Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենի հողի կանչը՝ «Բեկոր»-ի բեմից

Մայիս 27,2026 15:42 Share

«Ամենուր պետք է Հայոց ոգին զրնգա՝ բեմում, թատերաբեմում, մարտաբեմում և ոգեբեմում»։
Գագիկ Գինոսյան

«Ինչո՞ւ «Բեկոր»» հարցին խմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Բաղդասարյանը պատասխանեց․ «Երկու պատճառով է «Բեկոր» կոչվում․ մեկը՝ Արցախի հերոս Բեկոր Աշոտի՝ Աշոտ Ղուլյանի պատվին, երկրորդը՝ մենք մեր մշակույթի մի բեկորն ենք»։

Նա տեղեկացրեց նաև, որ «Բեկոր» ավանդական երգի-պարի խումբը հիմնվել է 2018 թ․՝ իր կողմից։ Մինչ այդ՝ 2008 թվականից, եղել է 2001 թ․ Գագիկ Գինոսյանի հիմնած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի կազմում։ Այժմ էլ նույն խմբում պարում է։ Հայկական ավանդական երգի, պարի և ծիսակարգերի ուսումնասիրմամբ ու հանրահռչակմամբ զբաղվող «Կարին» կառույցի տարբեր խմբեր են այսօր գործում։ Մեծ է երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանի դերն այս հարցում։

2025 թվականից խումբը գործում է որպես «Բեկոր» ազգային կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպություն։ Խմբում ընդգրկված են տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր, նվիրյալ անձինք։

2026 թ․ մայիսի 25-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական կոմեդիայի թատրոնի դահլիճում կայացած «Այս հողի վրա» համերգ-ներկայացումը «Բեկոր»-ի կողմից նվիրված էր Գ․ Գինոսյանի՝ Մեծ ուսուցչի, Հրամանատարի ծննդյան 60-ամյակին։

Համերգի կայանալուց մեկ օր առաջ «Բեկոր» խմբի անդամները՝ Հ․ Բաղդասարյանի գլխավորությամբ, այցելել էին Եռաբլուր, Հրամանատարի շիրիմին ծաղիկներ խոնարհել և ստացել նրա հոգևոր օրհնանքը, որն էլ առավել ուժ տվեց խմբին համերգ-ներկայացման ընթացքում։

Համերգ-ներկայացումը պանդխտության թեմայով էր՝ հայի համար դարեր շարունակ ցավալի երևույթ։ Հայ մարդը հաճախ ստիպված է եղել ձեռքն առնել պանդուխտի ցուպը, հեռանալ հայրենիքից՝ առավել ապահով կյանք ու ապագա ունենալու ակնկալիքով։ Իսկ հողին տեր մնացողի համար մեծ ցավ է հարազատի, բարեկամի, ընկերոջ ու հարևանի, առհասարակ հայ մարդու հեռանալը հայրենի հողից՝ անկախ պատճառներից ու իրադարձություններից։

Այսօր էլ թեման առավել արդիական է․ հայաթափ եղավ Արցախը, շատերն են հեռանում նաև Հայաստանի Հանրապետությունից, հատկապես նրանք, ովքեր կարող են իրենց գիտելիքն օգտագործել հայրենի հողի շենացման համար։ Բայց…

Գիտելիք ստացած երիտասարդ հայուհին՝ Շուշանը, արդեն որոշել է․ հաջողվել է ստանալ ԱՄՆ-ում բնակվելու և աշխատելու թույլտվություն, գնել է ինքնաթիռի տոմսը։ Սակայն հայրն ու, առավելապես, Մեծ Եղեռն տեսածի թոռ տատը դեմ են։ Տատը հուշերի թելով վերադառնում է իր հարսանիքի օրը, որտեղ հնչում էին մեր ազգային երգերը, ու պարը խոսում էր հոգու լեզվով։

«Բեկոր»-ի հարսանեկան «Շավալի» պարը կատարվում է «Ելիր, ելիր» երգով, որը դարեր շարունակ երգել են հայոց աշխարհում՝ հարսին հայրական տնից դուրս հանելու ժամանակ։

Իսկ Շուշանը, որի մայրը բուժքույր էր եղել ու զոհվել էր Արցախյան պատերազմում, անդրդվելի է․ խռոված դուրս է գալիս տնից։ Ներկայացումն ընդհատվում է հայ ազգագրական «Մարալ Շուշո» երգով․

«Շուշոն էլեր կերթեր էգին,
Ինքն ու ուր ջուխտակ տեգերկին,
Քաղեց զխաղող, լեցուց գոգին։
Մարալ Շուշո, ջեյրան Շուշո…»։

Իհարկե, սցենարի հեղինակն ու ռեժիսորը լավատեսորեն են ավարտում ներկայացումը․ Շուշանը հետ է վերադառնում՝ ասելով․ «Երբ գնում էի օդանավակայան, աջ կողմում Եռաբլուրն էր, ձախ կողմում՝ Արարատը…»։

Ինչ խոսք, Հայոց այս երկու հավերժությունները մշտապես կանչում են հային։ Այսօր շատ ծանր է օդը Եռաբլուրում․ հազարավոր Անմահների հոգիներն անհանգիստ են ու հրամայող։ Իսկ Սրբազան Արարատը հնարավոր չէ ջնջել հայի հոգուց ու հիշողությունից։ Խմբի կատարմամբ հնչում է նաև «Աղավնին Նոյյան տապանին» երգը․

«Տեսեք աղավնին Նոյյան տապանին,
Եկած ու կանգնած ի սար Տավրոսին,
Ավետիս կուտա հայկյան սերունդին,
Թե եկավ գարուն Թորգոմա զարմին։

