Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկման դատապարտվածի բողոքի քննությունը՝ մարտի 27-ին

Մարտ 13,2014 12:52

ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ շարունակվում է Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանների բողոքի քննությունը:

«Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր, նախկինում ԱԻՄ լրատվականի աշխատակից  Ալվարդ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից՝ Արմենուհի Ստեփանյանին, Վարդիշաղ Եղիազարյանին և Ազգանուշ Սրապյանին խաբելով հայտնել է, թե նրանց համար կարող է շուկայական գներից ակնհայտ ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երևանում:

Ըստ գլխավոր դատախազության, Վաղարշակ Աբաջյանը, վերջիններիս վստահությունը չարաշահելով, Ալվարդ Աբրահամյանի միջոցով 2011թ. ամռանը Կենտրոնի վարչական շրջանի տարածքում ստացել և Ազգանուշ Սրապյանից խարդախությամբ հափշտակել էր 5000 ԱՄՆ դոլար, Արմենուհի Ստեփանյանից` 12.000 ԱՄՆ դոլար, իսկ Վարդիշաղ Եղիազարյանից` 10 000 ԱՄՆ դոլար գումար` ընդհանուր ՝ 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27. 000 ԱՄՆ դոլար գումար:
Վաղարշակ Աբաջյանի որդուն՝ բժշկական համալսարանի ուսանող Հակոբ Աբաջյանին էլ մեղադրանք էր առաջադրվել, համաձայն որի նա հոր հետ համաձայնության էր եկել Ալվարդ Աբրահամյանին և նրա ամուսնուն` Յուրիկ Սրաբյանին առևանգելու, սպանության համար նպաստավոր վայր տեղափոխելու և նրանց սպանելու համար : Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները Յուրիկ Սրաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով խաբեությամբ` Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով, «Մերսեդես» մակնիշի, 11 ՍՕ 138 համարանիշի ավտոմեքենայով Յուրիկ Սրաբյանին առևանգել և տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք: Հակոբ և Վաղարշակ Աբաջյանները հարվածելու և ձեռքերով խեղդելու եղանակով դիտավորությամբ սպանել են Յուրիկ Սրաբյանին, որից հետո դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ և քարերով ծածկել, իսկ հագուստները նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:

Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների դատարանի կողմից Վաղարշակ Աբաջյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի, քան 9.936.000 դրամի չափով:

Որդին դատապարտվել էր 16 տարի ժամկետով ազատազրկման:
Ի դեպ, տուժողի իրավահաջորդ Վաչիկ Աբրահամյանի ներկայացրած 1.950.000 ՀՀ դրամի քաղաքացիական հայցն ամբողջությամբ դատարանը բավարարել է , այդ գումարը, որպես տուժող Ալվարդ Աբրահամյանի հուղարկավորության համար կատարված ծախս, համապարտության կարգով կբռնագանձվի քաղաքացիական պատասխանողներ Վաղարշակ Բորիսի Աբաջյանից և Հակոբ Վաղարշակի Աբաջյանից։
Տուժողի իրավահաջորդ Հովհաննես Սրաբյանի ներկայացրած 2.961.000 ՀՀ դրամի քաղաքացիական հայցը նույնպես բավարարվել է, այդ գումարը, որպես տուժող Յուրիկ Սրաբյանի հուղարկավորության համար կատարված ծախս, կբռնագանձվի քաղաքացիական պատասխանող Վաղարշակ Բորիսի Աբաջյանից։ Մինչ օրս Աբաջյանների պաշտպանությունն իրականացրել են Ռուբեն եւ Նարինե Ռշտունիները: Տեղեկացանք, որ Հակոբ Աբաջյանի պաշտպանությունը Նարինե Ռշտունու հետ ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Բոլորին պետք է տանել առաջին գիծ , սահմանների հավերժ պահպանելու համար:Թող կյանքի գնով պայքրեն և երկրի և կյանքի համար և հասկանան ուրիշի կյանքի արժեքը :Նաև հոգիները փրկելու խնդիրը կլուծեն: Ավելի ճիշտ լուծում չեմ պատկերացնում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31