Լրահոս
Օրվա լրահոսը

Պահնորդական ոլորտն է՞լ են մենաշնորհելու

Հուլիս 07,2014 14:50

Այս տարվա հուլիսի 1-ից պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպությունները պետք է լիցենզավորվեն՝ համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի: Եվ չնայած նրան, որ մեր երկրում մոտ 10 հազար պահնորդ կա, նրանցից այս պահի դրությամբ 430-ն է որակավորման ստուգում անցել, իսկ առանց այդ որակավորման ստուգում անցած պահնորդի՝ կազմակերպությունը չի կարող լիցենզավորվել: Ոլորտի մասնագետների հաշվարկներով` 430 պահնորդներով ծառայություն կարող է մատուցել ընդամենը 1-2 կազմակերպություն, մինչդեռ այսօր դաշտում պահնորդական գործունեություն է ծավալում 20-22 կազմակերպություն:
Նշենք, որ այս օրենքը սահմանում է մասնավոր պահնորդական գործունեության իրավական հիմքերը: Այսինքն՝ այսուհետ գործատուն ոչ թե ինքն է որոշելու, որ հաղթանդամ տեսքով, սափրած գլխով կամ մարդ ծեծելու «շնորհով օժտված» մեկը պետք է լինի իր թիկնապահը կամ օբյեկտի անվտանգության աշխատակիցը, այլ օրենքը պարտադրում է, որ նրանց թիկնապահի կամ պահնորդի ծառայություններ մատուցվեն միմիայն մասնավոր լիցենզավորված կազմակերպությունների միջոցով, որոնք կառաջարկեն հատուկ պատրաստություն անցած անձանց: Առաջին հայացքից նման օրենք ունենալը ողջունելի է, սակայն, ինչպես այս ոլորտի մասնագետներն են նկատում, «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքն իր հետեւից մի շարք խնդիրներ է առաջ բերել, որոնց մասին, սակայն, պաշտոնական մարմինները լռում են:

Պահնորդական կազմակերպությունների կողմից ներկայացված մտահոգությունների արդյունքում կառավարությունը մի քանի անգամ հետաձգել է լիցենզավորման գործընթացը՝ նպատակ ունենալով հստակեցնել եւ օրենքում շտկումներ անել, սակայն այսօր կրկին պահնորդական ընկերությունները կանգնել են փաստի առաջ: Ոլորտի մասնագետների տպավորությամբ` ամեն ինչ արվում է, որպեսզի ոլորտը տարվի մենաշնորhացման: Հակառակ դեպքում ոստիկանությունը, որը լիցենզավորող մարմինն է, չէր երկարաձգի որակավորման ստուգումները:

«Առավոտի» հետ զրույցում «Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող եւ պահնորդներ (թիկնապահներ) ուսուցանող կազմակերպությունների» միության նախագահ Հովհաննես Պետրոսյանն ասաց, որ ոստիկանությունը ամսական մեկ անգամ 50 մարդու հաշվով է այդ ստուգումն իրականացնում, ինչի պատճառով էլ գործընթացն այդքան դանդաղում է: Պարոն Պետրոսյանի տվյալներով՝ այս պահի դրությամբ 800 պահնորդ գրանցված է՝ որակավորման ստուգում անցնելու, եւ եթե այդ տեմպերով գնա, ապա որակավորում անցած, բայց չստուգված պահնորդները տարիներով պետք է սպասեն: Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ 4 հազար պահնորդ որակավորում անցել է, բայց առանց ստուգման փաստաթղթի չի կարող աշխատել, հետեւաբար կազմակերպությունն էլ չի կարող լիցենզիա ստանալ առանց որակավորման ստուգում անցած պահնորդների:
«Աբսուրդային վիճակ է ստացվում, այսինքն՝ այն անձանցով, որոնցով պետք է կազմակերպությունները լիցենզավորվեն, ապահովված չեն: Ենթադրվում է, որ դա միտումնավոր է կատարվել, որ այդ կազմակերպությունները չլիցենզավորվեն եւ շուկայից դուրս մղվեն՝ լիցենզիա չունենալու պատճառով»,- ասաց Հ. Պետրոսյանը:
Նշենք, որ Վարչական իրավախախտումների մասին օրենքի պահանջով չլիցենզավորված պահնորդական կազմակերպությունները կենթարկվեն տույժերի՝ աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, եթե անօրինական պահնորդական ծառայություն մատուցեն: Վարչական տույժի կենթարկվեն նաեւ այն ընկերությունները, որոնք օգտվում են չլիցենզավորված կազմակերպության ծառայություններից:

