Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՔՊ-ն շարունակի իր հարկային ծրագիրը, փոքր ու միջին բիզնեսը հարկվելու է ԱԱՀ-ով․ մենք բացում ենք ոլորտի շունչը»․ Նարեկ Կարապետյան

Մայիս 11,2026 20:35 Share

«Եթե Քաղաքացիական պայմանագիրը շարունակի իր հարկային ծրագիրը, վաղ թե ուշ ՓՄՁ ոլորտը հարկվելու է ԱԱՀ-ով։ Մենք փրկօղակային քաղաքականության առումով բացում ենք շունչը, որ ՓՄՁ ոլորտում ավելի ակտիվ զբաղվածության հարց լուծենք»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության և ՓՄՁ ասոցիացիայի անդամների հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա ներկայացրել է իրենց տնտեսական ծրագիրը, ըստ որի՝ նախատեսվում է փոքր բիզնեսին ազատել շրջանառության հարկից։ «Մեր տնտեսական հինգ քայլերից մեկը փոքր բիզնեսի հիմնական շահերին է վերաբերում՝ շրջանառության հարկը զրո տոկոս սահմանելու առաջարկն է։ Դա երկու պատճառ ունի, առաջինը՝ որ փոքր բիզնեսի վճարած ընդհանուր շրջանառության հարկը մեր բյուջեի 2․8 տոկոսի շրջանակներում է։ Բայց մարդկանց վրա ազդեցության առումով դա շատ մեծ ազդեցություն է թողնում, նաև հարկային ճնշումների առումով։ Ոչ միայն հարկ վճարելը, այլև հարկայինից ահը, վախը, ճնշումները բերում են նրան, որ մարդկանց համար բիզնես ռիսկ է առաջանում»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի հարցին, թե ինչո՞ւ զրո տոկոս, ՓՄՁ և գերփոքր բիզնեսի խնդիրը զրո՞ն է, թե՞ հարկի տրամաբանությունը, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․ «Փոքր բիզնեսի խնդիրը, մեր կարծիքով, վարչարարությունն ու զրոն է։ Ինչո՞ւ, որովհետև վարչարարությունը ճնշում է, ռիսկեր ավելացնում փոքր բիզնեսի վրա։ Եթե մենք վարչարարությունը պահում ենք, ընկերությունների անկման բազմաթիվ օրինակներ ենք տեսել»։

Նա նշել է, որ փոքր բիզնեսը կամ վերաներդրում է իրականացնում, կամ իր ընտանիքի առաջնային պահանջներն է հոգում․ երկուսն էլ երկրի համար առաջնային են։ «Եթե մենք հնարավորություն ենք ունենում զրոյացնել հարկերը, այդ պարագայում վերաներդրման մեծ պոտենցիալ է լինում։ Քննադատությունն այն է, որ մարդիկ կբաժանեն ընկերությունները, կարող են 5000 հատ փոքր բիզնես սարքել, բայց խնդրում եմ մի որակական բան նկատի ունենալ։ Լավ վարչարարություն չանելու պատճառով մենք չպետք է պատժենք 70 հազար տնտեսվարողի։ Եթե մենք լավ վարչարարություն չենք կարողանում կազմակերպել մի ոլորտում, դրա պատճառով 70 հազար բիզնեսմեն չպետք է դնի 10 տոկոս հարկ վճարի, չպետք է դնի ու 50 տոկոս շահութահարկ վճարի»,- ասել է նա։

ՓՄՁ ասոցիացիայի փոխնախագահ Արման Պետրոսյանը հարցրել է․ «Դուք, երբ ասում եք՝ զրո, չափերը հաշվե՞լ եք, ի՞նչ կլինի, որովհետև այդ նույն տրոհման մասին, երբ խոսում ենք, դուք էլ ասացիք, որ հարկային տեսչությունը շատ լավ գործիքներ ունի՝ այդ նույն կազմակերպություններին բացահայտելու։ Հիմա ստացվում է՝ մի կողմից դուք կրկնում եք այն գործիքները, որոնք այս պահին գործում են և ասում եք, որ դա արդյունավետ է։ Ունե՞ք կոնկրետ գնահատումներ, թե ի՞նչ կկատարվի այս սցենարի դեպքում»։

Նարեկ Կարապետյանը պատասխանել է․ «Ի՞նչ դրական էֆեկտ կլինի զրո տոկոսի դեպքում․ փոքր բիզնեսից մոտ 170 մլն դրամի շրջանակում հարկային եկամուտներ են հավաքագրվում։ Եթե փոփոխություններ լինեն, զրո տոկոս լինի, տնտեսության վրա մոտ 80 մլն դրամ է նստելու, որովհետև սպառողական առումով դրա նշանակալի մասը վերադառնալու է որպես հարկեր։ Նաև ստվերի տոտալ կրճատում է լինելու երկրում, որը բերելու է մեծ բիզնեսի վարչարարության լավացման»։

ՓՄՁ ասոցիացիայի անդամ Սիրանուշ Գևորգյանը հարցրել է՝ կառավարությունն ընդունում է որոշումներ, բայց գործարարները խորհրդարանում չեն տեսնում առողջ քննարկումներ ու բանավեճ։ «Մեկ ու կես տարվա ընթացքում ոչ մի խորհրդարանական ընդդիմադիր ուժ չի փորձել մեզ ընդունել, մեր դարդ ու ցավին ծանոթանալ։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում շատ կարևոր և լուրջ հանդիպումն ընդդիմությունը բոյկոտեց։ Ի՞նչ ակնկալիք պետք է ունենա ձեզանից ՓՄՁ-ն՝ որպես առողջ ընդդիմադիր քաղաքական ուժ, ինչպե՞ս եք խորհրդարանում այդ երկխոսությունը պատկերացնում»։

