Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ-ներն այսօր հայտնվել են բանկերի «ասեղի» վրա

Մարտ 03,2014 17:58

«Հայաստանյան փոքր եւ միջին ձեռնարկությունների, մասնավորապես` արդյունաբերությունը ներկայացնող ձեռնարկությունների զգալի մասը կանգնած է լուրջ մարտահրավերի առջեւ. ֆինանսական լծակը գտնվում է բավականին ռիսկային գոտում, զարգացման համար անհրաժեշտ ներքին աճի պոտենցիալը շատ ցածր է, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար սպառել են գրավի բոլոր հնարավորությունները»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց «Ավենյու Քընսալթինգ գրուպ» ընկերության ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայությունների ղեկավար Կարեն Մարտիրոսյանը, հիմնվելով ընկերության կատարած ներքին ուսումնասիրությունների արդյունքների վրա: Կ. Մարտիրոսյանի խոսքերով, ՓՄՁ-ներն այսօր հայտնվել են բանկերի «ասեղի» վրա` դրանով իսկ սահմանափակելով իրենց զարգացման հնարավորությունները.

«Եթե աճի տեմպեր են ուզում ցույց տալ, ապա այդ աճի տեմպերը կամ պետք է իրենց ներքին ռեսուրսի հաշվին ապահովեն, ինչը ենթադրում է, որ նախկին ժամանակաշրջանում վարած գործունեության արդյունքում ստացած շահույթները վերաներդնել այդ բիզնեսի մեջ, կամ պետք է օգտվեն արտաքին ֆինանսավորման տարբեր ռեսուրսներից: Ժամանակի ընթացքում օգտվելով տարբեր արտաքին ֆինանսավորման ռեսուրսներից՝ այսօր կանգնել են մի փաստի առջեւ՝ ֆինանսական լծակը գտնվում է ռիսկային գոտում: Այսինքն՝ բիզնեսը ֆինանսավորվում է հիմնականում պարտավորությունների հաշվին: Ընդորում, տեղական առեւտրային բանկերից կամ այլ ֆինանսական կազմակերպություններից բիզնեսի զարգացման համար ստացված վարկերի համար գրավադրել են իրենց պատկանող ամբողջ գույքը եւ զարգացման հետագա ծրագրերի համար լրացուցիչ ֆինանսավորման բարդությունների առջեւ են կանգնել: Արդյունքում ստացվում է այնպես, որ նույնիսկ շրջանառու միջոցների ապահովման համար հնարավորություն չեն ունենում լրացուցիչ ֆինանսավորում ակնկալել առեւտրային բանկերից: Վերջապես, ստացված իրավիճակը մեղմելու համար մի բանկից մյուսն են տեղափոխվում վարկի պայմանների բարելավման ակնկալիքով` տոկոսադրույքների նվազեցում, վարկի մարման ժամկետի երկարաձգում, արտոնյալ ժամկետի ստացում եւ այլն»:

image002

Մասնագետը գտնում է, որ այս խնդիրը, մասնավորապես, պայմանավորված է ֆինանսական ռեսուրսների հայթայթման այլընտրանքների բացակայությամբ.

«Օրինակ` մեր ՓՄՁ-ները պատրաստ չեն պարտատոմսերի շուկա մտնելու, այսօր չկան լուրջ ռեսուրսներ, որոնք բաժնեմասնակցային ֆինանսավորմամբ կմտնեն փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրերի մեջ՝ չհաշված սահմանափակ ռեսուրսներով հատուկենտ ֆինանսական կառույցներ: Այսինքն` իրավիճակ է ստեղծվել, որը փակուղու մեջ է դնում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը եւ, եթե այսպես շարունակվի, ապա առաջիկա հինգ տարիներին աճի այդ հնարավորությունը կկորցնենք, որովհետեւ նրանք հազիվ սպասարկում են իրենց եղած վարկերը. սպասում են վարկերը մարեն եւ նոր միայն զարգացման մեկ այլ ծրագիր սկսեն: Եվ քանի որ մեր տնտեսության զգալի մասը ՓՄՁ-ի վրա է հիմնված, տնտեսության աճ այսօր ակնկալել, հատկապես` արդյունաբերության ոլորտում, քիչ իրատեսական է: Պետք է փնտրել այս խնդրի լուծման այլընտրանքներ… »:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31