Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատի գյուղերի զինվորների ընտանիքները ստացան աջակցությունը

Հուլիս 04,2014 13:06

Հուլիսի-3-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց Արարատի մարզի Ոստան համայնքի զոհված զինվորի՝ Գևորգյան Սարգսի ընտանիք: Սրբազան հորն ուղեկցում էր համայնքի հոգևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը: Սրբազան հայրը Սարգսի ծնողներին մխիթարական խոսքեր ասաց ու հուսադրեց, որ թեմի երիտասարդների օգնությունը սոցիալական ծանր պայմաններում ապրող այս ընտանիքին կլինի շարունակական:

Այնուհետև Սրբազան հայրը այցելեց Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցի, որտեղ հավաքվել էին Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի շահառու 18 ընտանիքների անդամներ: Սրբազան հոր գխավորությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի, Տ. Մխիթար քահան Ալոյանի, Տ. Դավիթ քահանա Կյուրեղյանի, Տ. Եփրեմ քահանա Հարությունյանի, Տ. Երվանդ քահանա Բաբայանի, Տ. Դերենիկ քահանա Միքայելյանի և Հովհաննես սարկավագ Ներսեսյանի մասնակցությամբ հոգեհանգստյան կարգ կատարվեց զոհված զինվորների հիշատակին, ապա բժշկության ավետարան ու պահպանիչ աղոթք ընթերցվեց հաշմանդամների և այս պահին ծառայող զինվորների համար:

Դիմելով զինվորների ծնողներին՝ Սրբազան հայրը մասնավորաբար ասաց. «Վեհափառ Հայրապետի օրհնությունը թող լինի ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ: Այս սուրբ կամարների տակ մենք աստվածահաճո առաքելությամբ մեր խոնարհ պարտականությունը կատարեցինք: Փառք Տիրոջը: Թող աչքի լույսի պես պահի մեր բոլոր զինվորներին, որ իրենց սուրբ պարտականությունը կատարելուց հետո վերադառնան իրենց օջախների քաղցր գիրկը: Իսկ ովքեր նահատակվել են մեր սահմանները պահելու ընթացքում մեր Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում, նրանց հիշատակը մշտանորոգ թող մնա մեր սրտերում: Եվս մեկ անգամ «Հայր մերն» ասենք, որպեսզի Տերը մեր հոգու խորքից բարձրացող աղոթքներով զորացնի մեր երկիրը, պահապան լինի և խաղաղություն պարգևի մեզ: Թող Աստված մեզ բոլորիս ուժ ու եռանդ տա, որ յուրաքանչյուրիս կարողությունների չափով իր նպաստը բերի մեր հայրենիքին»:

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով գումարներն արդեն բաշխվել են Արաբկիր, Նոր Նորք, Շենգավիթ, Դավթաշեն համայնքներում:

Հուլիսի 2-ին Ավան համայնքի հոգևոր հովիվ Տ. Հարություն քահանա Ավագյանն ու «Ծիրանավոր» երիտասարդաց միության անդամներն այցելել են Արմեն Հովհաննիսյանի և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող Սարգսյան Տիգրանի ընտանիքին: Այնուհետև Ավանի Ս. Աստվածածին մատուռում էին հավաքվել երկու զինծառայող ունեցող ընտանիքները, որոնք մասնակցել են ժամերգությանը, և տեր հոր ձեռամբ նրանց տրվել է աջակցությունը:

«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի գումարների բաշխման փուլը սկսվել է հունիսի 28-ին: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ԱՀԹ երիտասարդական միությունների կազմակերպած բարեգործական ճաշկերույթի ժամանակ հանգանակված 50 միլիոն դրամը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ամբողջությամբ բաշխվելու է 2004-2014 թթ. Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու այս պահին ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայողների ընտանիքներին:
Օգնությունը տրամադրվում է ՀՀ Պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով: Ծրագիրը կամփոփվի ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում հուլիսի 15-ին՝ ժամը 12.00:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031