Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ չեք լսել, նախընտրական շրջան է, դրա համար եք եկել»․ սուր քննարկում՝ ՓՄՁ ներկայացուցիչների, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների միջև

Մայիս 13,2026 22:50 Share

«Գիտեմ՝ չենք արձագանքել, որովհետև ոլորտը մեր ծրագրերին չի արձագանքել, հարգելիս, ոլորտն ասել է՝ թողեք, մեր գողացած ոսկին հանգիստ վաճառենք։ Ասել ենք՝ չենք թողնելու»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՓՄՁ ասոցիացիայի ներկայացուցիչների՝ օրեր առաջ տեղի ունեցած «Տնտեսական քննություն․ ՓՄՁ-ն՝ վաղը» խորագրով հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ նա ընդհատել է Հակոբ Ավագյանին՝ վերջինիս կողմից բարձրացված հարցի վերաբերյալ, թե ինչու չեն կատարվել ծրագրով նախանշված թիրախները ՓՄՁ աջակցության հարցում։

Նշենք, որ բավականին թեժ քննարկում է ծավալվել ՓՄՁ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև։

Հակոբ Ավագյանը, երբ նշել էր, որ ի պաշտոնե հենց Նիկոլ Փաշինյանից է կախված շատ հարցերի լուծում, բարձրացրել էր նաև ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի փակման հարցը։ Նիկոլ Փաշինյանը նյարդայնացած արձագանքել էր․ «Անընդհատ խոսում եք պաշտոնի մասին, կառույցի մասին, որտեղ կա տնօրեն, տեղակալ, քարտուղարուհի, էլեկտրիկ․ մենք արդյունավետությունից ենք ելնում։ Ասում եմ՝ Ձեր նշած կառույցները Ձեր նշած տրամաբանությամբ, որ պետք է ծխածածկույթ ստեղծեն, որ ոսկու շուկայում գողացած ոսկին վաճառվի, մենք ասել ենք՝ եկեք դուրս գանք այդ տրամաբանությունից, մեզ ասել են՝ չէ, մեզ էդ տրամաբանության մեջ օգնեք, ասել ենք՝ չենք օգնելու։ Կներեք, բայց Դուք ինձ հետ խոսում եք բացառապես պաշտոնի մասին»։

Հակոբ Ավագյանը արձագանքել է՝ ՓՄՁ ռազմավարություն եք մշակել, հարցնում եմ՝ ինչո՞ւ չեք կատարել ուղենիշները։ Նիկոլ Փաշինյանն այդ հարցին այդպես էլ չի պատասխանել՝ պատասխանը հասցեագրելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։

Հիշեցմանը՝ ասում էիք, որ հարկի բարձրացում չի լինելու, հակառակը՝ հարկի նվազեցում է լինելու, բայց փաստացի 2024-2025-ին հարկի արդյունավետ դրույքաչափի բարձրացում է եղել․ միջինում շրջանառության հարկը 3,94-ից 4,95 տոկոս է դարձել, ոլորտներ կան, որ 3,68 տոկոսից 5,04 տոկոս է բարձրացել, իրավաբանական ծառայությունները 6 տոկոսից դարձել են 15 տոկոս, հաշվապահական ծառայությունները՝ 5-13 տոկոս, և հարցին՝ շրջանառության հարկի ռեժիմը մնալո՞ւ է, թե դուրս է գալու, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Այդ որոշման հետ կապված մենք քննարկումներ ունենք, և պիտի ասեմ, որ մենք այդտեղ փոխկապակցում ենք մի քանի հարցերի հետ։ Եթե շրջանառության հարկի համակարգը դուրս հանենք, պետք է ներառենք տարբերակված ԱԱՀ համակարգը, որ գյուղատնտեսության ոլորտում հնարավորություն ունենանք ավելի դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերել։ Մեծագույն խնդիրներից է այն, որ այդ հաշվանցումները, որի հնարավորությունը տալիս է ԱԱՀ-ն, այդ հնարավորությունը շրջանառության հարկը չի տալիս։ Կա գաղափար, որ մենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնենք, և մնացած հատվածների համար ԱԱՀ-ով աշխատենք այն տրամաբանությամբ, որ ԱԱՀ-ն լինի տարբերակված»։
ՓՄՁ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են, որ խուսափել է իրենց հետ հանդիպումներից։

Նրանցից մեկն էլ ասել է․ «Մեզ չեք լսել, հիմա շատ լավ է, որ լսում եք մեզ, իմ կարծիքով՝ նախընտրական շրջան է, դրա համար եք եկել։ Հարկերի բարձրացման հետևանքով 10-15 տոկոս ՓՄՁ-ներից փակվել են, 20-25 տոկոսը փակման շեմին են, մյուսները ճկվում են վարկերի տակ։ Եթե ընտրություններին դուք անցնեք, ձեր կողմից ՓՄՁ-ներին լավ առաջարկներ լինելո՞ւ են, թե՝ ոչ»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Մենք միկրոձեռնարկատիրության շեմը կբարձրացնենք։ Էլի ուզում եմ ասել՝ օրինակ՝ տաքսիների պլատֆորմի բերումով։ Ձեր ասած երևույթների պատճառը հարկային պայմանները չեն, պատճառը տեխնոլոգիական վիճակն է։ Մենք պետք է հարմարվենք այդ իրականության հետ։ Ենթադրենք՝ թելով հեռախոսի արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվող ընկերություններին ինչքան էլ մենք հարկային արտոնություններ տայինք, նույնիսկ սուբսիդավորում տայինք, հնարավոր չէր լինի․․․ չենք ուզել գալ հանդիպման, որտեղ ասենք՝ կներեք, ժողովուրդ, բայց այս որոշումն ենք կայացրել»։

Aravot․am-ի հետ զրույցում «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» համահիմնադիր, խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը նշել է, որ հանդիպման ձևաչափը լավն է, երբ բիզնես ասոցիացիան քաղաքական թիմերին հրավիրում է երկխոսության։ ՔՊ-ի հետ հանդիպման առիթով ասել է․ «Ամենածանր խոսակցությունն այնտեղ էր, որ 2021-ին գործող իշխանությունը հղում էր կատարել 2020-2024-ին ընդունված ռազմավարական թիրախներին, որոնք արձանագրվել են, որ չեն իրականացվել ոչ միայն մեր կողմից, այլև միջազգային կառույցների կողմից։ Մենք այդպես էլ այդ հարցերի պատասխանները չստացանք՝ ինչու չի իրականացվել։

Մեր կարծիքով, նաև միջազգային կառույցների զեկույցների հիման վրա՝ պատճառն այն է, որ իրականացնող մարմինը չկա։ Այսինքն՝ մեր երկրում գործող ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, որը փակվել է, դրա փոխարեն այլ մարմին չկա, և իրականացնող չի եղել։ Չնայած գործող իշխանությունն ասում է, որ այդ մարմինը փակել ենք, որ քիչ ծախսեր անենք, բայց ի վերջո պատասխան չկար, թե ինչու չեն իրականացվել գործող իշխանության տված խոստումները»։

Մյուսը հարկային ռեժիմների հարցն էր, որ սուր քննարկումների տեղիք էր տվել քննարկման ժամանակ։ Այս առիթով մեր զրուցակիցն ասել է․ «Հարցին՝ ի՞նչ է լինելու հետագայում շրջանառության հարկի հետ, վարչապետը պատասխանել է, որ ընդհանրապես մտադրություն կա թողնել ընդամենը երկու հարկային ռեժիմ՝ միկրոձեռնարկատիրությունը և ԱԱՀ ռեժիմը, որն ըստ մեր կարծիքի՝ բերելու է պարզապես աղետի փոքր բիզնեսի համար։

Մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու, եթե գործող իշխանությունն իր հաջորդ նախընտրական ծրագրում հստակ նշում է, որ շրջանառության հարկը վերացնում է։ Ճիշտ է՝ նրանք նաև նշում են, որ միկրոձեռնարկատիրության շեմը բարձրացվել է մինչև 40 կամ 50 միլիոն, բայց մենք հասկանում ենք նաև, որ իրենք նշում են նաև, որ միկրոձեռնարկատիրության ռեժիմից շատ ավելի քիչ խմբեր են կարողանալու օգտվել փոքր բիզնեսից, ինչը լուրջ խնդրի է հանգեցնելու։ Այն, որ այս փոփոխություններն ավելի են դժվարացնելու փոքր բիզնեսի կյանքը, ակնհայտ է»։

Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031