Սկզբում նոյեմբերի 9, հետո ականապատման քարտեզներ, հետո Պրահա, հետո Արցախի հայաթափում, հետո Մինսկի խմբի լուծարում, հետո սահմանազատում, բայց միայն հյուսիսում, հետո ՍԴ-ի որոշում ու Անկախության հռչակագրի նշանակության մասին իրավական դատողություններ, հետո ԹՐԻՓ ու նախաստորագրում, ու հիմա էլ նոր Սահմանադրություն։
Բանից պարզվում է՝ մեր Սահմանադրությունն, ըստ Նիկոլ Փաշինյանի, կոնֆլիկտածին է, իսկ որ ավելի վատթար վիճակում է Ադրբեջանի սահմանադրությունն այդ մասով, դրա մասին ոչ մի դատողություն նա կարծես թե չարեց իր վերջերս՝ երկու օր առաջ, ժողովրդին ուղղված ուղերձում։ Իսկ միգուցե՞ նրանք՝ ադրբեջանցինե՞րն են կոնֆլիկտածին, և ոչ մենք։
Ընդունված է համարել, որ սկզբից միշտ պետք է խնդրի պատճառը սեփական տիրույթում որոնել, և եթե չես կարողանում գտնել, ապա դու չես մեղավորը։ Ինչո՞վ ենք մենք կոնֆլիկտածին։ Օբյեկտիվորեն։ Օբյեկտիվորեն ոչնչով, իսկ ադրբեջանցիների համար ամեն ինչով․ սկսած նրանից, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, սկսած նրանից, որ բնիկ ենք, ոչ թե իրենց պես քոչվոր, սկսած նրանից, որ մարդ ենք ու հիշողություն ունենք, ու հիշում ենք, թե ինչ վայրագություններ են նրանք ու նրանց մեծ եղբայրները մեր հանդեպ կատարել՝ սկսած Ադանայից մինչև Բաքու և Սումգայիթ։ Սկսած նրանից, որ ունենք Սողոմոն Թեհլերյան, Անդրանիկ, Դրո, Նժդեհ ու Վազգեն։
Իհարկե, Իլհամի համար մենք ոչ թե միայն մեր Անկախության հռչակագրով ենք կոնֆլիկտածին, այլ ամեն ինչով, քանի որ քանի դեռ մենք կանք, իրենց պետություն լինելու լեգիտիմությունն այս տարածքով միշտ կարող է կասկածի տակ դրվել։
Կարդացեք նաև
Կոնֆլիկտածինը մենք չենք, մեր Անկախության հռչակագրով հանդերձ, որովհետև դրանից էլ բեթար վիճակում է Ադրբեջանը, որն իրեն իրավահաջորդն է համարում Ադրբեջանի առաջին հանրապետության։ Կոնֆլիկտածինը, իրական կոնֆլիկտածինը, դա Ադրբեջանն է, որի իրավունքներն այս տարածաշրջանում կասկածելի են և ջանադրաբար փորձում է իրեն ներկայացնել որպես իրավատեր։
Ես համոզված եմ, որ եթե Իլհամի այս պահանջն էլ բավարարենք, միևնույնն է, նա չի կանգնելու։ Հետո կսկսի այլ պահանջներ։ Նա ուղղակի պետական մակարդակի շանտաժիստ է, ահաբեկիչ։ Որքան էլ նրան որոշ մարդիկ համարեն քաղաքակիրթ, նա հենց դրա հակառակն է։ Եթե նրա փոխարեն լիներ մեկ այլ միջին կարգի եվրոպական պետական գործիչ, համոզված եմ՝ նա կբավարարվեր միայն Մինսկի խմբի լուծարմամբ, քանի որ այդ գործիչները հասկանում են, որ երբ թշնամուդ ստորացնում ես ու չես թողնում սեփական երեսը՝ արժանապատվությունը փրկել, ապա թշնամին Հիտլեր է ծնում, ու այդ Հիտլերը վրեժ է լուծում։
Միթե՞ այսքան բանը չի հասկանում Իլհամը։ Իհարկե, հասկանում է ու գիտի։ Հապա ինչո՞ւ է այսպես վարվում, որովհետև ես համոզված եմ՝ նրա նպատակը իսպառ վերացնել հայկական պետությունը և հայության որևէ հետք այս տարածաշրջանում։
Ամերիկացի քրիստոնյաները մի լավ հնարք ունեն, երբ առերեսվում են դիլեմաների և չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել, հարց են տալիս. «Իսկ ի՞նչ կաներ Հիսուսը» (What would Jesus do?)
Հիմա այդ հարցը ես եմ տալիս, բայց Տիրոջ փոխարեն մտածելով մեր նախահայր Հայկը։ Հենց այն Հայկը, որը ՈՉ ասաց Բելին։ Կամ թե Անդրանիկը, ով ոչ ասաց Բաթումիին։ Կամ թե Վազգենը, ով յոխ ասաց Ադրբեջանին․․․․ էնպես ասաց, որ մինչև վերջերս ուշքի չէին գալիս ու մինչև հիմա նրա անունն են անգամ վախենում տալ։
Եվ կրկին անդրադառնալով ամերիկացիներին, մի լավ ասացվածք կա, որ վերագրում են Բենջամին Ֆրանկլինին, որի իմաստն այն է, որ եթե դու զիջում ես քո ազատությունը հանուն քո անվտանգության, ապա արժանի չես լինի ո՛չ ազատությանն և ո՛չ էլ անվտանգությանը։
Հետևաբար, չպետք է թույլ տալ, որ նոր Սահմանադրությունը դրվի քվեարկության, և այս կապակցությամբ իմ բարի խորհուրդը միասնական ընդդիմությանը․ այն օրը, երբ քվեարկության դրվի այս հարցը ԱԺ-ում՝ չլինել ԱԺ-ում, որ հանկարծ թե չկրկնվի հետհեղափոխական այն նախադեպը, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով մարդիկ հավաքվեցին ԱԺ-ի մոտ։
Բացի այդ, միջազգային պատմությունն այլ դեպքեր էլ գիտի, երբ իշխող ուժը զանազան այլ ձևերով է ստիպել ընդդիմությանը քվեարկել իր ցանկացածի օգտին։ Ես չեմ ասում, թե այդ մեթոդներին կդիմի իշխող ուժը, բայց ամեն դեպքում պատմությունը նման դեպքերի ականատես եղել է այլ երկրներում։ Հետևաբար, ապահովագրված լինելու համար, քվեարկության օրը չպետք է ընդդիմությունն ունենա 5-ից ավելի ներկա պատգամավոր ԱԺ-ում, իսկ ավելի լավ է՝ զրո։
Մի խոսքով՝ մեր ոչը իսկական յոխ պետք է լինի Իլհամին։
Խաչիկ Հարությունյան



















































