- Հայաստանում 2018-ի «թաւշեայ» կոչւած յեղաշրջականները իրենց այսպէս ասած՝ «քաղաքական կուրսը» մեկնաբանում էին ամենեւին էլ քաղաքականութեան հետ աղերս չունեցող անձի չարագուշակ այն յայտարարութեամբ, ըստ որի՝ նոյն այդ «թաւշեայ յեղափոխութիւնը» աւելի էր կարեւորւում քան՝ Արցախի ազատագրական եւ ինքնորոշման իրաւունքի համար մղւած յաղթական պայքարը…։
- Ահաւասիկ, զարմանալու տեղիք չեն տալիս նոյն թաւշականների՝ 8-ը տարի անց, ՀՀ մայր օրէնք-Սահմանադրութեան հռչակագրում ամրագրւած ազգային-պետական դրոյթներից հրաժարւելու համար արւող մանիպուլիացիաները՝ իբր հասնելու համար Ալիեւի նախապայմաններով հրամցւած եւ այնպէս էլ ստորագրելու երաշխիք չունեցող «խաղաղութեան» պայմանագրին…։
- Պատկերաւոր կամ պայմանական ասած՝ ամբողջ 8-ը տարի, ՀՀ-ում, աշխատել է յայտնի «մի խելագարի եւ հարիւր խելացիների միջեւ գլորւած քարի վնասազերծման» օրինաչափութիւնը, որի արդիւնքում էլ, անխուսափելիօրէն տուժել են՝ հայրենի պետութիւնն ու ժողովուրդը…, սկսած՝ Արցախի կորստից, հազարաւոր զոհերից ու հաշմւածներից, մինչեւ «Թրամփի թրիփ» կոչւող, բայց հիմքում՝ նոյն «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը…։ Եւ այո, այդպիսով, աւելի քան 120 տարւայ վաղեմութիւն ունեցող Պանթուրանական դաշինքի միջեւ ամրակայւած Հայկական Սեպի անվտանգային նշանակութիւնն ու երաշխիքը Հայաստանի եւ ինչու չէ նաեւ ՀՀ-ի յուսալի հարեւան Իրանի համար, ներուժ ու ներգործուն սպառնալիքների դէմ-յանդիման է յայտնւում…։
- Այսպիսով՝ մէկ կողմից, ՀՀ-ում իշխող խունտան է, որն, ինչպէս անցնող 8-ը տարիներն են ապացուցել, իշխանութիւնն չկորցնելու եւ յատկապէս ժողովրդի դատաստանից խոյս տալու համար, պատրաստ է ամէն տեսակ անարժանապատիւ ու նենգաւոր զիջումների գնալ՝ հայատեաց թշնամիների օգտին։ Սրան զուգահեռ, յեղաշրջական ու թուրքամէտ իշխանախումբը յար եւ նման նոյն թուրքական յեղաշրջականների՝ սեփական իշխանութեան յարատեւումը պայմանաւորել է բռնատիրական բոլոր կարգի ճնշամիջոցներով՝ քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ, ընդհուպ՝ վերջինների առաջնորդներին կալանաւորել-բանտարկելով։ Գրեթէ նոյն ձեռագիրը, որն ի գործ է դրւում էրդողանական կամ ալիեւական բռնատիրութիւններում։
- Միւս կողմից, սակայն, անցնող 8-ը տարիներում, քաղաքակիրթ պայքարի դուրս եկած ընդդիմադիր ուժերն են, որոնք ի տես երկրի ազգային-պետական շահերի վերականգնման, թէ՛ խորհրդարանական, եւ թէ՛ արտախորհրդարանական ձեւաչափերով շարունակում են պայքարել ապազգային-կապիտուլիանտ իշխանութեան դէմ։
Իսկ հակառակ յեղաշրջականների, որոնք դիմում են ամէն կարգի մանիպուլիատիւ քայլերի ու հասարակայնութեանը մոլորեցնելու միջոցների, քաղաքակիրթ եւ իրական յեղափոխականներն, ազգամիջեան թշնամանքից ու բախումներից խուսափելու համար, դիմում են համեմատաբար աւելի մեղմացուցիչ քայլերի, իշխանափոխութեան գործընթացը քաղաքական անցումային մեթոդներով առաջ տանելու համար։
… Ժողովրդի ու դժգոհ հասարակայնութեան համբերութիւնը, սակայն, անսահմանափակ չէ. յատկապէս օրաւուր սաստկացող բռնաճնշումներն ու վախի մթնոլորտի ներքոյ՝ հասարակայնութեանը ռեպրեսիաների ենթարկելու իշխանաւորների լկտիութիւնը անտարակուսօրէն համարժէք արձագանգի ու դիմադրութեան է արժանանալու…։
Տայ Աստւած, որ յղփացած-ապազգային իշխանաւորները ժողովրդի արդարահատոյց ձայնին ու պահանջին ունկնդիր, ինքնակամօրէն կատարեն պարտն ու պատշաճը՝ ազգի ու հայրենիքի անկումային սրընթաց իրավիճակն օր առաջ կանխելու համար…
Դերենիկ ՄԵԼԻՔԵԱՆ
Կարդացեք նաև
Պատմական գիտութիւնների թեկնածու


















