«Օրենքն անկատար է, այս օրենքով մենք չենք կարող գործել, օրենքում մի շարք հակասություններ կան»,- նկատում է պարոն Պետրոսյանը: Ըստ նրա՝ այս տարվա մարտի 1-ին ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպում են ունեցել եւ ներկայացրել բոլոր իրենց հուզող հարցերը, առաջարկել են օրենքում փոփոխություններ կատարել.
«Պայմանավորվեցինք ժամկետները մինչեւ այս տարվա հոկտեմբեր կամ նոյեմբեր երկարաձգել՝ համապատասխան նախագծերը ներկայացնելու համար, այդ մասին ոստիկանապետը հրահանգներ տվեց փոխոստիկանապետ Արթուր Օսիպյանին: Մենք էլ՝ մտածելով, որ կա համաձայնություն, որ ժամկետը երկարաձգվելու է, սկսեցինք զբաղվել կրթական չափորոշիչների նախագծերի մշակմամբ, հրավիրեցինք մասնագետների եւ արդեն նախապատրաստվեցինք պահնորդների որակավորման՝ ըստ կարգերի կրթական չափորոշիչների: Սակայն մինչեւ մենք կմշակեինք, ոստիկանության իրավաբանական վարչությունից գրություն ստացանք, որ հուլիսի 1-ից լիցենզավորման կարգն ուժի մեջ է մտնում: Փաստորեն մեզ փաստի առաջ կանգնեցրին: Հունիսի 18-ին կրկին գրությամբ դիմեցինք ոստիկանապետին՝ նրա դիրքորոշումն իմանալու խախտված պայմանավորվածության վերաբերյալ, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չենք ստացել»:
Պարոն Պետրոսյանին ոստիկանությունից բանավոր հայտնել են, որ ճիշտ է՝ գործընթացն ուժի մեջ է մտնելու, բայց ոստիկանությունը ոչ մի խնդիր չի առաջացնի, եւ որ որակավորման ստուգումները, որոնց համար պահնորդները հերթագրված են, արագ տեմպերով կիրականացնի, եւ կազմակերպությունները հաջորդաբար կլիցենզավորվեն: Սակայն ոստիկանության պաշտոնյան տեղեկացրել է, որ ոլորտում մնալու են պահնորդական ծառայություն մատուցող 3-5 կազմակերպություն:

«Իսկ ի՞նչ է լինելու մնացածի հետ, մնացած կազմակերպությունները պետք է լուծարվե՞ն»,- ոստիկանությանը հարց է ուղղում միության նախագահը: Նրան հետաքրքրում է նաեւ, թե ինչու է ոստիկանությունն այդ գործընթացը շատ արագ ուժի մեջ մտցնում՝ այն դեպքում, երբ օրենքն այդքան բացեր ունի: Մի ուշագրավ հանգամանք եւս. կառավարությունը վերջերս 103 Ն որոշմամբ փոփոխություն էր կատարել 11-52 Ն որոշման մեջ, որով մինչ այս սահմանված էր լիցենզավորման կարգը: Նոր կարգով նշվում է, որ պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպությունը կարող է լիցենզիա ստանալ առանց որակավորման ստուգում անցած պահնորդներով, սակայն ոստիկանությունը պնդում է, որ որակավորման ստուգում անցած լինելը լիցենզավորվելու համար անհրաժեշտ պայման է:
Նշենք, որ օրենքի թերություններից մեկն էլ այն է, որ կազմակերպությունն իր հաշվին պետք է թիկնապահի կամ պահնորդի կյանքն ու առողջությունը ապահովագրի: Սակայն նկատենք, որ մեր երկրում գործող եւ ոչ մի ապահովագրական ընկերություն այսօր մարդու կյանք չի ապահովագրում, ուստի անհասկանալի է, թե առանց պահնորդի կյանքի ապահովագրության փաստաթղթի ինչպե՞ս է ոստիկանությունը լիցենզիա տրամադրելու այս կամ այն կազմակերպությանը:

Այս հարցերի պատասխանները ստանալու համար միության նախագահը դիմել է ՀՀ վարչապետին:

Պարոն Պետրոսյանի համոզմամբ՝ շուտով սոցիալական լուրջ խնդիր է առաջանալու, եւ մեր հանրապետությունում գործազուրկների հսկայական բանակ ենք ունենալու, քանի որ այս օրենքը վերաբերելու է նաեւ այս կամ այն հիմնարկում ամենասովորական պահակ աշխատող անձանց եւս:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031