Մոռցանք հայրենիք, մոռցանք Հայաստան,
Կորուսինք մեր փառքն ու Վասպուրական,
Սիրո, միության դասեր մոռացանք,
Ատելության ձեռք խաղալիք դարձանք…»։

Համերգ-ներկայացման ընթացքում «Բեկոր»-ի և Հ․ Բաղդասարյանի հիմնած երկրորդ խմբի՝ «Կամք»-ի կողմից կատարվեցին հայոց ազգագրական ու ռազմահայրենասիրական տասնյակ երգեր ու պարեր։ Հանդիսատեսը ոգևորված էր, երբեմն՝ հուզված։ Ծափողջյունները չէին դադարում։ Ինչպես ընդունված է, համերգն ավարտվեց մասնակիցների շուրջպարով։

 

Համերգից հետո Հ․ Բաղդասարյանը երախտագիտության խոսքեր ուղղեց հանդիսատեսին, իր թիմին և բոլոր աջակիցներին, այդ թվում՝ «Հայկական ծրագրեր» կազմակերպությանը։ Մինչ համերգի սկսվելը նա անհանգիստ էր, հուզված, բայց հավատում էր։

«Այս տարվա «Այս հողի վրա» համերգ-ներկայացման թեման պանդխտությունն էր՝ կարոտի, վերադարձի ու հայրենի հողի հետ կապի մասին։ Բոլորը կարող են գտնել իրենց համար կարևոր ու հարազատ պահեր։ Այն ստիպում է մտածել, զգալ և վերապրել սեփական հողի ու արմատների կարևորությունը», — ասաց նա և հավելեց․ ««Կամք» խմբում հիմնականում պարում են տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձինք»։

Նա ներկայացրեց նաև նախագծի վրա աշխատած նվիրյալ թիմին․ սցենարի հեղինակ՝ Լիանա Ասատրյան, ռեժիսոր՝ Արթուր Սահակյան, բեմանկարիչ՝ Լուսինե Ստեփանյան, երաժիշտներ՝ Սևադա Իրիցյան, Էրիկ Ասլանյան, ձայնագրման ռեժիսոր՝ Գարեգին Առաքելյան («Գաթա բենդ»), երգուսույց՝ Աննա Թովմասյան, որը մշտապես հանդես եկավ խմբի հետ՝ իր անզուգական ձայնով ու կատարմամբ։ Ներկայացման գլխավոր դերում՝ տատի կերպարում, հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը։

Զրույցի ընթացքում Հ․ Բաղդասարյանն ասաց․ «Իր գործունեության տարիների ընթացքում խումբը հանդես է եկել հանրային ելույթներով և պարուսուցումներով՝ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, ինչպես նաև պարուսուցման եռամսյա դասընթացներով։ «Բեկոր»-ը միտում ունի հանրության լայն հատվածին ծանոթացնել և հաղորդակից դարձնել հայ մշակույթին՝ ազգային պարերի միջոցով։ Ստեղծման օրից ի վեր խումբը պարբերաբար իրականացրել է խմբային պարուսուցումներ ու ելույթներ՝ ներկայանալով տարբեր ձևաչափերով»։

«Բեկոր»-ը 2020 թ․ համավարակի ժամանակ էլ է գործել՝ տեղափոխվելով թվային հարթակներ և շարունակելով իր գործունեությունը՝ ի նպաստ ազգային մշակութային ծրագրերի ու նպատակների։

2023 թ․ նոյեմբերին Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Բեկոր»-ը մասնակցեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի կազմակերպած «Հայրենիքիս» խորագրով համերգին։

«Խմբի և վերականգնողական կենտրոնի տղաների ջանքերի շնորհիվ հանդիսատեսին ներկայացվեցին խրոխտ ու զորեղ ազգային պարեր։ Համերգի նպատակն էր ցույց տալ հոգու, մարմնի և կամքի ուժի միասնությունը, որը հնարավոր էր դարձել ազգային պարի միջոցով», -ասաց Հ․ Բաղդասարյանը, որն ամիսներ շարունակ աշխատել էր հենաշարժողական խնդիրներ ունեցող մասնակիցների հետ։

2023 թ․ նոյեմբերին առանձին համերգով հանդես եկավ նաև «Բեկոր» ավանդական երգի-պարի խումբը։ «Անունդ Հայաստան» խորագրով համերգ-ներկայացումը՝ 11 նոր պարեղանակներով, դարձյալ կայացավ Հ․ Պարոնյանի անվան թատրոնի բեմում։

Ներկա էի դահլիճում․ խմբի կազմում այն ժամանակ և այժմ էլ հանդես է գալիս դուստրս՝ Վարսենիկը։ Այդ ժամանակ Գ․ Գինոսյանը գտնվում էր արտերկրում և խմբին ողջունեց առցանց։

Այդ առթիվ մայիսի 25-ի համերգ-ներկայացման վերջում Հ․ Բաղդասարյանը հիշեցրեց հանդիսատեսին․

«Համերգի վերջում ինձ տվեցին Գինոսյանի նամակը, որն ընթերցեցի բեմից։ Այդ ժամանակ շատ հուզված էի, որովհետև իմ արած ամեն ինչը հաշվետվություն և երախտիքի խոսք է Ուսուցչին։ Հիմա Նա էլի մեզ հետ չէ, բայց շարունակում է կրթել, ոգեկոչել, խրախուսել… Հույս ունեմ, որ էլի կասի նույն բառերը և իր բարի ժպիտով կմղի մեզ դեպի նոր ոգեբեմեր»։

Այժմ էլ, ավանդույթի համաձայն, «Բեկոր»-ը շարունակելու է ձեռք բերել նոր ձայնագրություններ, իրականացնել նոր պարային բեմադրություններ և ներկայացնել քիչ տարածված պարեր։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031