Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՈՎԸ ԾՆԿՆԵՐԻՑՍ

Հունիս 20,2014 10:23

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ չորրորդ

ԾՈՎԸ ԾՆԿՆԵՐԻՑՍ

Չնայած էդ տարիները պատմաբաններն ու բոլորն անվանեցին լճացման ժամանակաշրջան, էդ տարիները միանշանակ լավագույն սովետական տարիներն էին, որովհետեւ լճացմանը նախորդել էին շատ ավելի անհաջող ու շատ ավելի ծանր տարիներ՝ հեղափոխությունից ու քաղաքացիական պատերազմից սկսած եւ երեսնականների դժոխքով ու հայրենական պատերազմով վերջացրած, եւ անձամբ ինձ համար էլ էին լճացման էդ տարիները բացառիկ բախտ՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ տարիները մեկին մեկ համընկան իմ պատանեկության ու երիտասարդության տարիներին, այլեւ էն պատճառով, որ ես էդ տարիներին ապրեցի սովետական երիտլրագրողի ու երիտբանաստեղծի միանգամայն լիարժեք ու միանգամայն բովանդակալից կյանք՝ «Ծիծեռնակից» սկսած եւ Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտով ու Յուրմալայով վերջացրած, եւ Յուրմալա ասածս Յուրմալայում գտնվող գրողական ստեղծագործական տունն էր, ուր անցյալ դարի ութսունյոթի օգոստոսի երկրորդ կեսն ու սեպտեմբերի առաջին օրերը կնոջս հետ մեր ամուսնական մեղրամիսն անցկացրինք, ավելի ստույգ՝ մենք մեր ամուսնական մեղրամիսն անցկացրինք Երեւանում, որովհետեւ մենք հուլիսի վերջին ամուսնանալով՝ շուրջ կես ամիս մեղրամիսի մեջ էինք, եւ երբ մեր ամուսնությունից մի շաբաթ անց մեր գրական ֆոնդի նախագահ Ժորա Հարությունյանն ինձ զանգեց ու ասաց, որ օգոստոսի տասնհինգից Յուրմալայի ստեղծագործական տանը մեզ համար տեղ է ազատվում, ես ու կինս արդեն լիարժեք ամուսիններ էինք, եւ Հարությունյան Ժորայի էդ ավետիսից շատ ուրախացանք, եւ օգոստոսի տասնհինգին արդեն Յուրամալայում էինք, եւ տասնհինգին Յուրմալա հասնելով ու մեր մեղրամիսը բարեհաջող շարունակելով՝ քսանչորս օր մնացինք Յուրմալայում, եւ չնայած Յուրմալայի էդ ստեղծագործական տունը ծովափին կպած էր, մենք ոչ մի անգամ ծովում չլողացանք՝ ոչ միայն էն պատճառով, որ անձրեւոտ օրեր էին, այլեւ էն պատճառով, որ Բալթիկ ծովի էդ հատվածը լողալու համար շատ անհարմար էր, որովհետեւ էդ հատվածում հարյուրավոր մետրեր ծովը ծնկներիցդ էր, եւ չնայած մանավանդ էդ տարիներին լողալու համար խելքս իմը չէր, ես ընդամենը մի անգամ էդ ջուրը մտա եւ երկրորդ անգամ չփորձեցի, որովհետեւ ինքներդ էլ եք երեւի հասկանում, որ ընդամենը կես մետր խորություն ունեցող ջրի մեջ նորմալ մարդը, եթե նույնիսկ վատ լողորդ է, առանձնապես անելիք չունի, եւ չնայած հոգուս խորքում փոշմանել էի, որ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տանը մեր մեղրամիսը չշարունակեցինք, այդուհանդերձ, անձրեւից ազատ ժամերին թռչում դուրս ու վայելում էինք Յուրմալա պստիկ ու սիրունիկ քաղաքի տեսարաններն ու օդը, եւ Յուրմալա պստիկ քաղաքում գրեթե ամեն Աստծո օր հանդիպում էինք ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանին, որն ինձ չափազանց սիրալիր էր բարեւում, որովհետեւ ինքն արդեն ձայնասկավառակի վրա ձայնագրել էր Շառոյան Ռոլանդի «Իշուկ գորշուկի արկածները» ու էդ առթիվ մի քանի անգամ այցելել էր «Ծիծեռնակի» խմբագրություն, եւ էդ մի քանի անգամն էլ «Ծիծեռնակի» բուֆետում հետը սուրճ էինք խմել, եւ երբ Յուրմալայի անձրեւը մի պահ կտրվում էր, եւ կնոջս հետ անմիջապես դուրս էինք թռչում քաղաք, եւ մշտապես նույն մայթին հանդիպում էինք Քոթանջյանին, եւ վերջինս մշտապես մեզ սիրալիր բարեւում էր, էդ հանգամանքը հատկապես ինձ համար էր հաճելի, որովհետեւ ես նորապսակ էի եւ կնոջս ներկայությամբ ինձ շատ լավ էի զգում, որ հանրահայտ դերասանն ինձ հիշում ու բարեւում է, եւ հաստատ կինս էլ էր իրեն լավ զգում, որ ճանաչված դերասանն իր ամուսնուն ճանաչում ու բարեւում է, մանավանդ որ՝ էդ պահի դրությամբ կինս առանձնապես պատկերացում չուներ, որ իր ամուսինն էլ իբրեւ բանաստեղծ է որոշակիորեն ճանաչված , եւ չնայած Սեւակ ու Շիրազ չէի, էդ պահի դրությամբ արդեն Մոսկվայում հրատարակած ռուսերեն գիրք ունեի, ինչպես նաեւ՝ կոմսոմոլի մրցանակ, եւ ահա՝ Յուրմալայում կինս իր անտեղյակության ու մեղրամիսային տրամադրության մեջ շողշողալով՝ իրեն լավ էր զգում, երբ Յուրմալայի կենտրոնական ու միակ փողոցի աջ մայթին հանրահայտ ու ճանաչված մեր հայրենակից արտիստն իր ամուսնուն ջերմորեն բարեւում էր, եւ Յուրմալայում Աստծո ամեն օր մեր մեկ այլ հայրենակից էլ էր մեզ ջերմորեն բարեւում. էդ մեկ այլ հայրենակիցը տիկին Մարոն էր՝ յոթանասունն անց, բացառիկ բարի ժպիտով մի տիկին, որ ստեղծագործական տան ճաշարանում մեր սեղանակիցն էր, ավելի ճիշտ՝ մենք էինք իրենց սեղանակիցը, որովհետեւ իրենք մեզանից երկու օր շուտ էին Յուրմալայի էդ ստեղծագործական տանը հայտնվել, եւ չեմ ասում, որ տիկին Մարոյի դուստրն էլ էր մեր սեղանակիցը, որովհետեւ դուստրը մշտապես ուշացած էր նախաճաշին, ճաշին ու ընթրիքին ներկայանում. այնքան ուշացած, որ երբ ինքը ձիգ-ձիգ ու դիք-դիք հայտնվում էր, մենք արդեն կերած պրծած ու վեր կենալիս էինք լինում, եւ իր դիք-դիք ու խրոխտ քայլվածքից ենթադրվում էր, որ ինքը կամ բալետի պարուհի էր եղել, կամ էլ, վատագույն դեպքում, մարմնամարզուհի, եւ չնայած քառասունն անց կլիներ, իրեն մշտապես մարզավիճակում էր պահում. մի խոսքով, ճիշտ իր մոր հակապատկերն էր՝ բավական հղկված արտաքինով ու պահվածքով, բայցեւ՝ բավական խիստ ու պաշտոնական կեցվածքով, եւ նախաճաշին, ճաշին ու ընթրիքին մշտապես ուշացումով ներկայանալով՝ մեզ շատ թեթեւակի ու դժվարությամբ էր բարեւում, ու երեւի մեզ էդ շնորհն էլ չաներ, եթե իր ու մանավանդ իր մոր սեղանակիցներն ու հայրենակիցները չլինեինք, եւ չնայած իրեն մեզանից հնարավորինս հեռու էր պահում, եւ չնայած իր հետ էդպես էլ պաշտոնապես չծանոթացանք, մոր՝ տիկին Մարոյի շնորհիվ դստեր անունը գիտեինք՝ Ժաննա, որովհետեւ ամեն անգամ, երբ օրիորդ կամ տիկին դուստրն ուշացած ներկայանում էր նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին, տիկին Մարոն հանդիմանանքով դստերն ասում էր՝ «այ Ժաննա, մի օր կլինի՞, որ դու ճիշտ ժամանակին ճաշարան իջնես», եւ ամեն անգամ օրիորդ թե տիկին Ժաննան կիսաժպիտով ասում էր՝ «լավ էլի, մամ» եւ մեկից լրջանալով՝ նայում մեզ ու չափազանց լուրջ տոնով ասում էր՝ «բարի ախորժակ», եւ մենք, չնայած արդեն կերած պրծած էինք լինում, գոհունակությամբ ժպտալով՝ օրիորդ թե տիկին Ժաննային ասում էինք՝ «շնորհակալություն»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել