Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանվածներն էլ են տոնում Տեառնընդառաջը

Փետրվար 13,2014 17:57

Փետրվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջ տոնը: Այս տոնի շրջանակներում «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Տեր հայրը խոսեց Տեռնընդառաջ տոնի խորհրդի և Առաջավոր Պահքի մասին:

«Պահքը անբաժանելի մասն է  քրիստոնեական կյանքի  և առավել ևս քրիստոնյա անհատի ձևավորման համար, քանի որ պահքը կոչված է մարդու մարմինը տկարացնելով՝ հոգին ավելի զորացնելու: Առաջավորաց պահքը հենց առաջին պահքն է, որը սահմանել է Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս գալու համար: Պահքի ժամանակ մարդիկ հրաժարվում են կենդանական սննդից և ամենակարևորը ուշադրություն են դարձնում  իրենց հոգևոր, բարոյական կեցվածքին»:

Հայ առաքելական եկեղեցին այս օրը սկսելու է տոնել նախատոնակով:  Այս տոնն իր մեջ կրում  է կարևոր խորհուրդ: «Հրեական իրականության  մեջ կար ավանդույթ՝ երբ զավակը ծնվում էր, 40 օրականում ընծայում էին տաճար, և ով ինչի հնարավորություն ուներ զոհաբերում էր՝ Մովսեսի օրենքի համաձայն»:

Տեր Շմավոնը նաև անդրադարձավ ժողովրդական ավանդույթ դարձած  խարույկի վառման արարողությանը: Նա ասաց, որ դա ոչ թե եկեղեցական, այլ ժողովրդական ավանդույթ է, շատ դեպքերում այն նույնիսկ համարվում է խաղ: «Սխալ է այն կարծիքը, որ կրակ վառելու արարողությունը գալիս է հեթանոսական ժամանակներից: Սա պարզապես գեղեցիկ ավանդույթ է, եկեղեցին սրա մեջ  ոչ մի դավանաբանություն չի տեսնում: Այնուամենայնիվ, սա դոգմա չէ, երբ ասում են՝ կրակի վրայից թռչելով կերջանկանաս: Յուրաքանչյուր մարդու  երջանկություն իր մեջ է»:

Իսկ այն հարցին, թե ովքեր են հիմնականում նշում Տեառնընդառաջի տոնը Տեր Շմավոնը պատասխանեց. «Տեառնընդառաջը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ հռչակվեց որպես նորապսակների օր: Այդ օրը պատարագից հետո բոլոր եկեղեցիներում հրավիրվում են այն զույգերը, որոնք պսակադրվել են նախորդ տարում և կատարվում է նրանց մասնավոր օրհնությունը»:

Շատերն են հետաքրքրվում՝ արդյոք նշանվածները տոնում են Տեառնընդառաջը, թե՝ ոչ: Այս մասին Տեր Շմավոնը իր կարծիքը հայտնեց. «քանի որ սա ժողովրդական ավանդույթ է, ամուսնացածները գնում են փեսայի տուն խարույկ են անում և վրայից թռչում են, բայց սա դոգմա չէ, կարող է և՛ ծերը և՛ նշանվածը թռչի: Սա ուրախություն է, իսկ ուրախությունը մարդկանց կտրում է հոգսերից, ցավերից ու տառապանքներից»:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728