Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Gallup-ի Հայաստանում մամուլի ազատության մասին պատկերացումները լավացել են. «Ազատություն»

Մայիս 05,2014 12:50
terter

Հասարակական կարծիքն ուսումնասիրող Gallup ընկերության անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ շատ երկրներում համոզմունքը, թե մամուլն ազատ է, անկում է ապրում: 

132 երկրներում 2013 թվականին անցկացված հարցախույզի արդյունքներով՝ 63 տոկոսն է ասել, որ մամուլն իրենց երկրում ազատ է, և 26 տոկոսը` որ ազատ չէ: Սա, ի դեպ, 2010 թվականից ի վեր մամուլի ազատության առումով ընկալումների ամենացածր մակարդակն է:

Ու չնայած ընդհանուր այս միտումին, Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ պատկերացումները նախորդ տարիների համեմատությամբ լավացել են․ փաստացի 2010 թվականից ի վեր առաջին անգամն է, որ Gallup-ի հարցման ընթացքում Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունն ազատ որակողներն ավելի շատ են եղել, քան ոչ ազատ համարողները, թեև տարբերությունը մեծ չէ` միայն մեկ տոկոս: Gallup-ի հարցին` «արդյոք բավականաչափ ազա՞տ է ձեր երկրում մամուլը», Հայաստանում հարցվածների 44 տոկոսը դրական պատասխան է տվել, 43 տոկոսը՝ բացասական:

Առաջին անգամն է նաև, որ Հայաստանը տեղ չի զբաղեցրել մամուլի ազատության առումով ամենաշատ բացասական պատասխանները տված երկրների տասնակում: Նախորդ տարիների զեկույցներում Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ ընկալումը շատ ավելի հոռետեսական է եղել:

Այսպես` առաջին հարցման ընթացքում, որը Gallup-ն անցկացրել է 2010 թվականին և արդյունքները հրապարակել 2011-ին, Հայաստանում միայն 29 տոկոսն է ասել, որ մամուլն ազատ է, 47 տոկոսը կարծիք է հայտնել, որ երկրում լրատվամիջոցները ազատորեն չեն գործում: Հաջորդ տարի` 2011 թվականն ամփոփող հարցման մեջ Հայաստանում մամուլն ազատ համարողների թիվը չի փոխվել՝ 29  տոկոս, մինչդեռ ավելացել է լրատվամիջոցների գործունեությունը ոչ ազատ գնահատողների թիվը` դառնալով 52 տոկոս: 2012 թվականին վերաբերող և անցած տարի հրապարակված հարցման արդյունքներով թեև Հայաստանը կրկին վերջին տասնյակում է հայտնվել, սակայն արդեն մամուլի գործունեությունն ազատ գնահատողների թիվն էապես աճել է` 35 տոկոսն է այդպիսի կարծիք հայտնել, միևնույն ժամանակ, կրճատվել է նրանց թիվը, ովքեր Հայաստանում մամուլի գործունեության մեջ ազատություն չեն նկատել` 49 տոկոս:

Ուշագրավ է, որ Gallup-ի անցկացրած հարցման արդյունքներում այս տարի ավելացել են նաև Լեռնային Ղարաբաղից ստացված տվյալները: Դրանց համաձայն՝ Ղարաբաղում առավել տարածված է այն տեսակետը, որ իրենց մոտ լրատվամիջոցներն ազատ են` 63 տոկոսն է այդպես պատասխանել, և 29 տոկոսն է միայն ասել, որ մամուլն ազատ չէ:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031