Նարեկ Կարապետյանն ի պատասխան ասել է․ «Մենք այս պայքարի մեջ դասական ընդդիմադիր ուժ լինելու ամբիցիա չունենք, պայքարում ենք, գնում ենք դեպի մեծ փոփոխության։ Փոփոխության հիմնական պատճառը երկրում իրական ինստիտուցիոնալիզմի կայացումն է, որ վաղը մյուս օրը այն վատ դեպքերը, որոնք անցյալում մեզ ուղեկցում էին, չլինեն»։

«Քաղաքացի-հարկատու-բիզնես» ՀԿ նախագահ Էդուարդ Բադալյանը հարցրել է՝ շրջանառության հարկի համակարգը տարիների ընթացքում սեղմվել է, շատ տնտեսվարողներ դուրս են թողնվել համակարգից։ «Այդ առաջարկը, որ անում եք, նկատի ունեք հիմա գործող չափանիշներով, թե՞ մտադիր եք վերադառնալ ավելի վաղ շրջանի իրավիճակին։ Նախատեսո՞ւմ եք շեմն ընդլայնել, որովհետև բոլորս հասկանում ենք, որ եթե հարկ վճարողն ունի 200 մլն շրջանառություն, ոչ թե 115 մլն, ինքն ակնհայտորեն դեռ փոքր է։ Եվ իմ կարծիքով՝ խնդիրներ կան ընդհանրապես մեր հարկային օրենսդրության մեջ, ավելին, պաշտոնատար անձինք, ովքեր ներգրավված են եղել այս օրենսգրքի մշակման գործընթացում, հայտարարում են, որ այն լավը չէ և նախատեսում են փոխել։ Այլ խնդիրներ շրջանառության հարկի մասով տեսնո՞ւմ եք, քննարկե՞լ եք այդ հարցերը, թե՞ ոչ»,- հարցրել է Էդուարդ Բադալյանը։

Նարեկ Կարապետյանը պատասխանել է, որ հնարավորության դեպքում շեմն ընդլայնելու են։ Նրա խոսքով՝ փոքր բիզնեսը այսօր ունի վճարունակության խնդիր։ «Մենք ունենք 600-800 հազար գործազուրկ մարդ, ովքեր ակտիվ վճարունակության դաշտից դուրս են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե մենք 300 հազար մարդու մտցնենք վճարունակ դաշտ։ Սա է հիմնական լուծումը՝ գնորդ։ Եվ տնտեսական ակտիվ քաղաքականության հիմնական մեր ուղղությունն է ապահովել վճարունակ հասարակություն, այդ դեպքում փոքր բիզնեսի առումով կլինի լրիվ այլ բարեկեցության ժամանակաշրջան»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

ՓՄՁ ասոցիացիայի անդամ Անի Սամսոնյանն անդրադարձել է աշխատատեղերի խնդրին։ Նրա խոսքով՝ Հայաստանում կան աշխատատեղեր, բայց դրանք չեն համալրվում երկու պատճառով՝ աշխատավարձերն են ցածր, և մարդկանց մասնագիտական կարողությունները չեն համապատասխանում աշխատաշուկային․ «Հետևաբար, միգուցե դուք ստեղծեք 300 հազար աշխատատեղ, բայց դրանք էլի չհամալրվեն։ Այս հարցը դուք համալի՞ր եք դիտարկել, և ի՞նչ կոնկրետ գործողությունների պլան կա»։

Նարեկ Կարապետյանն ասել է, որ Երևանը թանկ քաղաք է, այդ պատճառով մարդիկ չեն ուզում, օրինակ, 100 հազար դրամով աշխատել։ «Բայց մենք ունենք մեր երկրի հակառակ կողմը՝ մեր շրջանները։ Օրինակ՝ Մարտունու շրջանն Արցախի չափ բնակչություն ունի, բայց այնտեղ ռեալ աշխատատեղ չկա, բացի պետական ոլորտից ու մի քանի փոքր հիմնարկություններից։ Մեր երկրում շրջաններ ունենք, որտեղ ռեալ աշխատատեղ չկա։ Արդյունաբերությունը հենց այդ հատվածներում ենք զարգացնելու։ Եթե 300 հազար մարդ աշխատանք է գտնում, գործատուները ստիպված են լինելու աշխատավարձերը բարձրացնել, որպեսզի լավ մասնագետներին պահեն։ Աշխատավարձը բարձրանալու է այն ժամանակ, երբ այնքան շատ աշխատողների կարիք լինի, որ մարդիկ իրարից “փախցնեն”»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը հարցրել է․ «Ինչքան էլ լավ ծրագրեր գրվեն, շատ բաներ կախված են անձերից։ Ձեր պատկերացրած տնտեսության զարգացման համար էկոնոմիկայի նախարարության կադրեր ունե՞ք»։

Նարեկ Կարապետյանը պատասխանել է, որ իրենց քաղաքական ուժը որոշում ունի՝ պաշտոնների հարց չի քննարկում։ Նրա խոսքով՝ կուսակցականը չպետք է նշանակվի պաշտոնի, պաշտոնի պետք է նշանակվի ոլորտի ամենապրոֆեսիոնալը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031