Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 25-ը Ռուբեն Ռշտունու հիշատակի օրն է

Օգոստոս 26,2023 13:00

Հիշողություններն ինձ տարան Սումգայիթյան դատավարության օրեր

Օգոստոսի 3-ին Ռուբեն Ռշտունու ծննդյան օրն էր: Նա կդառնար 80 տարեկան:

Ավաղ, այդ օրն անցավ աննկատ անգամ ՀՀ փաստաբանների պալատի կողքով: Ժամանակնե՞րն են փոխվել, թե՞ մի այլ բան է կատարվում, երբ մի կողմից խոսում ենք նվիրյալների մասին, գնահատանքի մասին, մեկ այլ դեպքում բառերի պատնեշից այն կողմ չենք անցում: Իմ ճանաչած փաստաբան Ռշտունին ժողովրդական իրավաբաններից էր, ով ընդունակ էր գնալ ծայրահեղ «պաշտպանության», եթե դրա կարիքը զգացվեր…

Նա մահացել է 2017-ի օգոստոսի 25-ին:

Ճանաչված փաստաբանի մասին լսել եմ առաջին անգամ Սումգայիթյան դատավարությունների օրերին, երբ Մոսկվայում նա Պոլինա Շապոշնիկովայի, Ռուբեն Սահակյանի, իր ստեղծած խմբի հետ ներկայացրեցին տուժող հայերի շահերը, 90-ականներին, երբ անվճար իրավաբանական օգնություն էին ցույց տալիս Ադրբեջանական ԽՍՀ-ի Կիրովաբադի Թովուզ քաղաքում ձերբակալված հայերին… Նա 2001-2003 -ին ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ էր, ու նրա ցանկությամբ ներգրավվել եմ, ապա այցելել այն ժամանակ 32 («Հանդիպեցինք մահապատժի դատապարտվածների հետ») մահապատժի դատապարտվածների խցեր… Նա հիմնադրել էր «Ազատազրկվածների ու դատապարտյալների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը:


ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ Ռուբեն Ռշտունին մի պետական պարգեւ ունի՝ ՀՀ փաստաբանական գործունեության մեջ ունեցած ներդրման համար ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալ:

Բայց նա երբեք իր գիտակցական կյանքում կաշկանդված չէր պարգեւներով, ընդհակառակը, որոշ միջոցառումների ժամանակ ամենապարգեւակիր «ասպետները» նեղվում էին Ռշտունու կողքին, որի բնականությունը, ուղղախոսությունը, ժողովրդականությունն ամենամեծ պարգեւն էր, ինչը նրանք չէին կարող ստանալ…

Ռշտունին պատմել էր ինձ որոշ դրվագներ, որոնք օրերս գտա իմ անձնական արխիվից: Ես հիշեցրի նրան հանրապետության կոմկուսի քարտուղար Սուրեն Հարությունյանի հեռուստատեսային ելույթը. «Մարդկանց մտահոգում է այն փաստը, որ դատաքննությունները տարբեր քաղաքներում են, իսկ հանրապետությունում տեղեկություն չկա, ով է պատժվում, ինչ պատիժ են առաջարկում»: Խոսքը Սումգայիթյան դատավարությունների մասին էր: Այդ դատավարությունները դռնբաց էին, մուտքը անցաթղթերով: Տեսագրություն այդ ժամանակ չի թույլատրվել, պատճառաբանությամբ, թե կխանգարի դատական քննության բնականոն ընթացքին:

Եվ այսպես, ՍՍՀՄ Գերագույն դատարանի դատական կոլեգիայի նախագահ Ռայմոնդ Բրիզեի վարույթում էր գտնվում «Դիտավորյալ սպանությունների, ջարդերի, հրկիզումների, եւ այլ ապօրինի գործողությունների զուգակցմամբ մասսայական անկարգությունների կազմակերպման ու դրանց մեջ անմիջականորեն ներգրավված Ահմեդ Ահմեդովի, Իլգամ Իսմայիլովի եւ Յավար Ջաֆարովի դեմ հարուցված քրեական գործի» վարույթը: Ըստ մեղադրական եզրակացության, «Ահմեդովի գլխավորած ԽՈՒԼԻԳԱՆԱՄԵՏ անձանց ԽՈՒՄԲԸ, չհայտնաբերված այլ անձանց հետ, զինված դանակներով, կացիններով, արմատուրային ձողերով, ներխուժել են բնակարաններ, որտեղ ապրում են հայազգի քաղաքացիներ, ջարդել են դռները, կահույքը, բնակարաններից դուրս նետել նրանց գույքը»: Թվարկվել էին 17 բնակարաններ, հասցված վնասը գնահատվել էր 215.919 ռուբլի…

Ըստ նախնական տեղեկությունների, տարբեր դատարաններում մեղադրյալների աթոռին էր 90 անձ, սպանված էր 26 հայ, 400-ից ավելի ստացել էին մարմնական տարատեսակ վնասվածքներ, հրկիզված էին 200-ից ավելի հայերի բնակարաններ, թալանված՝ հարյուրավոր տներ, ավտոտրանսպորտային միջոցներ, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 7 միլիոն ռուբլու վնաս էր հասցված: Մեղադրանքը պաշտպանել է ՍՍՀՄ գլխավոր դատախազի օգնական Վ.Կոզլովսկին:

Դատավարությունները, որոնց մասին հիշում էր պարոն Ռշտունին, 88թ. հոկտեմբերի 27-ի, նոյեմբերի 3-ի, 4-ի, 10-ի նիստերի մասին էր…

Տուժողների շահերի ներկայացուցիչներ Ռուբեն Ռշտունին, Պոլինա Շապոշնիկովան նիստերի դահլիճ էին հայտնվում հաճախ օդանավակայանից:

«Մոսկովսկիե նովոստի»-ի մեկնաբան Անդրեյ Պրալնիկովն այդ ժամանակ իր դատական ռեպորտաժներից մեկում ներկայացրել էր Ռուբեն Ռշտունու միջնորդությունը: Այն է՝ քրեական գործի նյութերին փաստաբանը միջնորդել էր կցել Սումգայիթում բնակվող հայկական ընտանիքների բնակարանների՝ փետրվարի 27-ից 29-ը ժամանակահատվածում անջատված հեռախոսահամարների ցուցակը, նաեւ կապի քաղաքային հանգույցի պետի ցուցմունքները:

Ռշտունին միջնորդել էր նաեւ հարցաքննության կանչել պրոֆուսումնարաններից մեկի գործավարին, որի նախաքննական ցուցմունքի համաձայն, իրենցից ջարդերից մի քանի օր առաջ պահանջել էին քաղաքի պրոֆուսումնարաններում աշխատող բոլոր հայերի ցուցակները:

ՍՍՀՄ Գերագույն դատարանի Վորովսկու փողոցում գտնվող շենքի Նիստերի դահլիճում ներկա էին նաեւ հայ տուժողներ, նրանց իրավահաջորդները: Իսկ կային նաեւ ոճրագործներին հերոս անվանող մարդիկ, ցուցարարներ, ովքեր պահանջում էին բողոքի ցույցերով ազատել նրանց: Ռշտունին ինձ պատմել էր, որ դահլիճում էր Արսեն Առաքելյանը, որի հայրը զոհերից մեկն էր…

Նոյեմբերի 4-ի դատավարության ժամանակ, հիշել էր Ռշտունին, մի դրվագով, երբ մեղադրականը հրապարակվեց, պարզվեց, որ փետրվարի 29-ի երեկոյան Սումգայիթի 41 ա թաղամասի միայն 5 ա եւ 2 բ շենքերից դաժանաբար խոշտանգվեցին ու զոհվեցին 7 հայեր՝ Արտուշ Առաքելյանը, Միշա Համբարձումյանը, Մելքումյան ընտանիքի 5 անդամները՝ Սողոմոն եւ Ռաիսա ամուսինները, նրանց որդիները՝ Էդգարը, Իգորը, դուստրը՝ Իրինան:

