Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովետի ժամանակ սեփական պոլիկլինիկա ունենալու անհեթեթությունը փրկօղակ չի կարող հանդիսանալ…»

Մարտ 11,2014 17:00

ՀՀ նախագահ

պարոն Ս. Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ.
Նկատի ունենալով Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության փաստը և հաշվի առնելով այդ միության անդամ երկրների (ՌԴ,Բելառուս,Ղազախստան) ներքին գործերի նախարարությունների կազմերում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ծառայությունների (տարբեր անվանումներով) առաջնակարգ տեղ զբաղեցնելու դերը,ինչպես նաև այդ ծառայությունների արդյունավետ աշխատանքը` իմ կողմից 2013թ. նոյեմբեր ամսին ՀՀ վարչապետին և ՀՀ Ոստիկանապետին ներկայացվել է գրավոր առաջարկություն` ՀՀ Ոստիկանության համակարգում կատարելու կառուցվածքային հետևյալ փոփոխությունները.

1. Լուծարել այլևս իրեն սպառած, «կույր աղիքի» դերակատարություն ունեցող ՀՀ Ոստիկանության մարզային վարչությունները:

2. Լուծարված մարզային վարչությունների,ինչպես նաև տարածքային բաժինների քրեական հետախուզության ծառայության և տեղամասային տեսուչների մեկական հաստիքների հաշվին բոլոր տարածքային բաժիններում ստեղծել տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ծառայություններ` նրանց տալով օրենքով նախատեսվող լայն լիազորություններ: Հարկային տեսչությունները` հարկահավաք մարմինները չեն կարող փոխարինել առաջարկվող մարմնին,այլ բան է,որ երկիրը հոշոտող քրեածին շատ պաշտոնյաների ձեռնտու չէ նման մարմնի ստեղծումը: Բնականաբար այդպիսի մարմնի ստեղծումը բխում է ամբողջ երկրի,մեր պետականության շահերից:

3. Կատարել փոփոխություններ ՀՀ քրեական և դատավարական օրենսգրքերում, խստացնելով սանկցիաները պաշտոնատար անձանց կողմից կատարվող հանցագործությունների (յուրացում,վատնում,հափշտակում, պաշտոնեական դիրքի չարաշահում և այլն) մասով:

4. Ստեղծվելիք նոր կառուցվածքում,թեկուզ ժամանակավորապես (օրինակ` պայմանագրային կարգով)վետերանների շարքերից` կամավորության սկզբունքով,ծառայության վերադարձնել պրոֆեսիոնալների (տնտեսագետներ իրավաբաններ):Ի դեպ ցանկալի է դա տարածել նաև իրավապահ մյուս մարմինների վրա` քանզի ակնհայտ է,որ կատարված հապճեպ փոփոխությունները,այդ թվում այսպես կոչված «կադրային երիտասարդացումը» շարունակում է բավական բացասական հետք թողնել իրավապահ բնագավառում. բացասական ազդեցություն ունենալով, բնականաբար նաև երկրի ընդհանուր կացության վրա:

5. Առանձին օրենսդրական ակտերով և հրամաններով ամրագրել ստեղծվող նոր ստորաբաժանման երկակի ենթակայության (ենթակայությունը` ՀՀ Ոստիկանության տարածքային բաժինների պետերին և ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ-ի գլխավոր վարչությանը),ինչպես նաև ոստիկանության մյուս ստորաբաժանումների և այլ իրավապահ մարմինների հետ փոխհամագործակցության հարցերը:
6. Նոր ծառայությունում ընդգրկվող աշխատողների նկատմամբ կիրառել նաև աշխատավարձի վճարման գործարքային կարգը (վերականգնվող գումարներից տոկոսային վճարումներ):

