Լրահոս
Օրվա լրահոսը

Աչքերը չռելը դեռ դերասանություն չէ

Ապրիլ 29,2014 14:00

«Ռիչարդ III»-ը՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Թատրոնի հանդիսատեսը վերջին տարիներին էապես նվազել է: Թատերական գործիչները դժգոհում են, սակայն թատրոնի որեւէ դերասան կամ բեմադրիչ չի ուզում տեսնել մեղքի իր բաժինը: Իսկ ինչպե՞ս կարող է մարդ ձգտել դեպի մի վայր, որտեղ նրա լսողությունը սղոցելու են սարսափելի առոգանությամբ, ուր վիրավորելու են իր մայրենի լեզուն: Պարոնա՛յք, ինչո՞ւ եք հրավիրում մեզ հիանալու նման Ռիչարդով:

Բարդ է խոսել ներկայացման մասին, որտեղ հետաքրքիր մտահղացումները մի ընդհանուր խառնուրդի մեջ են անհասկանալի, անտրամաբանական տարրերի հետ` դե արի ու ջոկիր ոսպն ու ձավարը մոխրից: Բեմադրիչը` Արթուր Սահակյանը, եւ բեմանկարիչը` լուսահոգի Վահագն Թեւանյանը, իսկապես դիպուկ վճիռ են գտել բեմական տարածության համար: Շեքսպիրի պիեսները նախատեսում են ելիզավետյան շրջանի երկու կամ երեք մասի բաժանված բեմի կառուցվածք: Թեւանյանն ու Սահակյանը փոխարենը երեք հարթակ են բերել բեմ: Երկուսը բեմի պտտվող շրջանի արտաքին մասի վրա են` մեկը ճաղերով, մյուսը գահով: Երրորդը բեմի կենտրոնը զբաղեցրած թեք հարթակ է, որ նույնպես պտտվում է, խաղարկվում է որպես ճանապարհ դեպի մյուս հարթակները եւ որպես ինքնուրույն տարածություն: Արդյունքում՝ բեմադրության մեջ պահպանվել է սյուժեի զարգացման դինամիզմը, որ Շեքսպիրի պիեսների արժանիքներից մեկն է: Ի պատիվ բեմադրող Արթուր Սահակյանի՝ անհրաժեշտ է նշել, որ կառուցվածքն արդարանում է բեմական դիրքերի (միզանսցենների) միջոցով` տեսարանի ավարտն ու անցումը հաջորդ տեսարանին չեն առաջացնում ընդհատման զգացում, հերոսները սահուն են բարձրանում հարթակի վրա կամ բեմ իջնում, չի զգացվում ռեժիսորի առաջադրած դիրքը զբաղեցնելու դերասանի ճիգը: Բեմադրողի կատարած աշխատանքի մեջ թերեւս արժե նշել նաեւ Ռետկլիֆի եւ Լովելի մասնակցությամբ սպանությունների տեսարանները` նրանց անտարբեր, գործնական վերաբերմունքն է սարսափ ներշնչում: Սակայն ներկայացման ընթացքում Լովելն սկսում է կարեկցել իր զոհերին, ցավել նրանց հետ, ինչն անհասկանալի է մնում թե՛ պատճառի, թե՛ նպատակի առումով, հատկապես, որ գործընկերոջ վարքագիծը մնում է անփոփոխ:

Օգտագործած բեմական էֆեկտներն ավելացրեցին բեմադրության տպավորչականությունը` բուտաֆորական կտրած գլխից մինչեւ արհեստական արյունն ու Ռիչարդի ձեռքը նիզակի ծայրին: Առհասարակ ներկայացման ընթացքում հասունացած լարումը ֆինալում պետք է որ ավելի տեսարանային վճիռ ստանար, չմնար խոսքային շերտում: Բեմադրողը լիարժեք աշխատել է, միայն մի տեսարան այդպես էլ չտեղավորվեց ընդհանուր պատկերի մեջ` գլխավոր դերակատարի հետույքի պարը (այլ անուն չեմ գտնում) գեղարվեստական չդարձավ, մնաց գռեհիկ, զզվելի:

Շեքսպիրը գրել է մոնումենտալ ողբերգություն, բեմադրողները գտել են դրան հարմար ձեւեր, հերթը դերասաններինն է: Բազմամարդ խմբից պետք է առանձնացնենք եւ խոսենք երկուսի` Տիգրան Ներսիսյան-Ռիչարդի եւ Մարիամ Դավթյան-Լեդի Աննայի մասին: Ժամանակակից թատրոնում կերպարի մեկնաբանության հիմնական գծից մինչեւ այս կամ այն դիրքն ու շարժումը որոշելու իրավունքը դերասանները զիջել են ռեժիսորին: Այժմ դրամատիկական թատրոնում խոսքն է նրանց հիմնական ստեղծագործական ասպարեզը: Եվ ի՞նչ է անում այս ասպարեզում Մարիամ Դավթյանը: Կլորացնում է «լ» տառը եւ փափկացնում «ր»-ն, եթե դրան հետեւում է ձայնավո՞ր: Որպեսզի համապատասխանի ռուսերենի հնչյունաբանությա՞նը: Գուցե արժե՞ր դերասանությամբ զբաղվելուց առաջ ուղղել լեզվի արատը, որպեսզի «ս» տառը չզբաղեցնի «թ»-ից «ֆ» ընկած ողջ միջակայքը. տեքստը պարզապես չի հասկացվում: Դերասանի առջեւ դրված նվազագույն խնդիրը հերոսի գործողություններն ու խոսքերը կատարման մեջ արդարացնելն է: Մարիամ Դավթյանը թերեւս ինքն էլ չգիտի (կամ գիտի, բայց մեզնից է գաղտնի պահում), թե ինչո՞ւ է փոխվում Լեդի Աննայի վերաբերմունքը Ռիչարդի նկատմամբ, ի՞նչ ներքին ճանապարհ է նա անցնում: Կարճ. աչքերը չռելը դեռ դերասանություն չէ:

«Ռիչարդ III» ներկայացման առանցքային հերոսը հայտնվելու պահին տպավորում է` արտահայտիչ գրիմ, անճոռնի կեցվածք: Կերպարը, կարծես, սկսում է ուրվագծվել, սակայն այդ ուրվագիծն անէանում է, հենց դերասանը մեկ նախադասություն է արտասանում: Հեղինակի տեքստը լսելի է, սակայն անհասկանալի է մնում, թե ո՞վ էր այս Ռիչարդը, ինչո՞ւ էր այսքան դաժան, ի՞նչ շարժառիթներ ու նպատակներ ուներ: Կերպարի ամբողջ խոսքը կառուցված է մեկ ինտոնացիոն սկզբունքով` եթե նախադասության մեջ երեք եւ ավելի բառ կա, ապա վերջին վանկն անպայման երկարացվում է: Ինչո՞ւ: Գուցե ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանին հանգիստ չի տալիս «ողբերգակ դերասան» բառակապակցությո՞ւնը (ինչպես Թովմաս Ֆասուլաճյանին երիտասարդ տարիներին): Եվ ամբողջ երեք ժամ նույնը, մի փոքր բարձր կամ ցածր, բայց նույնը: Հիշեցրեց գայլի ոռնոց, բայց առանց բովանդակության: Դերասանի գործը բեմում հեղինակի տեքստն իմաստավորելն է, ոչ թե իմաստազրկելը:

Անշուշտ, լավ կլիներ խոսել նաեւ մյուս դերակատարումների մասին, հատկապես, որ աշխատանք կատարված է, բայց վերոհիշյալ երկու դերակատարումներից հետո օբյեկտիվ խոսքն ասելն անհնար է: Հնարավո՞ր է, արդյոք, դատել նվագախմբի երաժիշտների ստեղծագործության մասին, եթե երկու մենակատարները շփոթել են նոտաները եւ նվագում են բոլորովին այլ ստեղծագործություն, այլ տոնայնության մեջ, այլ ռիթմով: Մնում է միայն կրկնել Տիգրան Ներսիսյան-Ռիչարդի խոսքերը. «Ավաղ, խեղճ Յորիկ/Շեքսպի՞ր»:

ՎԱՍԻԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
արվեստագիտության
թեկնածու, դոցենտ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Մարիամ Դավթյանին տրված գնահատականին համաձայն եմ: Ակադեմիական թատրոնում նման էժանագին, սիրողական ցածր որակն անթույլատրելի է: Ողբերգություն է՝ տեսնել բեմական պատահականությանը թատրոնում, շեքսպիրյան ստեղծագործության մեջ: Սա ռեժիսորական ,,կուրության,, հետևանքն է, երբ չդերասանուհին խաղում է նման բարդագույն կերպար: Դերասանուհի կոչվածը չի հասկացել կերպարը, նրա առջև դրված խնդիրները, չի հասկացել, թե ինչ պիեսում է խաղում… Անգամ զզվելի է նման կատարամանը անդրադառնալը: Վասիլ Գևորգյանն, իհարկե, ապացուցում է,. որ ինքը թատերագետ կամ թատերական քննադատ չէ, ատենախոսություն պաշտպանելը ռեժիսորական կրթությամբ՝ չի նշանակում լինել թատերագետ: Նման ,,բուծված,, թատերագետները սրտխառնոց են առաջացնում, բայց դերասանուհուն տրված գնահատականն ընդունելի է: Դե, դա մի դժվար բան չէ՝ բեմում տեսնել կատարյալ ապաշնորհությանը, Մայր թատրոն թափանցած պատահականությանը: Ինչ վերաբերում է Տիգրան Ներսիսյանի Ռիչարդ տրված գնահատականներին, ապա Վասիլը մի քիչ պետք է Շեքսպիր ուսումնասիրեր, ծանոթանար արդի թատրոնի խնդիրներին, դերասանական արվեստում տեղի ունեցող նորացումներին: Տիգրան Ներսիսյանը բացառիկ Ռիչարդ չէ, ավելին, նա խաղում է ոչ թե խորամանկ ու իր նպատակների իրագործման համար ցանկացած միջոցի դիմող չարագործի, այլ փոքր-ինչ դեգեներատի… Բայց կատարման մեջ կան ինքնատիպ ու հետաքրքիր հատվածներ… Մի խոսքով, Վասիլն իր կարծիքն է արտահայտել, իր իրավունքն է, բայցպետք է մի քիչ թատերական ընթացքին տեղյակ լինել, ծանոթ լինել հատկապես շեքսպիրյան թատրոնում տեղի ունեցող կերպարանափոխումներին: Իսկ իմ մասնագիտական վերլուծությունը շուտով կներկայացնեմ..

  2. Լևոն Իվանյան says:

    Վերլուծական գրելուց առաջ նաև հաշվի առեք, որ մարդիկ հասցնում եմ միայն վերնագիրը նայել ու երևացող նկարը տեսնել: Քչերն են մինչև վերջ կադում հոդվածը: Արդյունքում ստացվում է, որ վերնագրում նշված «Աչքերը չռելը դեռ դերասանություն չէ» վերնագիր-արտահայտությունը վերաբերում է ոչ թե Աննայի դերակատար Մարիամ Դավթյանին, ինչպես գրված է հոդվածում, այլ տպավորություն է ստեղծվում, որ Ռիչարդի մասին է խոսքը, որի մասին հոդվածագիր հեղինակը այլ բնույթի «գնահատման» մոտեցում ունի: Իհարկե, մինչև վերջ կարդացողները կհասկանան ինչն՝ինչ է:

  3. Գագիկ says:

    Հոդվածի վերնագիրը բացարձակ կապ չունի բովանդակության հետ և վերջապես,չի կարելի նման էժանագին միջոցներով ընթերցող գրավել:

  4. Վարդանյան Ս. says:

    Սունդուկյան թատրոնն արդեն սկսել է բարգավաճել, բռավո: Բայց կարիք չկա թատերագետ Վասիլ Գևորգյանին անձնական վիրավորանք հասցնել: Ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն ունենալ: Վասիլի կրթությունը այս հոդվածի հետ կապ չունի: Ավելի լավ է խոսեք բուն հոդվածից, որպեսզի այն չդիտարկվի որպես նախանձ երիտասարդ թատերագետի հանդեպ: Վասիլը Տիգրանից չի վախում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930