Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի ներկայացրած թվերը վստահություն չեն ներշնչում ավագանու անդամին

Մայիս 16,2014 14:40

Վանաձոր համայնքի բյուջեի 2013 թվականի կատարման՝ քաղաքապետի տարեկան հաշվետվությանն ավագանու 15 անդամներից դեմ էր քվեարկել միայն Արամ Խաչատրյանը: Թերեւս նա միակ դեմ քվեարկողն է Վանաձորի ավագանու կազմում (տարվա ընթացքում ներկայացված մոտ 150 նախագծից դեմ է քվեարկել մոտ 20-ին), բայց նման մոտեցումը նրա համար ինքնանպատակ չէ, ավագանու անդամը հիմնավորում է նաեւ իր՝ դեմ քվեարկությունները:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արամ Խաչատրյանը, բյուջեի կատարողականի վերաբերյալ քաղաքապետի ներկայացրած թվերն իրեն վստահություն չեն ներշնչում, քաղաքում կատարված աշխատանքների համեմատ բյուջեի ծախսային մասը համոզիչ չէ: «Որովհետեւ, եթե մենք դուրս ենք գալիս փողոց եւ իրականությունը տեսնում ենք եւ հաշվետվության հետ համեմատում ենք, կարծում եմ, որ համահունչ չեն: Նիստի ժամանակ էլ ասացի, որ, օրինակ, գետերի հուների մասով անձամբ գնացել եմ Ջունգլիներ թաղամաս եւ Երրորդ մաս, որտեղ նախատեսված էր, որ ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 1-ը պետք է գետերի հուները մաքրվեն: Հանդիպել եմ բնակիչների հետ, եւ մարդիկ ասել են, որ նման բան չեն նկատել, այսինքն՝ որ գետերի հունը այդ ժամանակահատվածում մաքրվեր, բայց բյուջեի ծախսային մասում դրա համար կար 12 մլն դրամ: Բնական է, որ քաղաքապետը պետք է ասեր՝ մաքրվել են: Ես, համենայնդեպս, իմ տեսածին ու լսածին եմ հավատում: Եթե մաքրված լինեին, բնակիչները կասեին՝ մենք տեսել ենք այդ ժամանակահատվածում, որ նախատեսված էր»,- ֆինանսավորված, բայց բյուջեի կատարողականը հաստատելու պահին փաստացի չկատարված՝ գետերի հուների մաքրման մասին է խոսում Արամ Խաչատրյանը, որն անձամբ վերահսկել է այդ նպատակային ծախսը: Ավագանու անդամը մատնանշում է նաեւ աղբահանությունը, որը նույնպես լավ չի կազմակերպվում քաղաքում:
Բյուջեի կատարողականին թերահավատորեն վերաբերվող ավագանու անդամը հիշում է նաեւ, որ անցյալ տարի բյուջեի հաստատման ժամանակ ինքը հարց էր ուղղել քաղաքապետին, թե քանի տոկոսով է բյուջեն կատարվում եկամտային մասով, քաղաքապետը պատասխանել էր՝ 100 տոկոսով: «Այնինչ օրեր առաջ ֆինանսների նախարարը կառավարության նիստում ներկայացրել էր տվյալներ, որ եկամտային մասը Հայաստանի մասշտաբով 35 տոկոսով գտնվում է ստվերի մեջ: Բացի այդ, երբ 2 ամիս անց քննարկվում էր 2012 թվականի բյուջեի տարեկան կատարողականը, թվերից էլ պարզ երեւում էր, որ, ասենք, 95-96 տոկոսով է կատարվում»,- ասում է ավագանու անդամը:
Հարցին՝ ինչու համայնքի ավագանին եւ ինքը՝ որպես ավագանու անդամ, չի զբաղվում համայնքի բյուջեի կատարման վերահսկողությամբ, չէ՞ որ ՏԻՄ օրենքով՝ ավագանին իրավազոր է ստուգել ցանկացած բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը, պահանջել հաշվետվություններ կատարված ծախսերի վերաբերյալ, համայնքի ղեկավարն էլ՝ եռամսյակը մեկ ՀՀ բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում բյուջեի ընթացքի մասին հաղորդումներ ներկայացնել համայնքի ավագանուն, Արամ Խաչատրյանը պատասխանում է. «Գիտեք ինչ, կասեի՝ դժվար է վերահսկողությունը ավագանու կողմից, որ վերահսկվի բյուջեի ծախսային մասը: Հնարավոր է, որ ինչ- որ հարգելի պատճառներով ժամանակացույցի մեջ ասենք չտեղավորեն կատարվող աշխատանքները, հաջորդ փուլում, այսինքն` տարվա ընթացքում հասցնեն կատարեն: Բայց երբ տարեկան հաշվետվությունը ներկայացվում է, արդեն ամեն ինչ պարզ է դառնում: Նաեւ փոփոխություններ են լինում տարվա ընթացքում, մի ոլորտից տանում են մյուս ոլորտ՝ աշխատանքներ կատարելու համար. աղբի արկղեր պետք է սարքեին անցած տարի, չեն սարքվել, դրա գումարը գնացել է ասֆալտապատման աշխատանքների համար»:

Ավագանու անդամն անդրադառնում է նաեւ լրագրողների կողմից ավագանու նիստերի լուսաբանմանը, նկատում, որ կողմնակալ են ներկայացվում հատկապես քվեարկությունները: «Հաշվետվության հաստատմանը ներկա էին 19 անդամներից 15-ը, հաշվետվությանը կողմ են քվեարկել 9-ը, ձեռնպահ՝ 5-ը, եւ դեմ՝ 1-ը: Բայց մի լրատվամիջոց ներկայացնում էր, որ ավագանին միաձայն քվեարկեց, մյուսը՝ որ 11 կողմ, 2 ձեռնպահ, 1 դեմ, երրորդը՝ 10 կողմ. տարբեր թվեր են ներկայացնում: Լրատվամիջոց էլ կա, որ ընդհանրապես չանդրադարձավ՝ ներկա գտնվելով նիստին: Եվ ոչ միայն դա, նիստի ծավալը ավելի մեծացնեն, ավելի մատչելի հանրությանը ներկայացնեն եւ մի փոքր ավելի օբյեկտիվ, ավագանու նիստերն ավելի շատ ուշադրության կենտրոնում պահեն: Շատ քննարկումներ են լինում, որ հանրությունը տեղյակ չի լինում, մոնտաժումը կիսատ է ներկայացնում: Իսկ հանրությունը իսկապես դրա կարիքը ունի»:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031