Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանդա Փոլ. «Սարգսյանի այս որոշումն ավելի կախյալ դարձրեց Հայաստանը». «168 ժամ»

Փետրվար 06,2014 11:29

Հատված Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» վերլուծաբան, Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի փորձագետ Ամանդա Փոլի հետ հարցազրույցից:

Ինչպես Ուկրաինան, այնպես էլ Հայաստանը, ի թիվս մի քանի այլ երկրների, հանդիսանում են ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ, և նրանք երկուսն էլ, ըստ էության, ենթարկվեցին ռուսական ճնշմանը՝ արդյունքում բավական անսպասելիորեն հրաժարվելով ԵՄի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և նախաստորագրումից։ Ուստի, կարելի է ասել, որ Հայաստանի ու Ուկրաինայի ճակատագրերն այս իմաստով բավական մոտ են։ Արդյոք ճի՞շտ կլինի այն ձևակերպումը, որ Ուկրաինան այսօր որոշակիորեն Հայաստանի դարպասն է՝ Ռուսաստանի ազդեցությանը դիմագրավելու առումով։ Եթե Ուկրաինայում իշխանության գան եվրոպամետ ուժեր, սա կարո՞ղ է ազդել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հեռանկարի վրա։

 

– Որքան Ուկրաինայի և Հայաստանի ճակատագրերը ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի հետաձգման իմաստով ունեին նմանություններ, այնքան էլ տարբերություններ կան։ Ռուսաստանի լծակները Հայաստանում շատ ավելի հզոր են և նշանակալի։ Այդ լծակներն ընդգրկում են առևտուրը, տնտեսական ներդրումները, էներգետիկ ոլորտը, միգրացիան և, իհարկե, անվտանգությունը։

Երկրորդ հանգամանքն այն է, որ եվրոպական ինտեգրացիան Ուկրաինայի հասարակության մեծամասնության համար նշանակում է՝ քաղաքակրթական ընտրություն՝ ընտրություն մի կողմից՝ արժեքների և ազատության, և մյուս կողմից՝ ճնշման միջև, ժողովրդավարության և բռնատիրության միջև։ Այսպիսի պատկերացում կամ տեսլական Հայաստանում չկա։

Ժողովրդավարությունը ևս Ուկրաինայում շատ ավելի զարգացած է, քան Հայաստանում։ Ուկրաինան ունի բազմակարծիք քաղաքական դաշտ, շատ ակտիվ քաղաքացիական հասարակություն, իսկ Ուկրաինայի խորհրդարանը մինչև վերջին դեպքերը պարզապես դակողի դեր չէր կատարում։ Բացի այդ՝ Հայաստանն ընդունել է Մաքսային միությանը միանալու առաջարկը և շատ մեծ արագությամբ գնում է այդ ուղղությամբ՝ չնայած այն փաստին, որ դա վատ ընտրություն է երկրի համար։ Եթե Ուկրաինայի ղեկավարությունը երկիրը տանի դեպի Մաքսային միություն, համոզված եմ, որ այդ երկիրը կպայթի։

 

Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով՝ կա՞ հավանականություն, որ հակաիշխանական հզոր շարժումներ կսկսվեն նաև Հայաստանում։

– Եթե նման բան հնարավոր լիներ, ապա այն արդեն պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը։ Մինչդեռ մենք Հայաստանում տեսանք միայն որոշ խաղաղ ցույցեր, որոնք բավական փոքր էին, իսկ Հայաստանի իշխանությունները դրանց պատասխանեցին բռնի ուժի կիրառմամբ, ինչը դատապարտվեց։ Դժբախտաբար, Սարգսյանի այս որոշումն ավելի կախյալ դարձրեց Հայաստանը։ Հայ հասարակությունը շատ ավելի պասիվ է, քան ուկրաինացիները՝ լավ կյանքի, ավելի ժողովրդավարական

ապագայի, մարդու իրավունքների, ազատության և օրենքի իշխանության համար պայքարելու իմաստով։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728