Նրանց սպանել էին խոշտանգելով, օգտագործելով միս ջարդելու հատուկ կացիններ նաեւ…

Մեղադրական եզրակացությունը 100 էջ է եղել, երբ հարցրեցի պարոն Ռշտունուն այդ ժամանակ, ասաց. «Միայն այդ երեքի մասով 100 մեքենագիր էջ»:

Ի դեպ, բացի ամբաստանյալներից, վկաներից շատերի նկատմամբ էլ կային քրեական գործեր: Այս գործով վկա Վելիեւի նկատմամբ եղել է երկու մեղադրանք՝ բռնաբարության եւ հայերի տները թալանելու:

Պարոն Ռշտունին պատմում էր, որ իրենց միջնորդությամբ Սումգայիթից դատարան եկավ Թոֆիկ Թահմազովը, ով 41 ա թաղամասի տնային կառավարիչն էր՝ N 12 ժեկի պետը: Նա էր եկել հայերի բնակարաններ, ջարդերից առաջ խորհուրդ տվել դուրս չգալ բնակարաններից, որոնք դարձել էին ազերի ջարդարարների թիրախը, չկարողանալով գոնե թաքնվել:

Այս մարդը, հիշում էր Ռշտունին, հայտնել էր, թե ժեկի բոլոր պետերին այդ ժամանակ կանչել էին քաղսովետ, եւ երբ եկել էին թաղամաս, ամեն բան տակնուվրա էր…

Դատավարության ժամանակ խոսք էր գնացել Սումգայիթի պարետի մասին՝ գեներալ Կրաեւի, որին դատարան հրավիրելու միջնորդությունն այն ժամանակ իր թղթապանակից ցույց տվեց պարոն Ռշտունին:

…Չգիտեմ, ով կբացի եւ երբ կուսումնասիրի պարոն Ռշտունու այդ ժամանակվա արխիվ-թղթապանակը, ձայներիզները (հավանաբար իրավաբան դուստրը՝ Նարինե Ռշտունին-Ռ.Մ.), նաեւ հիշեցի այս գործով իմ եւ Հրայր Ուլուբաբյանի հարցազրույցը, որը տպագրվեց «Առավոտում» («Սումգայիթի դատավարություններին ես մասնակցել եմ», 24.02.2018), երբ Հրայրն ասել էր. «Երազանքս այն է, որ պետական մակարդակով այդ գործով զբաղվեն: Եթե պետականորեն որոշեն այդ հարցը միջազգային դատարան մտցնել, միջազգային իրավաբանին պատրաստ եմ տրամադրել նյութերը, դատավճիռները՝ Սումգայիթում եւ Մոսկվայում կայացած, տասնհինգ ուրիշ դատավճիռներ էլ, որոնց մի մասը չեմ էլ թարգմանել՝ ադրբեջաներեն է»…

Վկաներից մեկի՝ խողովակաշինական գործարանի գլանորդ Իվան Մալին դատարանում պատմել էր. «Եթե ամեն ինչ պատմեմ, ժամանակը չի բավականցնի: Ես չմիջամտեցի, որովհետեւ արդեն ոչինչ անել հնարավոր չէր»: Նա հայտնել էր, որ իր բնակարանում հայուհու է թաքցրած եղել այդ ժամանակ, եւ որ պատուհանից է տեսել, թե ինչպես էր քարշ տալիս ամբոխը մի մարդու:

Փաստաբանի հետ ծանր դատերի էլի եմ մասնակցել: Էջմիածնում մի անգամ շրջափակեցին նրան եւ ինձ, եւ նա մի խնդրանքով դիմեց սեւազգեստ «հեղինակություններին»՝ «լրագրողին բաց թողեք, ես ձեր դիմաց կանգնած եմ»…

Ռշտունին մի քանի անգամ մասնագիտական պարտականությունները կատարելիս ենթարկվել է նման «շրջափակումների», սակայն, որպես կանոն, նման գործերով հաղթանակն անխուսափելի էր, եւ կարողացել էր պատվով դուրս գալ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031