Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ ՄԻԵԴ-ում. Հայաստանն իր քաղաքացուն կվճարի 6 000 եվրո գումար

Հուլիս 02,2022 13:00

Այդ նույն գործով Եվրոպական դատարանը իրավունքների խախտում է արձանագրել նաեւ Նորքի զինված խմբից Արթուր Վարդանյանի եւ Խաչիկ Ավետիսյանի մասով

Ըստ ՄԻԵԴ-ում առկա բողոքի՝ «Դատարանը թիվ ԵԿԴ0298/01/16 գործով կայացրել է որոշում՝ «խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին»: Արդեն իսկ վերնագրից բխում է, որ դատարանը քննության է առել միայն գրավ կիրառելու թույլտվության հարցը, այն դեպքում, երբ պաշտպանության կողմը ներկայացրել է միջնորդություն, որը բաղկացած է եղել երկու պահանջից. 1. Փոփոխել Հարություն Սարիբեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը մեկ այլ խափանման միջոցով, որը կապ չունի կալանքի տակ պահելու հետ: Կամ՝ 2. Ճանաչել Հարություն Սարիբեկյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու հնարավորությունը, որոշելով գրավի գումարը:

Ըստ էության, դատարանը միջնորդության առաջին պահանջը ընդհանրապես չի քննարկել, ինչը ապացուցվում է նաեւ որոշման ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ բաժնում առկա հիմնավորումներով, որոնք ամբողջությամբ վերաբերում են միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածով նախատեսված գրավ կիրառելու հիմքերին, այն դեպքում, երբ պաշտպանության կողմը միջնորդությամբ պնդել է, որ դատաքննության տվյալ պահին վերացել են ամբաստանյալի կալանքի տակ պահելու պայմանները եւ բոլոր այն հիմքերը, որոնց հիման վրա դատարանը վերջին անգամ երկարացրել է ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը, դրանք նախաքննությունն ավարտելիս եւ գործը դատաքննության նշանակելիս արդեն իսկ վերացած են եղել»,-ասում է փաստաբան Նարինե Ռշտունին (լուսանկարում): Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած ՀՀ քաղաքացի, 1967թ. ծնված Հարություն Կնյազի Սարիբեկյանն ամուսնացած է, ունի երեք երեխա: Նա ուներ առողջական խնդիրներ, հանդիսանում է 2-րդ կարգի հաշմանդամ: Նա հայտնել էր, որ սպառվել են իրավունքի պաշտպանության բոլոր ներպետական միջոցները՝ «Ազգային օրենսդրություն. ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 376-1՝ Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝ 4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու (…) մասին որոշումները»:

Հարություն Սարիբեկյանը, որի պաշտպանությունն իրականացրել է քրեական գործերով ճանաչված փաստաբան Նարինե Ռշտունին, մեկ այլ փաստաբանից հետո, ձերբակալվել է 2015թ. դեկտեմբերի 3-ին: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին թիվ 58216515 քրեական գործով Հ. Սարիբեկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

2016թ. սեպտեմբերի 20-ին որոշում է կայացվել Հ. Սարիբեկյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու եւ կրկին մեղադրանք առաջադրելու մասին, նույն օրը վերջինիս թիվ 58213716 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Նույն թվականի սեպտեմբերի 27-ին, ինչպես երեկ «Առավոտին» տեղեկացրեց Նարինե Ռշտունին, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին, համաձայն որի՝ Հ. Սարիբեկյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 ամիս ժամանակով: Դատարանի պատճառաբանությունը հետեւյալն է. «Հաշվի առնելով, որ մեղադրյալին վերագրվող արարքների կատարմանն առնչվելու վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած, որը հաստատվում է միջնորդության վերաբերյալ դատարանում առկա փաստաթղթերով, հաշվի առնելով նաեւ, որ մի շարք քննչական գործողություններ կատարելու համար բավարար ժամկետների առկայության ապահովումն անհրաժեշտ է եւ միաժամանակ շարունակվում են առկա լինել կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները՝ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Հարություն Սարիբեկյանի ազատության մեջ գտնվելու դեպքում վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր, ուստի քննիչի միջնորդությունը հիմնավոր է եւ ենթակա է բավարարման»:

Ըստ ՄԻԵԴ ներկայացրած գործի, 2016թ. նոյեմբերի 24-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա. Բեկթաշյան) որոշում է կայացրել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին: Գործը քննվում է ԵԿԴ/0298/01/16 համարով: «Դատարանը որոշման մեջ խափանման միջոցի հարցին անդրադարձել է 3 տողով՝ ստանդարտ ձեւակերպմամբ նշելով՝ «քննության առնելով Հ. Սարիբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ գտնում եմ, որ այն պետք է թողնել անփոփոխ, քանի որ չի վերացել դրա անհրաժեշտությունը:

2017թ. հուլիսի 21-ին դիմումատուի պաշտպան Ռ. Սիրեկանյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել Հ. Սարիբեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատարանը որոշում է կայացնում խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին եւ որոշում պաշտպանի միջնորդությունը մերժել անհիմն լինելու պատճառաբանությամբ»,-տեղեկացնում է Սարիբեկյանի պաշտպան Նարինե Ռշտունին, որ իր միջնորդությունը մուտք է արվում 2018թ. փետրվարի 16-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ:

Պաշտպանի միջնորդությունը հետեւյալն էր. իր պաշտպանյալ Սարիբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխել մեկ այլ խափանման միջոցով, որը կապ չունի կալանքի տակ պահելու հետ, կամ՝ ճանաչել Հարություն Սարիբեկյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու հնարավորությունը, որոշելով գրավի գումարը:

Միջնորդությանը կից նեկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված գրությունը, որով հաստատվում է հետեւյալը. «Հ. Սարիբեկյանը ԲՍԲ-ում հաշվառված է հետեւյալ ախտորոշմամբ. ՍԻՀ, անկայուն ստենոկարդիա III B1 (Բրաունվալդ): Զարկերակային հիպերտոնիա II-0: Հետտրավմատիկ էնցեֆալոպատիա: Երկկողմանի սենսոնեւրալ դժվարալսություն: Քրոնիկ կատարալռինիտ: Գանգի բեկորային հին վնասվածք (2 բեկորներ գանգոսկրի մեջ): Հ. Սարիբեկյանը բազմիցս ենթարկվել է թերապեւտի, վիրաբույժի, սրտաբանի, նյարդաբանի, հոգեբույժի, LOR մասնագետի խորհրդատվությունների եւ հետազոտությունների, ստացել է համապատասխան դեղորայքային բուժում: ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունից պահանջվել է թույլտվություն կալանավոր Հ. Սարիբեկյանին տեղափոխելու ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ հետագա ստացիոնար հետազոտումը եւ բուժումը կազմակերպելու համար»:

Ըստ Նարինե Ռշտունու, դատարանն այդ միջնորդությունը քննության է առել 16.03.2018թ. դատական նիստում եւ որոշմամբ՝ այն է՝ մերժել է:

Ահա մերժման հիմնավորումը. «Դատարանը, քննելով Հ. Սարիբեկյանի պաշտպան Ն. Ռշտունու միջնորդությունը, գտնում է, որ այն ենթակա է մերժման, քանի որ շարունակում են առկա լինել Հ. Սարիբեկյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը, մասնավորապես այն, որ նրան վերագրվում է ծանր հանցագործության կատարում՝ որի համար որպես պատիժ է նախատեսված միայն ազատազրկում վեցից տասը տարի ժամկետով, որպիսի պայմաններում ազատության մեջ մնալու դեպքում նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը բարձր է: Ինչ վերաբերում է պաշտպանի միջնորդության մեջ նշված հանգամանքին (ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, ունի ընտանիք, երեք երեխաներ, 2-րդ կարգի հաշմանդամ է, Արցախյան պատերազմի մասնակից), ապա դատարանը գտնում է, որ դա բավարար չէ ազատության մեջ մնալով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի փախուստը կանխելուն»:

Հետագայում, քրեական գործի քննության ընթացքում ամբաստանյալ Հ. Սարիբեկյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, որպես այդ վարքագծի դրսեւորման բավարար երաշխիք, առաջարկվել է կիրառել գումարային գրավը։

2018թ. հունիսի 22-ին դատարանը որոշում կայացրեց Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Ընտրվել է այլ խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին, դիմումատուն դատարանի դահլիճից ազատ է արձակվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01. 07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031