Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րը պետք է լինի իշխանափոխության նպատակը

Ապրիլ 17,2024 13:00

Առանց ներքին համերաշխության հնարավոր չէ պետություն կառուցել

Իշխանափոխությունն, անշուշտ, պետք է լինի բոլոր ընդդիմադիր ուժերի վերջնական նպատակը: Առանց իշխանափոխության ոչ մի հրաշք մեզ չի փրկի պետականության կորստից: Այնպես չէ, որ իշխանափոխության դեպքում Հայաստանը պարտադիր կխուսափի այդ վտանգից, բայց այդ պարագայում գոնե շանս կունենանք ինքնիշխանությունը պահպանելու:

Այդ շանսը հնարավոր կլինի օգտագործել, իհարկե, միայն այն դեպքում, եթե Հայաստանը վարի ավելի հավասարակշռված, ավելի մտածված արտաքին քաղաքականություն: Բայց կա, իմ կարծիքով, եւս մի անհրաժեշտ նախապայման՝ ներքին համերաշխությունը:

Պառակտված հասարակությունը չի կարող արդյունավետ գործող պետական ինստիտուտներ ունենալ: Եթե «սեւերն» ու «սպիտակները», «ներկաներն» ու «նախկինները», հետապնդողներն ու հետապնդվողները պարզապես փոխվեն տեղերով, դրանով ոչինչ չի փոխվի: Կպահպանվի այն վիճակը, երբ երկրի նոր ղեկավարը՝ բավարարված չլինելով իրեն տրվող «շոկոլադի» քանակով, իշխանական գործիքներին ձեռք գցելով (ռուսերեն լավ  բառ կա՝ «дорвался»), կսկսի վրեժ լուծել իրեն նեղացրածներից: Այդ առիթով, պետք է խոստովանել, Փաշինյանը ճշգրիտ է նկարագրել իր հոգեվիճակը:

Այդպիսի զարգացում մեզ պետք չէ, եթե նույնիսկ «ժողովուրդը» (այսինքն՝ ակտիվ քաղաքացիների մեծամասնությունը) շարունակի հրճվել վրեժխնդրության տեսարաններով:

Պատերազմ վարող երկրում (որպիսին, անշուշտ, մենք ենք) նման իրավիճակը տանում է նոր պարտությունների՝ եթե, իհարկե, քաղաքական ռեժիմը տոտալիտար չէ, եւ մարդկանց վարքն ուժով պարտադրելու մեխանիզմներ չկան: Մեր դեպքում հասարակական մոբիլիզացիան կարող է լինել միայն կամավոր կերպով՝ փոխվստահության հիմքի վրա:

Մինչդեռ Հայաստանում որեւէ վստահություն չկա՝ նախեւառաջ պետական ինստիտուտների նկատմամբ: Գոյություն չունեն նաեւ հասարակական հեղինակություններ՝ ցանկացած մտածող մարդու սոցցանցերով վարկաբեկելը 3 րոպեի խնդիր է: Նույն պատճառով մարդիկ չեն հավատում որեւէ քաղաքական ուժի: Ավելին՝ ներկայիս վարչապետի հանդեպ որոշ շրջանակների դրական վերաբերմունքը պայմանավորված չէ նրանով, որ այդ շրջանակները հիացած են Փաշինյանի իմաստուն ներքին եւ արտաքին քաղաքականությամբ: Պարզապես նրանց «դզում է», որ երկրի ներկայիս ղեկավարը կարողացել է «կզցնել թալանչիներին»:

Դա փակուղային վիճակ է, եւ այդ փակուղուց ելքը անհրաժեշտ է փնտրել հիմա: Ընդ որում, դա պետք է անեն այսօր գոյություն ունեցող քաղաքական եւ հասարակական ուժերը: Որեւէ այլ մոլորակից դրանք Հայաստան չեն ժամանի:

Այդ առումով հետաքրքիր էր անցած շաբաթ «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպած քննարկումը, որին մասնակցում էին ամենատարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ: Նրանք կարողացան առանց վրդովվելու, բարկանալու, առավել եւս՝ առանց միմյանց պիտակներ կպցնելու իրար լսել: Հասարակական գործընթացը, որը կարող է բերել իշխանափոխության, պետք է լինի ներառական:

Այդ գործընթացի ավարտը ես պատկերացնում եմ «գիծ քաշելու» տեսքով: Բայց այդ գիծը պետք է քաշվի ոչ թե հասարակության մեջտեղով, այլ, այսպես ասած, «ժամանակի մեջ»: Այսինքն՝ մեկը պետք է գա եւ ասի՝ «վե՛րջ պառակտումներին, էլ չկան «սեւեր» ու «սպիտակներ», մենք մի՛ ժողովուրդ ենք, մի՛ երկրի քաղաքացիներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930