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի տարածքային ծառայությունների առաջնային և կարևորագույն խնդիրներից պետք է լինեն`
ա) նախկին և ներկա այն պաշտոնատար անձանց շրջանակների վերհանումը (ըստ տարածքների),որոնք տարիներ շարունակ հիմնականում զբաղեցնելով միմիայն պետական պաշտոններ,ակնհայտ հանցավոր ճանապարհով կուտակել են հսկայական ֆինանսական միջոցներ:Միաժամանակ պետք է կատարել նրանց ունեցվածքի (նաև հարազատ-բարեկամների անուններով) պարտադիր գույքագրում,
բ) բարեգործական հիմնադրամների անվան տակ փողերի լվացման փաստերի բացահայտումը,
գ) տարբեր սոցիալական ծրագրերի իրականացման նպատակներով` ինչպես միջազգային առանձին կազմակերպությունների,այնպես էլ ՀՀ կառավարության կողմից տարածքներին հատկացված ֆինանսական միջոցների, վարկերի, սուբսիդիաների յուրացումների, վատնումների, անարդյունավետ, ոչ նպատակային օգտագործման հնարավոր այլ փաստերի բացահայտումները,
դ) բնապահպանության և էներգետիկայի բնագավառներում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի բացահայտումը:
ՀՀ Ոստիկանության համակարգում նշված ծառայության արագ ստեղծումը միայն օգուտ կբերի ներկայումս ոչ բարվոք վիճակում գտնվող ՀՀ տնտեսությանը և ՀՀ պետական բյուջե կմուտքագրվեն հսկայական ֆինանսական միջոցներ,որը կնպաստի նաև ՀՀ կառավարության ֆինանսական փաստաթղթերում <<դեֆիցիտային բյուջե>> հասկացության վերանալուն:
Հարգարժան Սերժ Ազատի.
Համոզվելու համար,թե ինչքան հրատապ է այդ ծառայության ստեղծումը,բերեմ մի քանի օրինակներ` կապված միայն Գորիսի տարածաշրջանի հետ.
1. Պետական մի գերատեսչության հաշվեկշռում գտնվող Գորիսի նախկին ՇՄՇ-21 շինարարական կազմակերպության վարչական շենքը 9 միլիոն դրամով սեփականաշնորհվել է,և չանցած 2 ամիս ժամանակ,այն 89 միլիոն դրամ գումարով վաճառվել է պետական մի այլ գերատեսչության (էներգետիկայի նախարարություն),
2. Որոտանի ՀԷԿ-երի համակարգում տարիներ շարունակ,ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների «իրականացվել է» միլիարդավոր դրամների կասկածելի շինվերանորոգման աշխատանքներ և բազմաթիվ այլ մութ գործարքներ (սա պետք է լինի նոր ստեղծվող ծառայության ուսումնասիրության անդրանիկ և պատմական գործը),
3. Գորիսի քաղաքային համայնքին պատկանող տասնյակ կառույցների և հողատարածքների` մի խումբ <<արտոնյալների>> չնչին գումարներով հատկացումները,որոնց մեծ մասը կարճ ժամանակ անց մի քանի անգամ բարձր գներով վերավաճառվել է այլ քաղաքացիների:Եղել են նաև անվարձահատույց հատկացման դեպքեր:
4. Գորիսի տարածքի Տաթև, Հալիձոր, Որոտան,Քարաշեն և այլ համայնքների համար ստրատեգիական նշանակություն ունեցող հողատարածքների չնչին գումարներով օտարումը նշված համայնքների բնակիչներ չհանդիսացող անձանց: Օտարված հողատարածքների մեծ մասը կարճ ժամանակ անց այդ անձանց կողմից մի քանի անգամ բարձր գներով վերավաճառվել է տարբեր կազմակերպությունների և անհատների:
Օրինակները բազմաթիվ են և անսպառ:
Վստահաբար հայտարարում եմ,որ ստեղծվելիք վերը նշված ծառայության համար հատկապես այսօր և առաջիկայում կա քրտնաջան աշխատանքի <<ֆրոնտ>> տևական ժամանակաշրջանի համար,որին համակարծիք են նաև իրավապահ մարմինների հազարավոր նախկին և ներկա ծառայողներ,տարբեր բնագավառներում աշխատող տնտեսագետներ,իրավաբաններ,այլ մասնագետներ,ինչպես նաև հասարակության լայն շերտերի ներկայացուցիչներ:

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ծառայության առկայության պայմաններում «Սովետի ժամանակ պոլիկլինիկա ունենալու» անհեթեթությունը, ինչպես նաև հատուկ ժապավեններով (շարֆերով) և կրծքանշաններով ԵԿՄ սողոսկելու ու այնտեղ պատսպարվելու անհեռանկար ,ապարդյուն,հուսահատ քայլերը փրկօղակ չի հանդիսանալու ներկա և նախկին մի շարք պաշտոնյաների համար:
Պարոն նախագահ.
Խնդրում եմ Ձեր ուշադրության կենտրոնում պահել այս կարևորագույն խնդրի լուծումը,որը ավելի հրատապ է մեր պետության համար,քան միասնական քննչական կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը:

Հարգանքներով

«Գորիսի Ոստիկանության
Վետերանների միավորում»
ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Հակոբյան
Ք. Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31