ ընդդիմությունն էլ ակամայից ներքաշվելով Բաղրամյան 26-ի ծրագրերում, կաշխատի հենց ինքն իր դեմ՝ հայտնվելով ծուղակում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031