Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան Գագիկը կկարողանա երկիրը դնել ռելսերի վրա»

Ապրիլ 05,2014 14:35
trchunich

ԳԽ պատգամավոր Խորեն Սարգսյանն առաջարկում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին նշանակել վարչապետ, իսկ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին` արդարադատության նախարար:

– Հայաստանյան քաղաքական կյանքում թեպետ ժամանակ առ ժամանակ ակտիվանում էին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը, տարբեր իրավիճակներ եղան, որոնցից հետո նաեւ տրամաբանական կլիներ վարչապետի հրաժարականը, սակայն նախօրեին նրա հրաժարականի մասին տեղեկությունը շատերին անակնկալի բերեց: Դուք ինչպե՞ս ընկալեցիք այդ լուրը: Արդյոք դա իրադարձությունների տրամաբանական հանգուցալուծո՞ւմն էր:

– Եթե Տիգրանի համար էր անակնկալ, բնական է, ինձ համար էլ էր: Բայց սա պետք է վաղուց արվեր, եթե ուզում ենք երկիրը երկիր դառնա, ամեն ինչ խաղաղ վիճակով լինի: Ի՞նչ արեց նա: Սովորական բիզնես-մտածելակերպ` եղածը վաճառենք, պարտք անենք` ապրենք: Ոչ մի գործարան չաշխատեցրին, ոչ մի աշխատատեղ չստեղծեցին, արտագաղթն ավելացրին: Իրենց գործունեությունն ինչո՞ւմն էր` եթե մի բան ես սարքում` թույլատրում եմ, պայմանով, որ փայատեր պիտի լինեմ:

– Վարչապետի հրաժարականի օրը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հեռուստաեթերից հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանը ռեֆորմատոր վարչապետ էր, քանի որ բավականին բարդ իրավիճակներում, արմատական լուծումների գնաց:

– Եթե ասեիք, թե որ արմատական լուծումն է, որը երկրին վերելք է տարել` կհամաձայնվեմ: Մենք հողը համարում ենք մայր հող ու հողը վաճառում ենք, մորը վաճառում ենք. դրա դրականը ո՞րն է, դրա լավը ո՞րն է… Նա շուտ պետք է գնար: Ավելի ճիշտ` հանրապետության նախագահը պետք է վաղուց ասեր` հրաժարվիր: Ուշացումով է արել, բավականին ուշացումով:

– Թեպետ ՀՀԿ-ականները վարչապետի հրաժարականի այլ պատճառներ են բերում, բայց բավականին հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց նաեւ ներքաղաքական կյանքում, քանի որ խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերը պատրաստվում էին վարչապետի հրաժարականի պահանջով տարատեսակ միջոցառումներ անցկացնել: Ի վերջո, ինչի՞ արդյունք էր Տիգրան Սարգսյանի հրաժարականը՝ ըստ Ձեզ:

– Տիգրան Սարգսյանի հրաժարականը ժողովրդի ոտքի կանգնելու արդյունք էր: Ամեն ինչ կապում ենք Ռուսաստանի հետ, այդպես չի: Ժողովուրդը դուրս էր գալու, օրը նշանակվեց, ՄՄ-ի փաստաթղթերը պետք է ստորագրվեն: Որպեսզի այս իրավիճակը հանդարտվի… ի՞նչ է, կարծում եք՝ ԱԱԾ-ն չի՞ զգուշացրել` ինչ է լինելու: Այդ ինչ լինելու հետեւանքով վարչապետին ասացին, որ պետք է ազատվես: Ճիշտ է, մեր հայկական սովորության համեմատ` իր դիմումի համաձայն: Ոնց որ` մեռածի ետեւից վատ բան չենք ասում: Բայց, առհասարակ, ճանաչելով Տիգրանին՝ նա իր դիմումի համաձայն էդ աթոռից ազատվողը չէր: Թող պարզ ասեն, որ հանրապետության նախագահը ՀՀԿ-ում հարցը դրեց` դու պիտի գնաս. ուրիշ էլ` ոչ ես ունեմ, ոչ էլ դու:

– Հանրապետության նախագահը Տիգրան Սարգսյանին «զո՞հ տվեց»:

– Չէ: Տիգրան Սարգսյանն իրեն զոհ տվեց` իր աշխատանքով, իր վարվելակերպով, իր սխալ կադրային գործունեությամբ: Ցանկը բացեք` ովքե՞ր են աշխատում` պառլամենտականների երեխաներն ու բարեկամները, կառավարության անդամների: Իսկ մնացածը ՀՀ քաղաքացիներ չեն, նրանց ճանապարհն արտագաղթն է:

– Ընդդիմությունը, փաստորեն, բավականին անհարմար իրավիճակի մեջ հայտնվեց. մարդիկ պատրաստվում էին վարչապետի հրաժարականը պահանջել, բայց… հիմա ի՞նչ անեն:

– Իշխանական թեւից տարբեր ելույթներ ենք լսում, բայց եթե զարգացումները գնացին այն տրամաբանությամբ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է, ու ամեն ինչ ինքն է որոշելու` միտինգներն էլ են շարունակվելու, երկիրն էլ քաոսի մեջ է հայտնվելու:
Ես մի անգամ փորձել եմ պայմանավորվածություն ձեռք բերել եւ հանդիպել հանրապետության նախագահին, բայց չստացվեց: Մեզ մոտ սովորաբար ղեկավարները հեռախոսի մոտ նստած աղջիկներն են. նույն պատասխանը` զեկուցել ենք, տեղում չէ, ժամանակ չկա… իրենց խնդիրն է, ես ոչ աշխատանք էի ուզելու, ոչ էլ: Ես ասելու էի, թե իրական իրավիճակն ինչ է, որ մի բան պետք է անել, արտագաղթը կանգնեցնել, այլապես մարդ չի մնալու: Իմ տարիքի մարդկանցից մահը շատ հեռու չէ, բայց ի՞նչ է լինելու մեր երեխաների վիճակը: Նրանք էլ են գնալու: Մտածենք` աշխատատեղ ստեղծենք, հնարավորություն տանք, որ մարդը կարողանա իր հողի վրա ապրել:

– Հիմա, ըստ Ձեզ՝ ի՞նչ կլինի:

– Եթե նախագահը որոշի վարչապետին ՀՀԿ-ից նշանակել` քաղաքական կյանքը կխաթարվի: Դրանում իրենց դերը կունենան նաեւ իմ կողմից «շատ սիրված» Եվրոպան ու Ամերիկան: Նրանք այդ խաղերն այստեղ կտանեն, ուժ կստեղծեն, Մայդանի օրինակով հատուկ մարդիկ կբերեն, որ ավելի վատ բաներ կատարվի: Դա ոչ մեկիս ձեռնտու չէ:

Եթե հանրապետության նախագահն ականջալուր լինի, վարչապետի պաշտոնը պետք է ընդդիմության դաշտին տա: Ինքը նախագահն է, խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն է, կառավարությունն ընդդիմությունից կլինի` կխաղաղվի, եւ խելոք մարդիկ, որոնք ասպարեզից դուրս են, կնշանակվեն պաշտոնների եւ այս վիճակից դուրս կբերեն այս երկիրը:

– Ընդդիմության դաշտից ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում:

– Միայն իմ տեսնելով չի: Այս ընթացքում ես անընդհատ շրջաններում եմ եղել, եթե ժողովրդին լսես` ամենաիմաստուն խոսքը ժողովրդից ես լսում, ամենաճիշտ լուծումը ժողովուրդն է առաջարկում:

Ընդդիմության դաշտից ես այսօր վարչապետի պաշտոնում Գագիկ Ծառուկյանին եմ տեսնում: ՀՀ նախագահը, կառավարության անդամները տարբեր առիթներով խոսում են, որ պետությունը վատ ղեկավարող է, մասնավորն է լավ ղեկավարում: Մասնավորի մեջ լավ ղեկավար ես նրան եմ տեսնում: Մարդ, որը կարողանում է զրոյից սկսել, ավարտել, աշխատատեղ ստեղծել, ձեռք մեկնել ժողովրդին:
Իր հրաժարականից առաջ Տիգրան Սարգսյանը քննադատում էր, թե ես էսքան մարդկանց պետք եմ գալիս, Գագիկ Ծառուկյանը կարտոշկա է տանում, ասում է… էդ վարչապետին սազական խոսք ա՞: Կամ՝ դու ի՞նչ ես արել: Խորհուրդ ես տվել` ցուրտը տարած ճյուղը կտրեք: Մի բան, որ ժողովուրդը լավ գիտի: Կարող ա՞ գյուղացին չգիտի` ցրտահարությունից ոնց պաշտպանի, ոնց անի, ինչ անի: Հազար անգամ լավ գիտի, քան ամբողջ գյուղնախարարությունը՝ միասին վերցրած: Խորհուրդ տալով չի:

– Բայց եթե Գագիկ Ծառուկյանը նշանակվի վարչապետի պաշտոնում` քաղաքական խնդիր է առաջանում, նրա թիկունքին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է` իր քաղաքական հավակնություններով:

– Լեւոն Տեր-Պետրոսյանը երբ միտինգ էր անում, ասեցին` ՀՀՇ-ի ականջները հետեւից երեւում են: Հիմա` նույն կերպ կարող են ասել: Ես չգիտեմ` Քոչարյանը Ծառուկյանի թիկունքին է, թե ոչ, բայց ես ասում եմ այն մարդուն, որ կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել: Մարդը մեծ գործարար է, գիտի` որտեղ ինչ ստեղծի ժողովրդին աշխատեցնելու համար, շփման տակտ ունի: Մեզ ի՞նչ է պետք` աշխատանք, իրավական դաշտի կայունացում: Եթե վարչապետ լինի Գագիկ Ծառուկյանը` աշխատանքի հարցը կլուծվի: Ասում են` ինքը կարող է չուզենա: Մի անգամ մի գյուղում էդ թեմայով խոսելիս Ալեքսան անունով մի տարեց մարդ ասեց` այ բալամ, էդ ե՞րբ գնացինք խնդրեցինք, ասեցինք` արի մեզ ղեկավարի, էդ մարդը հրաժարվեց. էդ ո՞նց ա՝ կխնդրենք կասենք՝ մեզ էս տուր, էն տուր` կտա… Ստեղ նաեւ ժողովրդի պահանջ կա: Իմ կարծիքով՝ հանրապետության նախագահը պետք է լուրջ ուշադրություն դարձնի ժողովրդի պահանջին եւ երկիրն այս վիճակից հանելուն: Ծառուկյան Գագիկը կկարողանա երկիրը դնել ռելսի վրա ու ուղիղ տանել: Դրանից հետո, եթե մի ուրիշը գա, գիծն ուրիշ ձեւով չի կարողանա տանել, էդ գիծն իր ուղղությամբ կգնա:

Իսկ իրավական դաշտի ապահովման համար արդարադատության նախարարի պաշտոնին սազում է Արծվիկ Մինասյանի նման համեստ, կիրթ, դաստիարակված մարդը: Ու հավատացեք` կոռուպցիան կվերանա մի հրամանով, ձեռքը մի անգամ սեղանին խփելով:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Լավ ես ասում այ միամիտ մարդ:Գագոն ու բոլոր օլիգարխները սովոր են հարկ չտալ:Ինքը հոիր դեմ չի պայքարելու:Ազնիվ մարդ ա թող ինքը վարչապետ դառնա,որ հասկանա,,,,

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930