Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյան. «Բարդանում է խաղաղությունը երկար պահելը»

Մայիս 08,2014 13:26

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանն
այսօր «Հայելի» ակումբում խոսեց հաղթանակի օրվա , զինադադարի 20 տարիների մասին: «Այդ տարիների ընթացքում լրագրողական դաշտը ահագին փոփոխության է ենթարկվել, եկել է լրագրողների նոր սերունդ, որը այդ ժամանակվա իրադարձությունների հետ կապված բաներ չգիտի: Ես, որպես ականատես վկա՝ գեներալի կոչումով, կարող էի լրագրողների հետաքրքրություններին հագուրդ տալ»,-ասաց Սուրեն Աբրահամյանը:
Նա շնորհավորեց ողջ հայ ժողովրդին՝ մայիսյան բոլոր հաղթանակների ու Երկրապահի օրվա առթիվ: «Այսօր նաեւ երկրապահի օրն է, ես էլ որպես շարքային երկրապահ, Վազգեն Սարգսյանի խոսքով, զինակից ընկերներիս իմ ողջույնն ու շնորհավորանքն եմ ուղղում: Ուզում եմ, Աստված երկրին էնքան խելք տա, որ կարողանա այդ մասսային սատար լինել: Ես բուռն կյանքով եմ ապրել այդ տարիներին, ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ ափսոսում նաեւ, որ այսօր ոչ մի շքանշան կամ մեդալ չունեմ: Մի ժամանակ մենք էինք որոշողը՝ ում ինչ տանք… Երբ 92-ին Վազգենը նշանակվեց պետնախարար Սյունիքի գծով, աշխատակազմի ղեկավարը ես էի, լավ թիմ կար՝ ոչ մի ակնկալիք չունեցող, Վասիլն էր Ավետիսյան՝ մշակույթի գծով պատասխանատուն, Դերենիկ Մարգարյանը՝ տնտեսության գծով պատասխանատուն, Սուսաննան Սարգսյան, Գագիկը Գեւորգյան , Սերգեյը…Այն ժամանակ պետության կողմից կիրառվող քայլaերն արվում էին խիստ գաղտնի, եւ շատ-շատերը Երեւանում տեղյակ չէին, թե Վազգեն Սարգսյանն ինչ առաքելությամբ էր գնացել, ոչ սիրողական մակարդակով էինք աշխատում, ոչ էլ «Առա՜ջ տղերք» կարգախոսով…Բավականին լուրջ գործ էինք կազմել՝ Սյունիք-Զանգեզուր պետական ծրագիրր: Այն տարածքները, որ ազատագրվեցին, Ղարաբաղի համար անվտանգության գոտի ապահովվեց: Մի խնդիր էր լուծվում, որ Սյունիքը դառնար Ղարաբաղի թիկունք: Առանց բարձրաձայնելու, առանց կուրծք ծեծելու էինք աշխատում, այսօրվա հաղթանակների շարքը պայմանավորված էր այդ ծրագրով, ե՛ւ Ղարաբաղը հզորոցավ, ե՛ւ Սյունիքը: Ամրացավ նաեւ Նախիջեւանի կողմից մեր պաշտպանական գիծը, բանակի կայացման գործընթացը բուռն ձեւով գնաց Սյունիքում»,-ասաց բանախոսը:

Նա հավելեց, որ այդ ամենում կարեւոր դերակատարություն ուներ նաեւ հասարակ ժողովուրդը. «Փառք ու պատիվ հայ ժողովրդին, երկրապահը միայն սահմանի վրա կռվող տղաներն էին, այլեւ Երեւանում ցրտին տառապող մարդիկ: Սրանք պոպուլիստական լոզունգներ չեն, իսկապես հերոսական տարիներ էին դրանք: Այս փոքր ազգի գործողությունները հինգ-վեց ազգի կարող էին հերոսացնել»:

Սուրեն Աբրահամյանը որոշ դրվագներ պատմեց. «Ես բնիկ երեւանցի եմ: 1992 թվականին Վազգենի հետ գնացել եմ Սյունիք, 98-ին հետ եմ եկել: Դրանք տարիներ էին, երբ Կապանում ապակի չկար: Փառք ու պատիվ Սյունիքին, ժողովրդին, որ կարողացան դիմակայել, լավագույն դրվագներ կան գրելու, հո միայն հաբռգած գեներալնե՞րը չեն… Հիշում եմ, մի անգամ ես ու Վազգենը մի օրում 18 տեղ թաղման էինք գնացել, Վազգեն Սարգսյանը բալա չուներ, ե՛ս ունեի…Ոչ մի տեղ չասացին՝ «բալես ո՞ւր ա, բալեդ թաղեմ»…. Ուրիշ տարիներ էին դրանք, ոգի կար, ու Վազգեն Սարգսյանը այդ ամեն ինչին ոգեշնչողն էր: Ժողովուրդը հասկացել էր պատերազմի արհավիրք ու սոսկալի բան լինելը…
Մեր խաղաղությունը հաղթանակած խաղաղություն է: Ոչ մեկը մեզ չի օգնել, մե՛նք ենք կռվել, ողջ բեռը երկրապահի ուսերին է եղել… Վազգենի խելահեղ կերպարով էր ամեն ինչ պայմանավորված: Ես նախանձում էի Վազգենին, որ նրա չափ էս հող ու ջուրը չէի կարողանում սիրել»:

Aravot.am-ը Սուրեն Աբրահամյանին խնդրեց մեկնաբանել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի՝ թվիթերյան էջում տարածած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն խոսքերը, թե «Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն (կամ հանձնվեն) Ադրբեջանի վերահսկողությանը»:

«Ժամանակի առումով քանի գնում, այնքան բարդանում է խաղաղությունը երկար պահելը: Աստված մի արասցե, եթե նոր պատերազմական գործողություններ սանձազերծվեն: Ի դեպ, խնդիրը Ադրբեջանը չէ, մենք միշտ կարող ենք նրանց դիմակայել, չնայած վերջին տարիներին ադրբեջանցիներն էլ են սովորել սահմանին մեռնել: Ադրբեջանցիները պատերազմական հռետորիկան ինձ դուր չի գալիս, ամեն հանդիպումներից հետո նրանք սադրանքների են գնում, անընդհատ փորձում են ապացուցել, թե հարցի լուծումը միայն ռազմական ճանապարհով է հնարավոր: Այս պարագայում մեր դիվանագիտական կորպուսը չպետք է քնի…Ցավոք, մեր հետ կապված խնդիրերը մե՛նք չենք լուծում, երկիրն ու հանրություն նման պարագաներում պետք է մոբիլիզացնել մի բռունցք դարձնել: Ամեն ինչ պետք է արվի հասարակության իմունոհամակարգը բարձրացնելու համար, ոգու պակաս կա այսօր, ոչ թե տանկի, զենքի, ինքնաթիռի: Իշխանությունները պետք է դեմքով դեպի ժողովուրդը թեքվեն»,-ասաց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031