Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանին մեղադրում էր՝ հայ ժողովրդին կառափնարան տանելու համար»․ Գեղամ Մանուկյան

Ապրիլ 11,2024 15:48

ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ դիմում է Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին եւ ԵԿՄ անդամներին․ «Երեկ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանին մեղադրում էր՝ հայ ժողովրդին կառափնարան տանելու համար։ Ասաց՝ «իրական Հայաստանի դե յուրե հաստատումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի բերումով, երբ հասկանալի դարձավ, որ 1996-1998 թվականներին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ էին տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը»։ 1996-1998 թվականներին Վազգեն Սարգսյանն ամենավճռական ներկայությունն ուներ Հայաստանում՝ եւ ներքին, եւ արտաքին քաղաքականության ու անվտանգային համակարգում»։

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ կառավարության խոստումներն ու ծրագրի կատարողականը միմյանց հակասում են։ «Կառավարությունը խոստանում էր՝ անցում կկատարվի արհեստավարժ, պրոֆեսիոնալ բանակին։ Պրոֆեսիոնալ բանակը չկա, բայց ժամկետային ու զորահավաքային զինծառայության կառուցվածքն իրականում փոխվել է՝ սկզբում եռամսյա, հետո 25-օրյա վարժական հավաքները, որն իրականում մարտական հերթապահություն է։ Կառավարությունը խոստանում էր՝ առաջիկայում կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշվի պայմանագրային ծառայության։ Ընտրություններից առաջ փսփսալով խոսում էին՝ 1,5 տարի է լինելու ծառայությունը, ընտրությունները վերջացան, եւ խաբեցին»,- ասաց նա։

Անդրադառնալով ծրագրի «Անվտանգություն ու պաշտպանություն» հատվածին, Մանուկյանն ասաց․ «Զինված ուժերի կիրառման պլանը դա ամբողջ հայկական բանակի գործունեությունն է։ Թղթով հաստատել են, Անվտանգության խորհրդի նիստում հաստատել են, երբ հարձակում է եղել հայկական զինված ուժերի զորամիավորումներից մեկի վրա, ի՞նչ եք արել, ասում է՝ բան չենք արել, որ լայնածավալ պատերազմ չլինի։ Այսինքն՝ եթե Տավուշի Երրորդ բանակային կորպուսի վրա հարձակում լինի, Երկրորդ բանակային կորպուսն ասելու է՝ քանի որ լայնածավալ պատերազմ է լինելու, եկեք Երրորդ բանակային կորպուսին մենակ թողնենք։ Սա է ամբողջ զինված ուժերի ռազմավարությունը»։

Գեղամ Մանուկյանը նաեւ հիշեցրեց նախորդ տարվա ապրիլի 11-ի դեպքը, երբ ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում հայ զինծառայողների սպանեցին․ «Մեկ տարի առաջ այս օրը ադրբեջանական սադրանքի հետեւանքով ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհվեցին Արթուր Սահակյանը, Մկրտիչ Հարությունյանը, Հենրիկ Քոչարյանը, Նարեկ Սարգսյանը։ Տեղ գյուղի հատվածում իբր սահմանազատման-սահմանագծման նպատակով հայկական զինված ուժերը Լաչինի կողմից հետ քաշվեցին, որպեսզի ադրբեջանական ու հայկական սահմանապահ զորքերը կանգնեին ամեն մեկն այսպես կոչված իր տարածքում։ Ի՞նչ եղավ, ադրբեջանցիները եկան, օկուպացրեցին, զոհվեցին մեր զինծառայողները, մինչեւ հիմա նորություն չկա այդ հատվածից։ Հիմա էլ Տավուշում են տալիս ու ասում՝ սահմանազատում-սահմանագծում ենք անում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930