Տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նոր սահմանադրության տեքստը։ Այն ներկայացվել է առանձին կայքում։ Նախագիծն ունի 12 գլուխ և 89 հոդված։
Գործող Սահմանադրության հետ համեմատած՝ փոփոխություններից մեկը եկեղեցի-պետություն հարաբերությունների կարգավորումներն են։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին վերնագրով հոդված 15-ում, որը սահմանում է եկեղեցու հետ իրավակարգավորումները, կատարվել է փոփոխություն, ըստ որի՝ հանվել է «կարող են» բառը և ամրագրված է՝ «եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով», մինչդեռ գործող սահմանադրությամբ այս դրույթը ձևակերպված է այսպես՝ «եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:
Նոր սահմանադրության հոդված 19-ում ամրագրված է․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: 2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով»։
Կարդացեք նաև
Հոդված 16-ը նվիրված է ՀՀ խորհրդանիշներին, որտեղ նոր սահմանադրության նախագծում նշված է․ «Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը: Զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով»։ Չկա դրոշի, զինանշանի նկարագրությունը, մինչդեռ գործող սահմանադրությամբ՝ նկարագրված են ՀՀ-ի խորհրդանիշները՝ եռագույն դրոշը, ՀՀ զինանշանը․ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Այս մասին որևէ հիշատակում նոր սահմանադրության նախագծում չկա։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































